Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հիմա էլ Երեւան են «արտագաղթում»

Սեպտեմբեր 04,2009 00:00

Մարդահամարի վերջին տվյալներով՝ Գեղարքունիքի մարզն ունի մոտ 230 հազար բնակիչ: Սակայն, ինչպես տեղեկացանք մարզպետարանի լրատվական ծառայությունից, այդ թվի մեջ մտնում են նաեւ նրանք, որոնք ժամանակավորապես բացակայում են մարզից: Մեր հանրապետության մնացած մարզերի պես այստեղ նույնպես գերիշխում է սոցիալապես անապահով խավը: Գեղարքունիքն ունի 92 համայնք. 5-ը՝ քաղաքային, 87-ը՝ գյուղական: Խորհրդային տարիներին մարզում կար 78 արդյունաբերական ձեռնարկություն: Ներկայումս Գեղարքունիքում ընդամենը 1-2-ն են գործում՝ այն էլ իրենց հզորության չնչին տոկոսով: «Առավոտի» հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետարանի մամուլի քարտուղար Խոսրով Խլղաթյանն ասաց, որ այժմ իրենց տարածաշրջանի բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ եւ անասնապահությամբ. «Թեեւ թե՛ մեկը, թե՛ մյուսը չի գոհացնում այսօր գյուղացուն, քանի որ այդ ճյուղերը շահեկան չեն»:

Վիճակագրական տվյալներով, այդ մարզից 30-40 հազար մարդ արտագաղթել է: Խ. Խլղաթյանի խոսքերով, արտագաղթելու առումով այսօր իրավիճակը մի փոքր փոխվել է. եթե նախկինում մարդիկ գնում էին ՌԴ՝ շինարարության ոլորտում աշխատելու, ապա այժմ նույն գործն անելու համար նրանց մի մասը տեղափոխվում է Երեւան: Գեղարքունիքի մարզի գրեթե բոլոր համայնքները բնակեցված են փախստականներով, սակայն նրանք հիմնականում ապրում են Վարդենիսում եւ Ճամբարակում: Չնայած փախստականները մոտ 20 տարի է՝ հայրենիքում են, սակայն նրանց մեծ մասն անտուն է: Մարզպետարանի մամուլի քարտուղարի խոսքերով. «Ճիշտ է, նրանք ապահովված են ե՛ւ ջրով, ե՛ւ գազով, բայց բնակարանների հարցը շատ լուրջ է, պայմաններն էլ՝ վատթար»:

Խ. Խլղաթյանի ներկայացմամբ՝ 1992-96 թվականներին նրանցից շատերը տարբեր պատճառներով արտագաղթել են կամ Ռուսաստան, կամ մայրաքաղաք. «Չհարմարվեցին գյուղական կյանքին, քանի որ նրանց մեծ մասը քաղաքաբնակ էր եւ չէր «տիրապետում» հողի լեզուն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել