Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 04,2009 00:00

\"\"40 տարվա երկաթուղային Հրաչյա Հովհաննիսյանը՝ երկաթուղու, քաղաքականության եւ ապագայի մասին

Ալավերդցի 81-ամյա Հրաչյա Հովհաննիսյանը իր կյանքի 43 տարիները անցկացրել է շոգեքարշի, ապա էլեկտրաքարշի ղեկին եւ այսօր համակ ուշադրությամբ հետեւում է հայկական երկաթուղու անցուդարձին ու հավատում, որ այն մի օր կրկին զարթոնք է ապրելու: «Գիտեք ինչ, ռուսները Հայաստանի տերիտորիայում ոչ թե երկաթգծի ուղեմաս, այլ «զեմլյանոյ պալատնո» ընդունեցին, ռելս չկա, քանի որ անկախությունից հետո ամեն ինչ գողացան ու ծախեցին՝ ռելսեր, վագոններ, ջերմաքարշեր, հազարավոր տոննա լոմիկ հանձնեցին: Երեւանի Սովետականի շրջանում 125 հատ պարավոզով պարկ ունեինք: Ես ինքս պարավոզնիկ եմ, դետալնի գիտեմ, որ հեշտ չէ պարավոզները կոռոզիայից պաշտպանելը, բայց պետք է պաշտպանեինք: Հատը հաշվի 125 տոննա, մի հատ գոյություն չունի: Էսօրվա վիճակով, ռուսների գալուց հետո մի երկու էլեկտրաքարշ տարան Թիֆլիս՝ վերանորոգեցին: Երկաթուղային կամուրջներն ու թունելներն էլ են անմխիթար վիճակում»,-ցավով տեղեկացնում էր հին երկաթուղայինը:

\"\"Հրաչյա Հովհաննիսյանը թեեւ 8-րդ դասարանը չի ավարտել, սակայն գրքից ու գրականությունից երբեք չի կտրվել: «Այսօր էլ կարդում եմ»,- ասաց վարպետ Հրաչյան: «Մեքենավարի քննությունն էլ էքստեռն է հանձնել»,- ավելացրեց որդին՝ Գեւորգը: Հրաչյա Հովհաննիսյանի սիրած գրողը Հովհաննես Թումանյանն է, իսկ մարդկային իդեալը՝ Ջորդանո Բրունոն: «Երբ 1600 թվականին Ջորդանոյին խարույկի վրա վառում էին, առաջարկեցին կյանքը նվիրել, եթե նա հրաժարվի իր տեսակետից: Բրունոն իր տեսակետից չհրաժարվեց եւ բոցերի մեջից գոռում էր, որ երկրագունդը կլոր է ու պտտվում է իր առանցքի շուրջը»,- հիացմունքով հիշում է նա: Վարպետ Հրաչյայի երկաթուղային կյանքը սկսվել է Լենինականում. «1942 թվականին թիվ 13 դպրոցի 8-րդ դասարանում սովորելիս՝ մի օր դասարան մտավ Լենինականի կոմսոմոլի քաղկոմի քարտուղար Մուրադը եւ աշակերտներին կոչ արեց, պատերազմ մեկնած երկաթուղայիններին փոխարինելու նպատակով, ուսումը հետաձգել մինչեւ պատերազմի ավարտն ու գնալ երկաթուղում աշխատելու: Ես հաղթանդամ եւ գեղեցիկ տղա էի, դպրոցում էլ գերազանց էի սովորում: Նա առաջինը ինձ մատնացույց արեց»: Պատանին անմիջապես գործուղվում է Լենինականի արհեստագործական դպրոց, մի քանի ամիս խառատի մասնագիտություն ստանալուց հետո աշխատանքի անցնում՝ սկզբում Լենինականի, ապա Երեւանի մեխանիկական գործարաններում, որտեղ զենք էին արտադրում: Այնուհետեւ Հրաչյա Հովհաննիսյանը գործուղվում է աշխատելու Սանահինի երկաթուղային դեպոյում՝ 3 տարի աշխատում է շոգեքարշի մեքենավարի օգնական, ապա 30 տարի՝ էլեկտրաքարշի մեքենավար: «Էդ ամբողջ աշխատանքի ընթացքում ինձ արտակարգ հետաքրքրում էր երկաթգծի պատմությունը: Երկաթուղայինը պարտավոր է երկաթուղու պատմությունը գիտենալ, ոնց որ ամեն մարդ պարտավոր է իր պապի անունը գիտենալ»,- բանաձեւում է երկաթուղայինը: Աշխատանքի ընթացքում Հրաչյա Հովհաննիսյանը 50-ական թվականների սկզբին սկսում է մակետներով զբաղվել:

\"\"«Իհարկե, մոռացել եմ, թե կոնկրետ ինչքան մակետներ եմ պատրաստել, բայց ենթադրում եմ՝ մի 120 գծամետր պատրաստած կլինեմ: Հիմնականում մակետներս նվիրել եմ թանգարաններին»,- ասաց նա: Մակետներից մեկն էլ տեղադրել է իր երիտասարդ գործընկերներից մեկի՝ Սանահինի երկաթուղային դեպոյի երիտասարդ մեքենավար Հայկասար Գալստյանի հիշատակին կառուցված հուշարձան-աղբյուրի վրա: «Առաջին մակետը նվիրել եմ Հայաստանի հեղափոխության թանգարանին. հինգ մետր երկարությամբ՝ «Վարդան զորավար» զրահագնացը: Այդ զրահագնացի վրա 1918-1920 թվականներին մեքենավար է աշխատել Սանահինի երկաթուղայիններից մեկը՝ Պետրոսյան Յասոն: Օգնականը եղել է Մատինյան Մարգարը՝ Օձունից: Ես երկուսին էլ տեսել եմ, Մարգարի հետ էլ աշխատել եմ օգնական: Վատը նա է, որ մարդիկ մոռացել են, որ այս տարի փետրվարի 25-ին լրացավ առաջին գնացքի Հայաստան մուտք գործելու 110 տարին»,- ասաց Հ. Հովհաննիսյանը: Այս կարեւոր իրադարձության մասին նա հիշեցրել է Հարավկովկասյան երկաթգծի նոր պետին. «Պետը, իհարկե, ընդունեց, շատ ուրախացավ, միգուցե ինքը չգիտեր, որ 110 տարին լրանում է: Ես դատարկաձեռն չէի գնացել, նվեր էի տարել, առաջին ռուսական, հայր եւ որդի Չերեպանովների 1833-34 թվականներին կառուցած շոգեքարշի մակետը: Այդ շոգեքարշերից առաջինը իրեն չարդարացրեց, սարքեցին 2-րդը»,- պատմեց վարպետը: Բայց նրա առաջարկը ընթացք չի ստացել եւ շոգեքարշի մուտքը Հայաստան չի նշվել:

Հրաչյա Հովհաննիսյանը էլեկտրաքարշերի եւ շոգեքարշերի քաջ գիտակ է: «Ընդունված կարգ էր, երկաթուղու Սանահին-Թիֆլիս տեղամասում հիվանդ էլեկտրավոզները իմ բաժինն էին, անհամեստություն չլինի, իմ գործս տիրապետում էի գերազանց, աշխատում էի արտակարգ ռիսկով: Արժանացել եմ «Գերազանցիկ մեքենավար» կրծքանշանի, ԽՍՀՄ պատվավոր երկաթուղայինի կոչման: Իմ աշխատած տարիներին Սանահինի երկաթուղային դեպոն ղեկավարել է Մելիք Մալխասյանը: Արտակարգ ղեկավար էր, շոգեքարշի մեքենավար էր, ոնց կարող էր լավ ղեկավար չլինել: Հիմա եթե ինձ տան դիրիժորի փայտիկներ եւ ասեն՝ այս փայտիկներով ղեկավարի նվագախումբը ու $1000 ենք տալիս, ես կհրաժարվեմ այդ գումարից՝ ես դիրիժոր լինել չեմ կարող: Ցավոք սրտի, այսօր մեր ղեկավարները գիշեր ու ցերեկ երազում են շատ փող ունենան, բայց չեն մտածում՝ լա՞վ դիրիժոր են, թե՝ վատ»,- ասաց վարպետը:

Վերջում վաստակաշատ երկաթուղայինին խնդրեցինք հիշել մեքենավարի իր աշխատանքի ամենածանր պահերից մեկը: Չմերժեց: «1972 թվականի վերջերն էին: Գնացքը 2500 տոննա բեռով Սանահինի դեպոյից ճանապարհեցին Թիֆլիս: Շահումյան թաղամաս մտնող թունելից դուրս եկա, հեռվում նկատեցի, որ գծում, ռելսերի արանքում մի 4-5 տարեկան երեխա խաղ է անում: Օրը ցերեկով էր, շատ արագ էլեկտրաքարշը արգելակեցի, բայց գնացքը չէր կանգնում: Մասնագիտական հաշվարկով էլ գիտեի, որ չի կանգնելու, խփելու է երեխային: Երեխան հանգիստ խաղում էր: Նկատեցի, որ գնացքին նայում է որպես խաղալիք ու ծիծաղում է: Գնացքի ընթացքը շատ դանդաղ էր: Էդ դանդաղ ընթացքի մեջ երեխին վերցրի ու ներքեւ թռա, քանի որ երեխին գրկած էի, գլորվեցի, ճկույթս ու ողերս կոտրել էի: Երեխի պապը վազելով եկավ: Երեխին տեղափոխեցի ձախ ձեռք, որ պապին մի լավ ապտակեմ, բայց երեսի գույնը տեսնելուց հետո՝ չապտակեցի»:

Հրաժեշտից առաջ Հրաչյա Հովհաննիսյանը բացահայտեց իր վաղեմի երազանքը. երբ Ալավերդիում իրականություն դառնա տուրիզմը՝ իր ձեռքերով վերանորոգի մի շոգեքարշ եւ դրանով օտարերկրյա տուրիստներին ցույց տա Լոռու չքնաղ բնությունը ու նաեւ նրանց պատմի մեր երկաթուղու պատմությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել