Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փնտրում են հայ Ժյուլ Վեռններ

Սեպտեմբեր 04,2009 00:00

«Ֆրութֆուլ Արմենիա» նախաձեռնությունը եւս 40 օր կսպասի նրանց հայտնվելուն

«Եթե հայ եք, եթե 18-30 տարեկան եք, խոսում եք հայերեն եւ անգլերեն, գրում այդ լեզուներից մեկով՝ մասնակցեք «Ֆրութֆուլ Արմենիա» մրցույթին». մայիսի 7-ից «Ֆրութֆուլ Արմենիա» նախաձեռնությունը այս կարգախոսով հրավիրում է ՀՀ-ում ծնված կամ հայկական համայնքի հետ արյունակցական կապ ունեցող հայ երիտասարդներին: Կազմակերպիչների խոսքով՝ մրցույթի հիմնական նպատակն է գտնել մերօրյա հայ Ժյուլվեռններին, որոնք կներկայացնեն հեղափոխական նախագծեր՝ գյուղատնտեսություն եւ գյուղարդյունաբերական արտադրություն, առեւտուր եւ մարկետինգ, ֆինանսներ, ենթակառուցվածք բնագավառներում: Քանի որ ամառային արձակուրդների պատճառով երիտասարդների մեծամասնությունը չի հասցրել ներկայացնել իր նախագծերը նախաձեռնությանը, շատ են եղել զանգ-խնդրանքներ՝ երկարացնել աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը, «Ֆրութֆուլ Արմենիան» երեկվա մամուլի ասուլիսին հայտարարեց, որ այդ ժամկետը երկարացվում է մինչեւ հոկտեմբերի 16-ը:

«Ֆրութֆուլ Արմենիա» նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն Անա Քրիստիանա Շիրինյանն ասաց. «Մրցույթին գրանցվել են 100-ից ավելի երիտասարդներ, այդ կազմով եւս կարելի էր մրցույթ կազմակերպել, բայց քանի որ աշխատանքների ներկայացման ժամանակահատվածը համընկավ արձակուրդների հետ, որոշեցինք ընդառաջել երիտասարդներին»:

Մրցույթի նախապայմաններին բավարարող անձինք նախ պիտի գրանցվեն www.fafarmenia.org վեբ կայքում: Մասնակիցը պիտի ներկայացնի նորարարական եւ չտպագրված գրավոր աշխատության բնօրինակը՝ հայերեն եւ անգլերեն լեզուներով: Նա կարող է աշխատությունն ու տեխնիկական թերթիկն ուղարկել [email protected] հասցեին կամ լազերային սկավառակի վրա մեկ հավելյալ օրինակով ներկայացնել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գրասենյակ: Սահմանված է «Ֆրութֆուլ Արմենիա» Ոսկե մրցանակ՝ 3 միլիոն դրամ եւ համակարգիչ, 1-ին մրցանակ՝ 750 հազար դրամ եւ համակարգիչ, 2-րդ մրցանակ՝ 300 հազար դրամ եւ համակարգիչ, 3-րդ մրցանակ՝ համակարգիչ եւ աշխատանքի տպագրություն: Սահմանված են նաեւ խրախուսական մրցանակներ: Բոլոր մրցանակակիրների Հայաստան փոխադրումը կիրականացնի «Ֆրութֆուլ Արմենիա» կազմակերպությունը: «Առավոտի» այն դիտարկմանը, թե ներկայումս երիտասարդները բավականին անտարբեր են բնական գիտությունների նկատմամբ, ինչո՞ւ այդ բնագավառը եւս չի ներգրավվել մրցույթում՝ երիտասարդներին խրախուսելու համար, Ա. Շիրինյանը պատասխանեց. «Այն փորձագետները, որոնց հետ համագործակցում ենք, նշված 4 բնագավառներից են եւ նրանք էլ մեզ կկարողանան օգնել՝ գտնել լավագույններին»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ասել է հեղափոխական ծրագրեր, արդյոք կա՞ն չափանիշներ ներկայացված գաղափարների հեղափոխականությունը որոշելու համար: Տիկին Շիրինյանը նշեց. «Չափանիշներ չկան, բայց դա չի նշանակում, որ կարող են ներկայացնել այնպիսի աշխատանք, որտեղ ասվում է, որ հեռուստատեսության համար բարձրախոս եւ տեսախցիկ է պետք: Նորություն կլինի այն, որ առաջարկեն այնպիսի մի բան, որ դեռ գրված չէ եւ ոչ ոք չգիտի»: Մեր հաջորդ հարցին, թե մրցույթը հնարավորություններ կստեղծի՞ երիտասարդներին աշխատանք գտնել, Ա. Շիրինյանը պատասխանեց. «Մրցույթի արդյունքում կստեղծվի բազա, որի միջոցով մեր ընկերությունները կծանոթանան շնորհալի երիտասարդների հետ: Հետո հնարավոր է նրանց զանգեն, ինչ-որ աշխատանք առաջարկեն: Բացի այդ, սա մի հնարավորություն է, որ տարբեր երկրների հայ երիտասարդներ նստեն եւ խոսեն նշված թեմաներով»: Իսկ «Ֆրութֆուլ Արմենիա» նախաձեռնության մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը շեշտեց. «Մենք չենք զբաղվելու ներկայացված աշխատանքների հեղինակային իրավունքի գրանցմամբ, բայց նաեւ այդ նյութերի նկատմամբ հավակնություններ չունենք, պարզապես ուզում ենք օգնել երիտասարդներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել