Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԸ ՄԻԼԻՈՆՆԵՐՈՎ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆ

Սեպտեմբեր 04,2009 00:00

\"\"Տնօրենները գտնում են, որ հարկայինն իրենց անարդար է տուգանել

Պետեկամուտների կոմիտեն քաղաքի մանր ու միջին, քիչ թե շատ եկամուտ ունեցող օբյեկտ չթողեց, որ ստուգումներ չկատարի: Հիմա էլ հերթը հասել է մասնավոր մանկապարտեզներին. մայրաքաղաքի ավելի քան 50 մանկապարտեզների մի քանի միլիոն դրամի տուգանք է նշանակել՝ առանց լիցենզիայի գործունեություն ծավալելու համար: Բանն այն է, որ այս նախադպրոցական հաստատությունները գրեթե 10 տարի է՝ գործում են, իսկ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարվեց 2006-ին, որով սահմանվում է նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման գործընթացը եւս լիցենզավորել: Այս որոշումից հետո մանկապարտեզները գործել են եւս մի քանի տարի առանց լիցենզավորման, սակայն ոչ Պետեկամուտների կոմիտեն, ոչ էլ կրթության եւ գիտության նախարարությունը նրանց տեղյակ չի պահել, որ պետք է լիցենզավորվեն: Ինչից հետո էլ հարկայինը մանկապարտեզներին տուգանել է 2006-09 թվականների շրջանառության 50%-ի չափով:

Տուգանված մանկապարտեզներից մեկի՝ «Էլտառոզի» տնօրեն Էլեն Մարդոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մենք որտեղի՞ց իմանայինք լիցենզիա հանելու մասին: Հո ամեն օր պաշտոնական տեղեկագիր չե՞նք կարդալու: Բացի այդ, այս ամբողջ ընթացքում բարեխղճորեն հարկերը վճարել ենք: Ոչ մի անգամ մեր հաշվետվությունները ետ չեն ուղարկել ու ոչ մեկը չի ասել՝ բա ձեր պետտուրքի գումարն ո՞ւր է, իսկ պետտուրքը պետք է վճարեինք լիցենզիան հանելու համար: Հարկայինի աշխատակիցներին հարցնում ենք՝ ինչո՞ւ չեք տեղեկացրել, որ պետք է լիցենզավորվեինք, հարկայինն իր վրայից գցում է նախարարության վրա: Կրթության եւ գիտության նախարարությունից էլ ասում են՝ դա մեր գործը չի»: Նշենք, որ թաղապետարաններին ենթարկվող մանկապարտեզներին հաջողվել է հարկայինի «ռեկետից» խուսափել, քանի որ նրանք ժամանակին տեղեկացվել են, որ պետք է իրենց գործունեության համար լիցենզիա հանեն: Այդ մասին նրանց զգուշացրել են թաղապետարանները:

Է. Մարդոյանի խոսքերով՝ «Վերջերս նախարարությունը գրավոր մեզ ծանուցեց, որ նույն օրենքում այս տարի էլ փոփոխություն է տեղի ունեցել: Եթե այս վերջին փոփոխության մասին գրավոր ծանուցվել ենք, հնարավոր չէ՞ր 2006-ին էլ գրավոր ծանուցվեին բոլորը, որպեսզի այսօր փաստի առաջ չկանգնեինք»: Տնօրենի պատմելով՝ հարկայինի այցի մասին իրենց «աչքալուսանք» են արել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցները, որոնք տարեսկզբին այցելել են «Էլտառոզ». «Մեզ ասացին՝ սպասեք՝ շուտով հարկայինը կգա»:

Թիվ 18 մանկապարտեզի տնօրեն Սվետլանա Թառլամազյանի վստահեցմամբ, իրենք տուգանվել են 2 միլիոն 372 հազար դրամ: Թիվ 60 մանկապարտեզի տնօրենի ներկայացմամբ էլ՝ հարկայինը իրենց տուգանք է նշանակել 1 միլիոն 300 հազար դրամ, իսկ «Էլտառոզին»՝ 8 միլիոն 600 հազար դրամ: Նշենք, որ հարկայինը նրանց պարտադրել էր տուգանքը վճարել միանվագ եւ սեղմ ժամկետներում: Տուգանված մանկապարտեզների տնօրենների խոսքերով. «Մեզ որտեղի՞ց այդքան գումար, որ վճարենք: Գոնե ժամանակացույց կազմեն, մի քիչ ժամանակ տան: Մեր մանկապարտեզները շատ փոքր են, շրջանառությունն ու եկամուտներն էլ քիչ են, եթե մեծ ջանքեր էլ գործադրենք, միեւնույն է, չենք կարող այդքան գումար վճարել: Ստիպված պետք է լուծարվենք, իսկ մարդիկ կան, որոնք իրենց կյանքն առանց այս հիմնարկների չեն պատկերացնում: Եթե այդ 50 մանկապարտեզները լուծարվեն, դա նշանակում է՝ բազմաթիվ ծնողներ չեն կարող իրենց երեխաների ցերեկային խնամքը կազմակերպել, քանի որ նրանք ի սկզբանե չեն ցանկացել պետական մանկապարտեզներ տանել իրենց երեխաներին: Բացի այդ, մարդիկ, որոնք աշխատում են մեզ մոտ, այսինքն՝ դաստիարակներ, խոհարարներ ու դայակներ, կմնան անգործ»: Թիվ 18 մանկապարտեզի տնօրեն Սվետլանա Թառլամազյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իր բնակարանն է գրավ դնելու, որպեսզի վարկ վերցնի ու կարողանա տուգանքը վճարել: Նշենք, որ տուգանվելուց հետո մանկապարտեզներից շատերն արդեն լիցենզիա են ստացել, իսկ որոշների դիմումներն ընթացքում են:

«Առավոտը» ԿԳ նախարարությունից հետաքրքրվեց, թե հնարավոր չէ՞ր նախադպրոցական հաստատությունների տնօրեններին նախօրոք զգուշացվեր լիցենզավորման մասին, որպեսզի տուգանքներից խուսափեին, նախարարության իրավաբանական վարչության պետ Մարինե Գրիգորյանն ասաց, որ դա իրենց գործառույթը չէ. «Եթե նրանց մասին տեղյակ չենք, ինչպե՞ս կարող էինք ծանուցել: Այդ տուգանված մանկապարտեզները գործել են որպես ՍՊԸ, մենք չէինք կարող նրանց գտնել ու տեղեկացնել: Իրենք պարտավոր էին իմանալ այդ մասին»: Ինչ վերաբերում է նրան, որ նախարարությունն օրենքում այս տարվա փոփոխության մասին գրավոր տեղեկացրել է, Մ. Գրիգորյանն ասաց. «Այդ մանկապարտեզն արդեն լիցենզիա է ստացել եւ մեզ մոտ հաշվառված է, իսկ մեր լիցենզավորման բարեխիղճ աշխատողն էլ գրություն է ուղարկել, որ օրենքում փոփոխություն է տեղի ունեցել»: Մեր այն դիտարկմանը, որ տուգանքներից խուսափելու համար գուցե հեռուստատեսությամբ կամ մամուլի միջոցով նախակրթական հաստատություններին ծանուցվեր լիցենզավորման մասին, վարչության պետն ասաց. «Մեր կայքը բաց է բոլորի համար: Ես չեմ հավատա, որ այս դարում որեւէ մեկն ասի՝ ես գիրք չեմ կարդում, հեռուստացույց կամ կոմպյուտեր չունեմ: Դե ուրեմն, ես էլ կասեմ՝ չգիտեի, որ մարդասպան եմ, պիտի գնամ նստեմ: Օրենքը չիմանալը՝ որեւէ մեկին պատասխանատվությունից չի ազատում: Օրենքին չի տիրապետում՝ թող չաշխատի: Ինքը պետք է ինֆորմացված լինի, որովհետեւ պատասխանատու աշխատանք է կատարում, սերունդ է կրթում: Մանկապարտեզ ասածն այն չէ, որ պադվալում մի հատ դուռ բացեմ ու ասեմ՝ բերեք ձեր երեխաներին: Պետք է հետաքրքրվեմ, այդ երեխաների հետ ի՞նչ մեթոդաբանությամբ պիտի աշխատեմ եւ այլն: Այսինքն՝ պարտավոր է ամեն ինչ իմանալ, այդ թվում նաեւ լիցենզիայի մասին»:

Նշենք, որ տարեսկզբին կրթության եւ գիտության նախարարության Կրթության պետական տեսչության աշխատակիցները ստուգումներ են կատարել «Էլտառոզում» եւ թիվ 18 ու 60 մանկապարտեզներում, ուստի դժվար թե այդ գերատեսչությունը տեղյակ չէ մասնավոր մանկապարտեզի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել