Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որոշեցին «ձեւավորել» գյուղացիների տները

Սեպտեմբեր 04,2009 00:00

Կառավարությունը որոշել է զբաղվել Հայաստանի գյուղերի գեղագիտական ձեւավորմամբ: Երեկ կայացած նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Ցանկացած գյուղում ամեն մեկն իր պատկերացման, իր հնարավորության շրջանակում իր սեփական հողատարածքում կառուցում է տուն՝ առանց նախագծի, առանց նախահաշվի, եւ դա բացատրվում է նրանով, որ շատ հաճախ, մանավանդ գյուղական շրջաններում, մեր քաղաքացիները տնտեսում են ֆինանսական միջոցներ։ Նրանք հնարավորություն չունեն պատվիրելու համապատասխան նախագծեր եւ հետագայում բախվում են լուրջ խնդիրների՝ բյուրոկրատական քաշքշուկ, օրինականացման գործընթաց կամ տարրական անվտանգության ռիսկեր, որոնք առկա են այս պարագայում»։ Վարչապետն առաջարկել է ստեղծել բնակարանների նախագծերի կատալոգ. «Եթե մեր քաղաքացիները կընտրեն դրանցից որեւէ մեկը, ապա կհամարվի, որ այն անցել է բոլոր փորձաքննությունները, եւ բյուրոկրատական քաշքշուկը կհասցվի նվազագույնի»։ Տ. Սարգսյանը քաղաքաշինության նախարարին հանձնարարել է հայտարարել մրցույթ՝ լավագույն նախագծերի ընտրության համար, ապա ստեղծել կատալոգը՝ մարզերին բաժանելու ու նաեւ ինտերնետային կայքէջերում տեղադրելու համար:

Մեկ այլ որոշմամբ, պետպատվերով բուժօգնություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված անձանց ցանկում ավելացվում են նաեւ թրաֆիքինգի ենթարկված անձինք։

Կառավարությունը վերաբաշխում եւ փոփոխություններ է կատարում նաեւ այս տարվա պետբյուջեում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել