Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին միայն օրերս է խոստովանել, որ ինքն է հրահանգել ոչնչացնել Ապրասիձեի հանցավոր կլանը, որը 1970-ական թվականներից փաստացի վերահսկել է Լեռնային Սվանեթիայի տարածքը: «Ես այսօր խոստովանում եմ, ու թեեւ ինձ համար մարդկային ամեն մի կյանքը արժեքավոր է, բայց մենք բոլոր դեպքերում որոշում ընդունեցինք հանցագործների որջը գրոհել ուղղաթիռներով, եւ ես չեմ ափսոսում դրա համար»,- «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, «Radisson SAS Iveria» հյուրանոցի բացման արարողության ժամանակ հայտարարել է Սահակաշվիլին: Իր այդ որոշումը նա փաստարկել է նրանով, որ Ապրասիձեի կլանը 1970-90-ական թվականներին զբաղված է եղել զբոսաշրջիկներին կողոպտելով եւ տեղական բնակչության նկատմամբ տեռորով: Վրացական իշխանությունները Ապրասիձեին մեղադրում են նաեւ սպանությունների, մարդկանց առեւանգման եւ դրամաշորթության մեջ: «Երկրում կարգուկանոն հաստատելու հարցում մենք երբեք չենք նահանջի: Դրա մասին պետք է հիշեն բոլորը եւ չմոռանան: Մենք գտնում ենք, որ դա անհրաժեշտ է երկրի զարգացման համար, եւ դա փայլուն կերպով ցույց է տվել Սվանեթիայի օրինակը»,- ասել է Վրաստանի նախագահը:
Հիշեցնենք, որ Սահակաշվիլին մի քանի տարի է, ինչ փորձում է չեզոքացնել Ապրասիձեի կլանը: Վրաստանի նախագահի հրամանով 2004թ.-ին հատուկ ջոկատայինների իրականացրած գործողության ժամանակ, որին մասնակցել էին 10 ուղղաթիռ եւ 200 հատուկ ջոկատային, սպանվել էր երկու մարդ, այդ թվում նաեւ՝ կլանի ղեկավարը, իսկ նրա երկու որդիները կալանավորվել էին: