2007թ. օգոստոսի 30-ին թիվ N զորամասում մահացել է ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Տիգրան Օհանջանյանը:
Ըստ փորձաքննության եզրակացության, մահվան պատճառ է հանդիսացել էլեկտրահարումը: Տ. Օհանջանյանը պարանոցով եւ ձախ դաստակով հպվելով հենականգնակի ձգալարերին, ընկել է հպման լարման տակ: Նրա մարմնով փակվել է էլեկտրական շղթան, մարմնով անցել է 0,3 Ա հոսանք, որի 6,8%-ը՝ 0,026 Ա, սրտի միջով, ինչի հետեւանքով վերջինս էլեկտրահարվել եւ տեղում մահացել է:
Հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել թիվ N զորամասի կապի հանգույցի պետ, կապիտան Ռուստամ Ասատրյանին եւ կապի հանգույցի ռադիոբյուրոյի պետ, կրտսեր սերժանտ Կարեն Թովմասյանին՝ իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանք: Նախաքննությամբ պարզվել է, որ նշված անձինք խախտել են ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 73-րդ, 78-րդ, 80-րդ եւ 81-րդ հոդվածների պահանջները, չեն կատարել իրենց պարտականությունները՝ ոչ պատշաճ են իրականացրել Ռ-419 վերանորոգված կայանի տեղադրումը, չեն ապահովել տեխնիկական կանոնակարգերով սահմանված անվտանգության նորմերի պահպանումը, այն պատշաճ չեն ենթարկել ընդունման- հանձնման փորձարկումների, չեն ձեւակերպել ու փաստաթղթավորել հիշյալ գործողությունը եւ նշված կայանը թողել են միացված վիճակում: Արդյունքում՝ անտենան սնուցող մալուխի (լարման տակ գտնվող ջիղի) մեկուսացման շերտի խախտման՝ վնասման պատճառով մալուխի ջիղը մետաղական հենականգնակի հետ միակցման հետեւանքով (քանի որ հենականգնակը չի ունեցել համապատասխան հողակցում, իսկ դրանից միացված ձգալարերը «0»-ական պաշտպանիչ հաղորդալարին միացված չեն եղել) հենականգնակը եւ ձգալարերն ընկել են պոտենցիալի տակ, որը հանդիսանալով վտանգի աղբյուր, անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանք՝ պատճառ դառնալով զինծառայողի մահվան:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-ին մասով եւ քրեական գործը դեռեւս 30.05.2008թ. ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, իսկ նույն թվականի հունիսից սկսվել ու դեռեւս չի ավարտվել գործի դատաքննությունը:
Նշված քրեական գործի նկատմամբ տարբեր ԶԼՄ-ներ հատկապես վերջին շրջանում ցուցաբերում են մեծ հետաքրքրություն՝ երբեմն աղճատված եւ միակողմանի ներկայացնելով փաստական հանգամանքները: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ գործով մեղադրողը՝ Հարություն Հարությունյանը ներկայացրել է որոշ պարզաբանումներ մամուլում առավել շատ քննարկվող հանգամանքների վերաբերյալ.
«Մասնավորապես, տուժողի ծնողները տարակուսանք էին հայտնել, թե ինչու մեղադրողը չի մասնակցել դատարանի 11.08. 2009թ. որոշմամբ նշանակված համալիր փորձաքննությանը (էլեկտրատեխնիկական), որը կատարվել է 26.08.2009թ. դեպքի վայր հանդիսացող Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի մոտակայքում տեղակայված զորամասում, սակայն 19.07. 2009թ. գնացել էր գերեզմանատան տարածք՝ դատարանի որոշմամբ նշանակված արտաշիրմանը ներկա լինելու:
Պարզաբանում ենք, որ նախ՝ արտաշիրմումը դատավարական գործողություն է, որը կատարվում է դատարանի կողմից՝ դատավարության մասնակիցների, այդ թվում՝ մեղադրողի մասնակցությամբ: Մեղադրողը ծանուցված է եղել դատարանի կողմից, ինչպես նաեւ՝ ամբաստանյալները եւ նրանց պաշտպանը: Հրավիրված են եղել նաեւ տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչները, որոնք էլ նախաձեռնել էին շուրջ երկու տարի առաջ հուղարկավորված Տիգրան Օհանջանյանի դիակի արտաշիրմումը: Արտաշիրմումը ինչպես տեխնիկական, այնպես էլ իրավական, կազմակերպման խնդիրների, բարոյահոգեբանական եւ այլ տեսանկյուններից շատ բարդ գործողություն է: Դատարանը պատրաստվել էր այդ գործողությանը ամենայն լրջությամբ՝ նշանակված օրը գերեզմանատուն են եկել ոչ միայն դատավարության մասնակիցները, այլեւ հակահամաճարակային, քիմիական, բժշկական եւ անհրաժեշտ այլ բնագավառների ներկայացուցիչներ, ներգրավված են եղել համապատասխան ավտոտրանսպորտային եւ այլ տեխնիկական միջոցներ: Ավելին՝ դրա նախորդ օրը տեղի ունեցած հանդիպման ժամանակ բավարարվել էր նաեւ տուժողների խնդրանքը, որ արտաշիրման կատարմանը ներգրավվի նաեւ իրենց կողմից միջնորդված մասնագետը: Սակայն արտաշիրմում կատարելու օրը՝ Ս. Օհանջանյանի եւ նրա ներկայացուցիչների փոխարեն գերեզմանատուն է եկել Գոհար Սարգսյանը եւ հայտարարել, որ ամուսինը անկողնային հիվանդ է ու իրենք, որպես զոհվածի ծնողներ, համաձայն չեն, որ այդ օրը կատարվի նշանակված դատավարական գործողությունը: Այդ պատճառով դատարանը արտաշիրմում կատարելու համար նշանակված ժամը (12:00) լրանալուց հետո՝ կազմել է համապատասխան արձանագրություն՝ դատավարական գործողությունը չկատարելու վերաբերյալ: Ընդգծենք, որ արտաշիրման նախաձեռնությունն ի սկզբանե բխել էր տուժողի իրավահաջորդից եւ նրա ներկայացուցիչներից: Հաշվի առնելով, որ Ս. Օհանջանյանը եւ Գ. Սարգսյանը զոհված զինվորի ծնողներ են՝ չենք ուզում գնահատել նրանց գործողություններն ու արարքները եւ ըմբռնումով ենք մոտենում որդեկորույս ծնողների արտահայտություններին: Միայն հավելենք, որ 17.07.2009թ. թվագրված դիմումով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը խնդրել է նշանակված «դատաբժշկական փորձաքննության արտաշիրման միջոցով նշանակել դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն»:
Ինչ վերաբերում է 26.08.2009թ. դատաէլեկտրատեխնիկական փորձաքննության կատարմանը մեղադրող դատախազի ներկա չլինելուն, ապա տեղեկացնում ենք, որ, ի տարբերություն արտաշիրման, փորձաքննության կատարմանը ներկա գտնվելը դատավարության մասնակիցների իրավունքն է եւ ոչ թե պարտականությունը: Ավելին՝ փորձաքննության կատարմանը ներկա գտնվելու կամ մասնակցելու համար դատախազը հրավիրված չի եղել: Հաշվի առնելով, որ փորձաքննության կատարումը դեռեւս չի ավարտվել՝ ձեռնպահ ենք մնում որեւէ հետեւություն անելուց: Սակայն նկատի ունենալով, որ ԶԼՄ-ներով տարածվել է, թե փորձաքննությամբ փաստվել է, որ ալեհավաքում առկա լարումը բավարար չէ մարդուն մահ պատճառելու համար՝ ընդամենը 30 վոլտ է, եւ հետեւություն արվել, թե երկու տարի առաջ այստեղ Տիգրան Օհանջանյանը չէր կարող էլեկտրահարվել եւ դրա հետեւանքով մահանալ: Պարզաբանում ենք, որ զորամասը չէր կարող լինել դեպքի վայրը, որտեղ 2007թ. օգոստոսի 30-ին արձանագրվել է երկու անձանց էլեկտրահարման դեպք (հոսանքահարված զինվորներից մեկը, բարեբախտաբար, չի մահացել), այնուհետեւ շուրջ մեկ շաբաթվա ընթացքում տարբեր գերատեսչությունների մասնագետների կողմից կատարված ստուգումների եւ հետազոտությունների արդյունքում փաստվել է մարդու կյանքի եւ առողջության համար վտանգավոր էլեկտրալարման առկայությունը, երկու տարի՝ մինչ օրս թողնել նույն վտանգավոր վիճակում: Տրամաբանական է, որ ապահովվել է ռադիոկայանի անվտանգ աշխատանքը: Զարմանալի կլիներ, եթե այսօր, դեպքից երկու տարի անց, փաստվեր, որ ռադիոկայանում դեռեւս առկա է մարդկանց կյանքի համար վտանգ պարունակող էլեկտրալարման արտահոսք»: