Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կամավորները դիմել էին ԱԺ պատգամավորին

Սեպտեմբեր 04,2009 00:00

Տարբեր դրամաշնորհների օգնությամբ հասարակական գործունեություն, հատուկ դպրոցներում բարեգործական ծրագրեր իրականացնող Մ. Սուխուդյանը մեղադրվում է Նուբարաշենի հատուկ դպրոցի ուսուցչի նկատմամբ սուտ մատնություն կատարելու մեջ:

Մ. Սուխուդյանին իրենց զորակցությունն են հայտնել հանրապետությունում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ, անհատներ, ովքեր համոզված են, որ երիտասարդ ակտիվիստուհին հանիրավի է մեղադրվում՝ նրան ներկայացնելով ընդհուպ որպես քաղաքական հայացքների համար հետապնդվող: Թե որոնք են նրա քաղաքական հայացքները՝ պարզ չէ, քանզի մինչ այս քրեական գործը նրա անունը հասարակությանն առանձնապես հայտնի չէր: Թեեւ մեր օրերում արդեն կարծես «մոդա» է դարձել եւ արժեզրկվել «քաղբանտարկյալ» տերմինը:

2008 թվականի նոյեմբերին Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվել է ռեպորտաժ, որտեղ Նուբարաշենի թիվ 11 հատուկ կրթահամալիրի սաներից մեկը հայտարարություն էր արել, որ իրենց հայոց լեզվի ուսուցչի կողմից կրթահամալիրի սաների նկատմամբ կատարվել են անառակաբարո գործողություններ: Հեռուստառեպորտաժում նշված հանգամանքների իսկությունը ստուգելու համար Էրեբունի-Նուբարաշեն համայնքների դատախազը հանձնարարական է տալիս ոստիկանության Էրեբունու բաժնին:

Ոստիկանությունում՝ հեռուստառեպորտաժի կրթահամալիրի նույն սանը՝ Դիանան, չի պնդել եթերում հնչեցված հայտարարությունները: Քրեական գործը քննող նախաքննական մարմնի հավաստմամբ՝ նյութերի նախապատրաստման ընթացքում Դիանան բացատրություն է տվել, որ 2008թ. հունիսին իրենց տուն են այցելել սույն թվականի մարտ-մայիս ամիսներին կրթահամալիրում բարեգործական ակցիա կազմակերպած Արմանը եւ Մ. Սուխուդյանը, որոնք իրեն քաղցրավենիք, խաղալիքներ եւ հագուստ են նվիրել: Որից հետո Մ. Սուխուդյանը առանձնանալով հայտնել է, որ կրթահամալիրի երեխաներից՝ տնօրենի եւ հայոց լեզվի ուսուցչի դեմ բողոքներ կան: Դրանից հետո Մ. Սուխուդյանը, տնօրենից եւ անցանկալի ուսուցչից ազատվելու, Արմանի ու մյուսների ազատ ելումուտը կրթահամալիր ապահովելու նպատակով, իրեն առաջարկել է հարցազրույցում հայտնել, որ ուսուցչի կողմից իր եւ մյուս սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ են կատարվել՝ խոստանալով, որ տեսաձայնագրությունը չի տարածելու: Դրանից հետո 2008 թվականի նոյեմբերին 12-ին իրենց տուն է այցելել «Հայլուրի» թղթակիցը, ով իրենից հարցազրույց է վերցրել Նուբարաշենի թիվ 11 կրթահամալիրում տիրող հիգիենիկ վիճակի վերաբերյալ, սակայն հաջորդ օրը տեղեկացել է, որ հեռուստատեսությամբ ցուցադրվել են դեռեւս 2008 թվականի հունիսին Ս. Սուխուդյանի կողմից կատարված տեսագրություններ:

Դիանայի մայրը եւ քույրը նույնպես տվել են նույնաբովանդակ բացատրություններ: Մայրը հայտնել է, որ Մ. Սուխուդյանը եւ մյուսները, օգտվելով իր բացակայությունից, այցելել են բնակարան, որտեղ Դիանային ուղղորդելով եւ հարցերի պատասխանը նախօրոք սովորեցնելով, տեսանյութ են պատրաստել: Մնացած սաները նույնպես հերքել են իրենց նկատմամբ հայոց լեզվի ուսուցչի կողմից անառակաբարո գործողություններ կատարելու հանգամանքը: Իսկ նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ չի հաստատվել սաներից մեկին բռնաբարելու վերաբերյալ հայտարարությունը:

Կրթահամալիրի տնօրեն Մ. Ենգիբարյանը հայտնել է, որ ծրագրի իրականացման սկզբնական փուլում Մ. Սուխուդյանը իրենից պահանջել է կանխիկացնել եւ իրեն տրամադրել ծրագրի իրականացման համար նախատեսված եւ դպրոցի հաշվեհամարին փոխանցված 1 մլն դրամը՝ անձամբ գնումներ կատարելու համար, որին ինքը չի համաձայնել: Բացի այդ, կրթահամալիրի անձնակազմի մոտ են հայտնվել լոււսանկարներ, կամավորականներից՝ Արմանի եւ կրթահամալիրի սաներ Դիանայի եւ Լիաննայի գրկախառնված լուսանկարները, որի կապակցությամբ ինքը դիտողություն է արել Մ. Սուխուդյանին եւ արգելել Արմանի մուտքը կրթահամալիր: Եվ վերջիններս լուրեր են տարածել, որ ամեն ինչի դիմելու են տնօրենից եւ ուսուցչից վրեժ լուծելու համար:

Մինչ Հանրային հեռուստաընկերությամբ հեռուստառեպորտաժի կազմակերպումը՝ կամավորները դիմում են ներկայացրել նաեւ ԱԺ պատգամավոր Ս. Ասլանյանին, ինչը հավաստել է նաեւ պատգամավորը: Ոստիկաններին նա գրավոր տեղեկացրել է, որ 2008թ. նոյեմբերին դիմում է ստացել Նուբարաշենի թիվ 11 հատուկ կրթահամալիրում իրականացվող մանկավարժական սխալ աշխատանքի, ինչպես նաեւ սաների նկատմամբ կիրառվող սեռական ոտնձգությունների վերաբերյալ: Իսկույն ձեռնամուխ է եղել դիմումում նշված փաստերի ստուգմանը, սակայն դիմումում նշված հանգամանքները, այդ թվում նաեւ սեռական ոտնձգությունները հիմնավորող որեւէ փաստ չի հայտնաբերել: Հետո նախապատրաստված նյութերը տրամադրվել է «Հայլուրին», որն էլ այն եթեր է հեռարձակել:

Ոստիկանությունը պնդում է, որ նախաքննության ընթացքում չեն հաստատվել հայերենի ուսուցչի նկատմամբ հնչեցված հայտարարությունները, այլապես մեղադրանք կառաջադրեին ուսուցչին: Իսկ քանի որ չի հաստատվել՝ մեղադրանք են առաջադրել Մ. Սուխուդյանին՝ սուտ մատնության համար, հիմք ընդունելով երեխաների այն հայտարարությունը, թե Սուխուդյանն է իրենց սովորեցրել: Սուխուդյանը աներկբա պնդում է, թե ուսուցիչը երեխաների նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ (թեեւ, նման միանշանակ պնդումը խախտում է անմեղության կանխավարկածը), ոստիկանությունն էլ, թե դա սուտ մատնություն է: Ի վերջո՝ որքան գիտենք, Սուխուդյանը իրավապահներին հաղորդում չի ներկայացրել նման հանցագործության մասին, այսինքն, կազմակերպվել է հեռուստահաղորդում՝ ոստիկանության կարծիքով զրպարտչական եւ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունների հիման վրա: Իսկ եթե պարզվի, որ իրոք ուսուցիչը կատարել է նման գործողություններ, ապա իրավաբանորեն իրավապահները նույն Սուխուդյանին կարող են մեղադրել նաեւ հանցագործության մասին իմանալու եւ չհայտնելու մեջ, քանզի անհասկանալի է, թե ինչու 2008 թվականի հունիս ամսից ունենալով նման տեսագրություն, եթե, իրոք, այն «սարքված» չէ, Սուխուդյանը այն չի տրամադրել իրավապահներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել