Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՎՍ ՄԻ «ՕՐՐԱՆ»

Սեպտեմբեր 04,2009 00:00

Օրերս Բաց հասարակության ինստիտուտը եւ «Օրրան» բարեգործական հ/կ-ն կնքեցին համաձայնագիր՝ Վանաձոր քաղաքում մուրացիկ եւ կարիքավոր 50 երեխայի համար ցերեկային խնամքի կենտրոն ստեղծելու վերաբերյալ: «Օրրանի» այս մասնաճյուղը երեխաներին կտրամադրի ամենօրյա տաք կերակուր, կրթական օժանդակություն, բժշկական, ատամնաբուժական, հոգեբանական ծառայություններ: Նախատեսված են նաեւ մշակութային միջոցառումներ եւ մասնագիտական ուսուցում: Համաձայնագիրը կնքվել է մեկ տարի ժամկետով: Ըստ համաձայնագրի՝ ֆինանսական ներդրումների 75%-ը կտրամադրվի Բաց հասարակության ինստիտուտի, իսկ 25%-ը՝ «Օրրանի» կողմից՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության օժանդակության միջոցով: Վանաձորի կենտրոնը կընդօրինակի Երեւանի «Օրրանի» մոդելը, որը գործում է 2000թ.-ից եւ հիմնադրման օրվանից օգնել է հազարավոր երեխաների եւ հարյուրավոր ընտանիքների: «Մենք չենք հանդուրժում երեխաների շահագործումը, թույլ չենք տա, որ մեր երեխաները հաց մուրան փողոցներում կամ անտարբերությամբ մի կողմ կանգնած նայենք, թե ինչպես են նրանք մեծանում անառողջ, առանց կրթության եւ ապրուստի տարրական միջոցների: Մեր առաքելությունը հստակ է՝ ապահովել ՀՀ կարիքավոր երեխաներին ապաստանով, կրթությամբ եւ նրանց հնարավորություն ընձեռել աշխարհին իրենց յուրահատուկ տաղանդը եւ ընդունակությունները ցուցադրելու եւ ապրելու արժանավայել կյանքով»,- նշեց «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը: Վանաձորի «Օրրանը» կբացվի այս ամսվա վերջին: Առայժմ այն կգործի վարձակալած տարածքում՝ մինչեւ շենքի շինարարության ավարտը, որը ֆինանսավորվում է բարերարներ Աննա եւ Գրիգոր Գրիգորյանների կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել