Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՏԱԼԻՆՅԱՆ ԿԱՐԳԵՐ՝ ԱՐԱՐԱՏՈՒՄ

Սեպտեմբեր 04,2009 00:00

Քաղաքապետի հայացքները չկիսող արարատցիները հետապնդվում են

«Արարատում 37 թիվն է, ոնց որ ստալինյան ռեժիմ լինի: Ստալինը դեռ փառք էր՝ մեր քաղաքապետ Աբրահամ Բաբայանի համեմատ: Քաղաքապետը առիթը բաց չի թողնում ու հաշվեհարդար է տեսնում այն քաղաքացիների հետ, ովքեր ընտրությունների ժամանակ իրեն ձայն չեն տվել: Արդեն 3 տարի քաղաքապետ է, բայց այդ մարդը պայքարում է ընդդիմադիր արարատցիների դեմ»,- օրերս նման դժգոհությամբ «Առավոտին» էին դիմել Արարատի մի խումբ բնակիչներ: Նրանց խոսքերով, իրենք խիստ մտահոգված են քաղաքի ճակատագրով ու չեն ուզում, որ հարազատ քաղաքում իրենց հետապնդեն ու սպառնան: Արարատցիների պատմելով՝ քաղաքապետի դեմ արդեն իսկ սկսել են ըմբոստանալ ՀՀԿ եւ ԲՀԿ անդամները, ավագանու անդամները, վերջիններս, ըստ բնակիչների, այլեւս չեն էլ ուզում մասնակցել նիստերին: Նրանց տեղեկություններով, վերջին նիստին քաղաքապետը 7-8 ավագանու աշխատանքից ազատելու սպառնալիքով է հրավիրել: Ընդ որում, ավագանիներից ոմանց Արարատի մարզպետն է հորդորել նիստին մասնակցել. «Նիստի ժամանակ եթե որեւէ մեկը համարձակվի հակառակվել՝ Բաբայանը կրկին սպառնում է: Բայց ախր ո՞նց չհակառակվեն, քաղաքում էլ տարածք չմնաց, որ չվաճառի: Վերջերս էլ քաղաքի հրապարակից մոտ 400 մետր է վաճառել՝ տեղում սպասարկման օբյեկտներ կառուցելու համար»:

Նշենք, որ մեզ դիմած քաղաքացիները հրաժարվեցին անուններով հանդես գալ՝ պատճառաբանելով, որ քաղաքապետն իրենց հետ հաշվեհարդար կտեսնի:

Արարատցիների պատմելով՝ Ա. Բաբայանը քաղաքապետարանի հաշվեկշռում եղած կառույցների վաճառքի մասին «Առավոտի»՝ 22.07.2008 թվականի համարում արդեն անդրադարձել է: Քաղաքի մանկապարտեզներից հետո, քաղաքապետը նախաձեռնել է սպորտդպրոցի, երաժշտական ուսումնարանի ու պատկերասրահի շենքերի վաճառքը: Ճիշտ է, դրանք էլ վաճառվել են ավագանու որոշմամբ, սակայն, ըստ մեր աղբյուրների, այդ որոշմանն ընդդիմացած ավագանիներին քաղաքապետը սպառնացել է՝ «քթներից բերել»: Ա. Բաբայանի կայացրած ամենազավեշտալի որոշումը, ըստ արարատցիների, քաղաքապետարանի նիստերի դահլիճի վաճառքն է. «Իր մերձավորներից մեկին է վաճառել, ուզում են «չիպսի» արտադրամաս սարքեն»:

Ըստ մեր աղբյուրի, Ա. Բաբայանը քաղաքապետարանի բյուջեն էլ է անբարեխիղճ ծախսում. «Փոխանակ տնտեսումներ անի, մի բան էլ ավելի ծախսեր է կատարում: Արդեն 3-րդ անգամ է պատճառաբանում, իբր ոռոգման ցանցի պոմպը չի աշխատում ու նորը գնելու պատրվակով մոտ $5000 քաղաքային բյուջեից դուրս է գրում, բայց նոր պոմպ չի առնում, էլի հինն է օգտագործում: Մանկապարտեզների համար սնունդը քաղաքապետը ստիպում է գնել իր խանութներից ու թանկ գներով: Բաբայանի վարորդը Ա/Ձ է բացել ու մանկապարտեզների սննդի առեւտրով է զբաղվում, դե պարզ է՝ քաղաքապետարանից գումարը փոխանցվում է այդ ընկերությանը, նրանք էլ ոնց ուզում՝ ծախսում են: Քաղաքի փողոցները ասֆալտապատելու համար ասֆալտը գնվում է ոչ թե մեր քաղաքի ասֆալտի գործարանից, որպեսզի էժան նստի, այլ՝ Մարտունու, ընդ որում, բանվորներին եւս Մարտունուց է բերում»:

Արարատի քաղաքապետն այն աստիճան է «թարսվել» ընդդիմադիր համաքաղաքացիների հետ, որ նույնիսկ իր առանձնատան մուտքն է փակել եւ ընդդիմադիր հարեւանների երեսը չտեսնելու համար բոլորովին այլ տեղից է տան մուտք բացել: «Առավոտի» խմբագրություն այցելած արարատցիների պատմելով՝ «Բաբայանը ոնց որ կոմունիստների ժամանակվա թաղայիններից լինի: Աջ ու ձախ մատ է թափ տալիս ու ոստիկանությունով սպառնում: Մի անգամ նույնիսկ չզլացավ, քաղաքի մեջտեղում իր մեքենայից իջավ ու տաքսու վարորդին, որը նրան ձայն չէր տվել, վտարեց այդտեղից: Մեր քաղաքապետը, Ստալինի նման, ամեն տեղ ականջներ ունի: Հանկարծ լսի, որ ինչ-որ մեկն իր մասին վատ բան է ասել, անմիջապես միջնորդում է, որ կամ տվյալ անձին գործից ազատեն, կամ էլ՝ հարազատները մնան անգործ»:

Այս առնչությամբ «Առավոտը» զրուցեց Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանի հետ: Նա նախ պահանջեց իր դեմ դուրս եկած արարատցիների տվյալները: Մեր պնդումներին, որ եթե բացահայտվեն, քաղաքապետն իսկույն նրանց հետ հաշվեհարդար կտեսնի, պարոն Բաբայանն ասաց. «Ես մարդակե՞ր եմ, ի՞նչ եմ: Հո բոբո չեմ, որ վախենում են ինձանից»: Այնուհետեւ քաղաքապետը վստահեցրեց, որ այդ բողոքները իրականությանը չեն համապատասխանում. «Ոչ մի տարածք էլ չեմ վաճառել: Ես ոչ էլ գիտեմ, թե ով է ձայն տվել, ով՝ ոչ: Ինձ ժողովուրդն է ընտրել: Այդ բողոքավորները վերջում հոգեկան հիվանդ են դառնալու»: Ինչ վերաբերում է ոռոգման ցանցի համար պոմպ գնելուն, պարոն Բաբայանն ասաց, որ այն իր տեղում է ու նորմալ աշխատում է: Քաղաքապետարանի նիստերի դահլիճի վաճառքի առնչությամբ էլ Ա. Բաբայանն ասաց. «Այդտեղ դահլիճ չկար, ավերակ էր, աճուրդով ենք վաճառել: Պետք լինի՝ հետ կվերցնենք»: Մեր հարցին, թե վաճառվել է «չիպսի» արտադրամա՞ս կառուցելու նպատակով, պարոն Բաբայանը հավաստիացրեց, որ նման բան չկա: Արարատցիների՝ քաղաքապետի դեմ ներկայացրած մեղադրանքների առնչությամբ Ա. Բաբայանի պարզաբանումներին կանդրադառնանք «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել