Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եռամիասնություն՝ սերունդների հաջորդականությամբ

Սեպտեմբեր 04,2009 00:00

Այսպես կարելի է բնութագրել երեկ կայացած համերգը

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում բացառիկ երեկոյին իրենց մասնակցությունն էին բերել շուրջ 60 տարի աշխարհի լավագույն համերգասրահների սպասված հյուր, կյանքի ութերորդ տասնամյակը հատած դաշնակահարուհի, Ռուսական երաժշտական ակադեմիայի եւ Պրահայի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր Մարիա Ղամբարյանը, Լոնդոնի հռչակավոր Purcell School-ի 15-ամյա ուսանողուհի, դաշնակահարուհի Քրիստինա Առաքելյանը, նախագծի ակունքների մոտ էլ կանգնած է նշանավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռը՝ լոնդոնաբնակ Գագիկ Թամանյանը:

Դաշնակահարուհիների մեկնաբանմամբ համերգում հնչեցին Շոպենի, Սկրյաբինի, Դեբյուսիի, Միրզոյանի, Կոմիտասի եւ այլոց երկերը: Համերգի նախօրեին «Առավոտը» հանդիպեց հայրենիք ժամանած արվեստագետներին:

Մարիա Ղամբարյանին առանձնահատուկ ներկայացնելու հարկ չկա. նրա արվեստին սիրով են սպասում Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում: Մեզ մոտ նրա վերջին համերգը կայացել է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Շուրջ 50 տարի դասավանդում է Գնեսինների կրթօջախում: Իր համերգային գործունեության ընթացքում դաշնակահարուհին մեծ տեղ է հատկացրել նաեւ հայ կոմպոզիտորների գործերին, դրանք վարպետորեն համադրելով եվրոպական դասական երաժշտության հետ: Մ. Ղամբարյանը ուսանել է մեծանուն Կ. Իգումնովի եւ Հ. Նեյհաուզի դասարաններում: Անվանի դաշնակահարուհու հետ զրույցի ընթացքում բացահայտեցինք, որ ճանաչված արվեստագետը տասնամյակներ շարունակ եղել է «նեվիեզդնոյ» եւ արտերկիր առաջին անգամ մեկնել է գորբաչովյան «պերեստրոյկայից» հետո, ընդ որում՝ ոչ միայն հյուրախաղերի, այլեւ՝ վարպետության դասեր անցկացնելու: Այս առիթով մեր զրուցակիցն ասաց, որ այդպես էլ պետք է լիներ, քանի որ ինքը «ժողովրդի թշնամու» զավակ է եղել:

Քանի որ այս համերգը մասնագիտությամբ մաթեմատիկոս Գ. Թամանյանի՝ իր կողմից Լոնդոնում հիմնած Cultural Perspectives պրոդյուսերական կենտրոնի առաջին աշխատանքն էր, խնդրեցինք, որ նախ ներկայացնի իրեն: «Դասավանդել եմ Երեւանի պետական համալսարանում, 1995թ. մեկնել եմ Ավստրալիա, որտեղ գաղութի կյանքում առաջին անգամ ստեղծել եմ «Զվարթնոց» երգչախումբը եւ տասը տարի այն ղեկավարելուց հետո, 2006-ին տեղափոխվել Լոնդոն, ուր եւ հիմնել եմ պրոդյուսերական կենտրոն»,- այսպես հակիրճ ներկայացրեց իրեն պարոն Թամանյանը: Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ համալսարանի նախկին դոցենտը, ի վերջո՝ մեծանուն ճարտարապետի թոռը, ստիպված էր հեռանալ հայրենիքից: Մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր՝ «պատճառը ֆինանսն էր»: Լոնդոնյան իր գործունեության մասին նա պատմեց հետեւյալը. «Հանդիսանում եմ Լոնդոնի «Սուրբ Սարգիս» եկեղեցու երգչախմբի դպրաց դասի ղեկավար եւ ուրախ եմ, որ յուրաքանչյուր կիրակի ղեկավարում եմ սուրբ պատարագը»: Իսկ թե ինչպե՞ս մաթեմատիկոսը դարձավ խմբավար, Գ. Թամանյանն ասաց. «13 տարի երգել եմ մեծանուն Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած կապելլայում եւ նրանից դիրիժորության հեռակա դասեր առել»: Խնդրեցինք ներկայացնել երիտասարդ դաշնակահարուհի Ք. Առաքելյանին: «Այս աղջնակը տաղանդավոր է: Նա որպես կոմպոզիտոր եւ դաշնակահարուհի ուսանում է Լոնդոնի առաջնակարգ կրթօջախում՝ այն բանից հետո, երբ 2005թ. մասնակցեց երիտասարդ դաշնակահարների լոնդոնյան փառատոնին՝ շահելով առաջին մրցանակ եւ Purcell School-ը անվճար սովորելու հնարավորություն տվեց, այն դեպքում, երբ ուսման վարձը տարեկան $40 000 է: Վերջերս էլ նա արժանացել է տարվա լավագույն կոմպոզիցիայի համար Թիմ Սթիվենսոնի հեղինակավոր մրցանակին՝ դառնալով ամենաերիտասարդ մրցանակակիրը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել