Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԵԳՐԱՆԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Սեպտեմբեր 04,2009 00:00

3 «Օսկար», 5 «Գրեմմի», 3 «Սեզար», 12 «Ոսկե գլոբուս», ավելի քան 100 ալբոմ եւ երաժշտություն 200-ից ավելի ֆիլմերի համար: Սրանք կոմպոզիտոր, դաշնակահար ու գործիքավորող Միշել Լեգրանի ստեղծագործական գործունեության նյութական արդյունքներն են: Համաշխարհային մեծ հեղինակություն վայելող երաժիշտն առաջին անգամ լիարժեք մենահամերգ կունենա Երեւանում: Սեպտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում Միշել Լեգրանի հետ հանդես կգան նրա քույրը՝ երգչուհի Քրիստիան Լեգրանը, եւ կինը՝ տավղահար Քաթրին Միշելը: Կնվագակցի ՀՀ պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եի դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե ինչով է պայմանավորված այս նվագախմբի ընտրությունը, համերգի կազմակերպիչներից Լեւոն Մալխասյանը արձագանքեց, թե այս օրերին սա միակ համեմատաբար ազատ նվագախումբն է, քանի որ սեպտեմբերին Արամ Ղարաբեկյանը զբաղված է Բաց երաժշտություն փառատոնով, Էդուարդ Թոփչյանը Երեւանյան 3-րդ երաժշտական փառատոնն է իրականացնում: Համերգի ծրագրում Լեգրանի ստեղծագործություններն են՝ գրված մի շարք հայտնի ֆիլմերի համար՝ այդ թվում Ժակ Դեմիի «Շերբուրգյան հովանոցների» երաժշտությունը, որն 1-ին «Օսկարը» բերեց նրան: Երեւանից նա կմեկնի Մոսկվա, որտեղ կկայանա նրա համերգը սեպտեմբերի 18-ին, իսկ ամսվա վերջին կմեկնի Կրասնոդար, որտեղ միեւնույն բեմում ելույթ կունենա Կրասնոդարի մեծ նվագախմբի հետ՝ Գեորգի Գարանյանի գլխավորությամբ: Միշել Լեգրանն իր հայկական ծագման համար պարտական է մորը՝ դաշնակահուրի Հայկանուշ-Մարսել Տեր-Միքայելյանին: Նրա հայրը ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր Ռայմոնդ Լեգրանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել