Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դռանն էլ մոտ չեն թողնում

Սեպտեմբեր 04,2009 00:00

\"\"Միայնակ թոշակառու, 84-ամյա Լենա Թադեւոսյանի բողոքները ոչ մի պետական պաշտոնյա չի ցանկանում լսել: Շուտով 1 տարին կլրանա, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները տիկնոջը «տանում-բերում են», սակայն նրա խնդիրներին այդպես էլ լուծում չեն տալիս: «Առավոտը» (19.05.2009) «Դիմումով չեն զբաղվում» հրապարակումով արդեն անդրադարձել է Լ. Թադեւոսյանի խնդիրներին: Չնայած քաղաքապետարանից վստահեցրել էին, որ տիկնոջ դիմումով կզբաղվեն, սակայն մինչ օրս ոչ մի հարց էլ չի լուծվել: Ավելին, Լ. Թադեւոսյանին քաղաքապետարանի աշխատակիցները թույլ չեն տալիս նույնիսկ մոտենալ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դռանը: «Խոստացել էին, որ քաղաքապետը կընդունի ինձ, իմ դարդ ու ցավը կլսի, բայց հենց գնում եմ, ասում են՝ տեղում չի, զբաղված է, գնացեք, հետո կգաք: Եթե չեն թողնում, որ քաղաքապետին մոտենամ, գոնե ենթակաները իմ խնդիրները լուծեն: Ես վստահ եմ, որ Գագիկ Բեգլարյանը նույնիսկ չգիտի էլ, թե ինչ ապօրինություններ են անում իր ղեկավարած կառույցում»,- «Առավոտին» դժգոհեց Լենա Թադեւոսյանը:

Նրա ներկայացմամբ՝ իր տան հարեւանությամբ ապօրինի շինարարություն է կատարվում, ընդ որում՝ տիկնոջ հողակտորի հաշվին, իսկ քաղաքապետարանին նրա բազմաթիվ դիմումները՝ անպատասխան են մնում: Բացի այդ, Լ. Թադեւոսյանի բնակարանից պարբերաբար իրեր են անհայտանում, ինչի համար նրա դիմել է ոստիկանություն. «Տեսնում են միայնակ պառավ կին եմ, բանի տեղ չեն դնում: Հազար անգամ գնացել եմ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մոտ, որ պատմեմ ինչն ինչոց է, բայց նրա աշխատակիցներն էլ մուտքին մոտ չեն թողնում: Ոստիկանները եկել են, տեսել են ամեն ինչ, խոստացել են անդրադառնալ իմ խնդիրներին, բայց էլի՝ քար լռություն: Այս երկրում մի բարեխիղճ պաշտոնյա չկա՞, որ մեծահասակ կնոջն այսքան չտանջի, ընդունի ու լսի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել