Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԲԱՑ ՍՐՏԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ»

Սեպտեմբեր 04,2009 00:00

«Բաց երաժշտություն» փառատոնի կազմակերպիչ, դիրիժոր Արամ Ղարաբեկյանը գոհ է արդյունքներից

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը «Բաց երաժշտություն» փառատոնի շրջանակներում, հուլիսի 30-ից սկսած, գրեթե ամեն օր հյուրընկալել է տարբեր ոճի երաժշտության սիրահարների: Փառատոնը կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը: Գալահամերգը կփակեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը (ՀՊԿՆ, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Արամ Ղարաբեկյան), իտալացիներ՝ մեցցո-սոպրանո Աննա Մարիա Քյուրին եւ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին: «Բաց երաժշտություն» փառատոնի ծրագիրը ժանրերի բազմազանություն է խոստանում՝ դասական, ազգագրական, ջազ եւ այլն:

Փառատոնի նախաձեռնող, դիրիժոր Արամ Ղարաբեկյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ իմաստ ունե՞ր տարբեր ժանրեր իրար խառնել: Մաեստրոն պատասխանեց, որ դրանցից ոչ մեկը խորթ չէ հայաստանյան իրականությանը, եւ յուրաքանչյուրն իր «մասով» ավանդույթներ ունի: Նրա հավաստմամբ՝ առաջին անգամ անցկացվող այս փառատոնը ավանդական է լինելու:

«Բաց երաժշտություն» փառատոնի գաղափարը հետաքրքիր է նրանով, որ երբեք բացօթյա, այն էլ՝ ամառային փառատոն չենք ունեցել: Քանի որ «Մոսկվա» կինոթատրոնի հրաշալի ամառային դահլիճը մոռացված էր, որոշեցինք հենց այդտեղ էլ անցկացնել փառատոնը: Այդ դահլիճը հենց մայրաքաղաքի սրտում է եւ հիանալի վայր է նման գաղափարներ իրագործելու համար: «Բաց երաժշտությունը» խորհրդանշական իմաստներ ունի. փառատոն է՝ բաց երկնքի տակ, ենթադրում է բաց մտածողություն, բաց սրտեր, անմիջականություն ունկնդրի հետ եւ, ամենակարեւորը՝ բաց է ժանրային իմաստով: Բոլոր ժանրերը մեկ փառատոնում ներկայացնելը արդարացված է: Դեռ ԽՍՀՄ-ի ժամանակներից Հայաստանը համարվել է ջազի կենտրոն, այնպես որ, ջազը մեր իրականության լուրջ մասն է կազմում: Ժողովրդական երաժշտությունը բնականաբար մեր արյան ու մեր կոդերի մեջ է, նույնը վերաբերում է ազգագրականին եւ այսպես շարունակ: Ուրեմն ինչո՞ւ բոլոր ժանրերը, որոնցից ամեն մեկը յուրովի դասական է, չմիավորել ու մեկ ֆորումից չհնչեցնել: Փառատոնի նպատակներից մեկն այն է, որ բազմաժանր երաժիշտների մեջ ստեղծվի համագործակցություն, մանավանդ՝ այդպիսի կապ երբեւէ գոյություն չի ունեցել: Երաժիշտները միմյանց ճանաչել են, բարեւել են, բայց առիթ չեն ունեցել միմյանց հետ համագործակցել, մեկ հարկի տակ լինել, մեկ հանդերձարանում միասին հագնվել… Արդեն հինգ շաբաթ է՝ փառատոնը գնում է, եւ արդեն ծնվել են բազմաթիվ նախագծեր՝ ազգագրական երաժիշտը դասականի հետ, դասականը՝ ջազի հետ, ջազը՝ ֆոլքի… Այսպես ծնվում են նաեւ նոր ստեղծագործությունները»,- ասաց մեր զրուցակիցը: Նա հավելեց, որ իրենց փառատոնը ունկնդիր կրթելու հավակնություն չունի, որովհետեւ, այսպես թե այնպես, ամեն ժանր արդեն ունի իր ունկնդիրը:

«Առավոտը» հետաքրքրվեց՝ երեւանյան գերծանրաբեռնված կենտրոնի մեքենաների աղմուկը չի՞ խանգարել բացօթյա փառատոնին: «Իսկապես՝ կենտրոնն աղմկոտ է, բայց մենք ունենք ձայնասփռման հրաշալի սարքավորումներ, որոնք հիմնականում կոմպենսացնում են աղմուկը, չնայած դահլիճի որոշ մասերում շփումն ավելի շատ փողոցի ձայնի հետ էր»,- պատասխանեց պարոն Ղարաբեկյանը: Նա հիշեց հատկապես դասական երաժշտության համերգները, որոնք անգամ երեխաներն են հաճույքով ունկնդրել. «Վերջերս Բախի երաժշտության համերգ անցկացրինք, դուք միայն տեսնեիք լռությունը եւ կենտրոնացումը, որ այդ օրը ուներ հանդիսատեսը: Ծնողների հետ եկած երեխաներն էլ էին կլանված լսում: Կարծում եմ, որ նրանք փոքր տարիքից պիտի շփվեն դասական երաժշտության հետ»:

ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավարն ասաց, որ Կամերայինը օգոստոսի 2-ին պրեմիերա է ունեցել եւ կատարել իտալացի կոմպոզիտոր Ռոբերտո Մոլինելլիի ստեղծագործությունը, հեղինակն էլ ներկա է եղել դահլիճում:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Կամերայինի հյուրախաղերի մի մասը համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով սառեցվել է, սակայն կան ծրագրեր՝ 2010-ի հետ կապված, որոնք ծնվել են «Բաց երաժշտություն» փառատոնից:

Փառատոնը հետաքրքիր է նաեւ նրանով, որ յուրաքանչյուր հյուր վարպետաց դասեր է անցկացնում կոլեգաների, կոնսերվատորիայի ուսանողների կամ երաժշտական որեւէ գործիքով հետաքրքրվողների հետ: Պարոն Ղարաբեկյանը առանձնացրեց հատկապես գերմանացի ինժեներ, հնչյունային ռեժիսոր Գիդո Քախերին եւ ռուսաստանցի մեր հայրենակից, պրոդյուսեր, Պետերբուրգի պալատների միջազգային փառատոնի կազմակերպիչ Նաիրա Ալեքսանյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել