Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐԻ ԲՈՆՈՒՍ՝ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԻ ԳՆՈՎ

Սեպտեմբեր 04,2009 00:00

Հարկայինում բարեխիղճ սպառողներին օրերով տանում-բերում են, ինչ է թե՝ 2500 դրամ բոնուս պետք է տան:

\"\"
ՀԴՄ կտրոնների համար հարկայինի ամեն սենյակի
մոտ այսպիսի հերթ է:

Ես այն պնդաճակատ գնորդներից եմ, որոնք ցանկացած խանութից գնումներ կատարելիս՝ պարտադիր, «երեսի զոռով» վաճառողից պահանջում են տրամադրել ՀԴՄ կտրոն: Այդ պնդաճակատության արդյունքում, հազիվ կարողանալով հավաքել 200 չշահած կտրոն, որոշեցի մասնակցել Պետեկամուտների կոմիտեի հայտարարած բոնուսային ակցիային: Ինտերնետում ծանոթանալով բոնուսի տրամադրման կարգին, օգոստոսի 20-ին կտրոններն արդեն դասավորած տարա հանձնելու Սպանդարյան-1 հարկային տեսչություն՝ հույս ունենալով, որ տեղում կտրոնները կհաշվեն ու շահումս կտան: Սակայն հենց տեսչության մուտքի մոտ գոյացած հերթից ու մարդկանց անցուդարձից հասկացա, որ շահումը ստանալն այդքան հեշտ չի լինելու: Մի քանի ժամ հերթ կանգնելուց հետո ինձ պատասխանեցին, որ պետք է կտրոնների դարձերեսին լինի շահումը ստացողի ստորագրությունը: Քանի որ բավականին աշխատատար է 200 կտրոնի վրա ստորագրություն թողնելը, տեսչություն գնացի հաջորդ օրը՝ արդեն ստորագրած կտրոններով: Նորից հերթ կանգնելուց հետո, երբ վերջապես ինձ պետք է սպասարկեին՝ այս անգամ պահանջեցին ներկայացնել անձնագրի պատճենը: Մյուս օրը, երբ ասացի, որ ամեն ինչ պատրաստ է, ուղարկեցին 301 սենյակ՝ Լուսինեի մոտ, այնտեղից ուղարկեցին 302 սենյակ, այնտեղից՝ 305: Երբ փորձում էի մոտենալ ՀԴՄ կտրոն հաշվող որեւէ աշխատակցի, շշպռում էին, թե՝ «ընկերուհի, չես տեսնո՞ւմ՝ կտրոն եմ հաշվում, համբերություն ունեցիր, հիմա հաշիվս կխառնեմ, գնա, մի տեղ սպասիր, մինչեւ քո հերթն էլ կգա»: Այսպես մի քանի դուռ երեսիս փակելով, անընդհատ սենյակից սենյակ մտնելուց հետո, վերջապես եկավ ինձ սպասարկելու հերթը: Այս անգամ էլ պարզվեց, որ քանի որ ես հանձնելու էի 3 խմբաքանակ կտրոններ եւ պետք է ստանայի 13.500 դրամ՝ ուրեմն դրա համար պետք է ստանայի սպասարկման բաժնի պետ Գոհար Արաբաջյանի համաձայնությունը: Վերջինս շատ կտրուկ ասաց, որ մի մարդն իրավունք չունի 3 խմբաքանակ հանձնելու. «Դա ռիսկային է, ես ձեր անունը կուղարկեմ նախարարություն»: Երբ ասացի, որ դեմ չեմ, որ իմ անունը հայտնվի նախարարությունում, նա պատասխանեց, որ միեւնույն է, չեմ կարող այդքան բոնուս ստանալ: Նշեմ, որ բոլոր կտրոնների դարձերեսին արդեն ստորագրել էի, ինչպես տեսչությունում էին պահանջել, հետեւաբար չէի կարող մնացած կտրոններն ուրիշի անվամբ ներկայացնել ու շահումը ստանալ: Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում ՀԴՄ կտրոնների բոնուսը ստանալու կարգը մանրամասն ներկայացված է եւ այնտեղ որեւէ տող չկա՝ նման սահմանափակման մասին, թե մի անձը չի կարող շատ կտրոն ներկայացնել ու շատ բոնուս ստանալ, մանավանդ որ, խոսքը տվյալ դեպքում ընդամենը 13 հազար 500 դրամի մասին է:

Ի վերջո, հարկային տեսչությունում, իմանալով, որ ես լրագրող եմ, միանգամից իմ նկատմամբ վերաբերմունքը փոխվեց ու արագ մի քանի րոպեում սպասարկեցին ու ճանապարհեցին: Իմ դեպքում՝ բոնուսը ստանալու քաշքշուկները տեւեցին 12 օր: Մինչդեռ ամեն օր նույն տեսչությունում մի քանի տասնյակ տատիկ-պապիկներ են գալիս-գնում, որոնք, բնականաբար, ինտերնետից չէին կարող օգտվել ու նախապես բոնուսի վճարման կարգին ծանոթանալ, հետեւաբար, նրանց հետ համեմատած՝ ես, կարելի է ասել, բավականին հեշտ եմ ստացել իմ գումարը: Ժամերով հերթում կանգնած բոլոր քաղաքացիներն այնքան նյարդային վիճակում էին, որ միաբերան վստահեցնում էին, որ հաջորդ եռամսյակին այլեւս բոնուսի ակցիային չեն մասնակցելու: Նրանցից մեկի խոսքերով՝ «Արդեն 2 շաբաթ տանում-բերում են՝ 2500 դրամի համար: Հիմա էլ, երբ վերջապես հերթս հասավ ու կտրոններս հաշվեցին, ասում են, որ մի խանութից շատ եմ չեկ բերել, կարող է վաճառողուհի եմ, հաճախորդներին չեմ տվել, բայց դա մեր շենքի տակի խանութն է, մենք մեծ ընտանիք ենք ու ամեն ինչ այդ խանութից եմ գնում»: Իհարկե, հայկական իրականության մեջ շատ է պատահում, որ, իսկապես, վաճառողները կտրոնները չեն տալիս, որ իրենք շահեն, բայց Պետեկամուտների կոմիտեն պետք է դա վերահսկի հենց խանութում, իսկ արդեն բոնուսային փուլ հասած հաճախորդին անտրամաբանական է չսպասարկել՝ միայն այն կասկածի համար, որ մի խանութից շատ է գնումներ կատարել: Մի տատիկի էլ հարկայինի աշխատակիցները ստիպում էին դիմում գրել՝ այն բանի համար, որ մի կտրոնը 100 հազար դրամի չափով ապրանք գնելու դիմաց էր ստացել: Տատիկը վստահեցնում էր, որ իրենց ընտանիքի անդամները բջջային հեռախոս են գնել այդ արժեքով, իսկ հարկայինում նրան չէին հավատում:

Նշենք, որ, ըստ բոնուսի վճարման կարգի, պետք է կտրոնները լինեն կոնկրետ 50 հատ՝ 100 հազար դրամի գործարքների ընդհանուր արժեքով, կամ կոնկրետ 100 հատ՝ 200 հազար գնումներով եւ այլն, ու եթե մարդը 100 հազար դրամանոց մի ապրանք է գնել ու կտրոն ստացել, պետք է այստեղից-այնտեղից եւս 49 հատ մանր-մունր կտրոններ ճարի, որ հարկայինն ընդունի ու 2500 դրամ շահում տա: Ուստի հարկային տեսչության ամեն մի պատուհանի մոտ մարդիկ խառնաշփոթ վիճակում կտրոն են հաշվում, գրում-ջնջում, դիմում լրացնում, մեկը մյուսից կտրոն խնդրում, որ լրացնեն գումարը: Եթե մի կտրոնի վրա մուգ տառերով տպված չի լինում, հարկայինն այդ կտրոնը չի վերցնում, ու մարդիկ որքան էլ որ տանը կտրոնները դասավորած ու հաշված բերում են՝ ստիպված են լինում տեղում նորից փոփոխություններ մտցնել: Այս նույն պատկերը բոլոր հարկային տեսչություններում է: Շատ քաղաքացիներ հերթերից խուսափելու համար դեռ լուսադեմից հարկային տեսչության մուտքի մոտ պահակ են կանգնում, որ առանց քաշքշուկների բոնուս ստանան:

Բոնուսի վճարման կարգից դժգոհ էին նաեւ տեսչության աշխատակիցները, որովհետեւ, հարկատուներին թողած՝ ամբողջ օրը կտրոն են հաշվում: Հաշվի առնելով, որ մինչեւ այս բոնուսները, հարկատուները բողոքում էին հարկայինի սպասարկումից, հիմա՝ առավել եւս սպասարկման որակն ընկել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել