Այսպես հակադարձեց Գագիկ Մինասյանը Վարդան Խաչատրյանին՝ հարստացնելով հայ-թուրքական փաստաթղթերի շուրջ առածանին:
Բավական բուռն ընթացավ երեկ «Հայելի» ակումբում ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մինասյանի եւ «Ժառանգության» վարչության քարտուղար Վարդան Խաչատրյանի բանավեճը: Սակայն մինչ դրանից որոշ մանրամասներ փոխանցելը՝ նշենք, որ ՀՀԿ պատգամավորի գնահատականով. «Մենք գտնվում ենք հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի վերջին փուլի սկզբում»:
«Ժառանգության» պատգամավորը նշեց. «Այս արձանագրությունների եւ նրանց շուրջ ընթացող բանակցությունների արդյունքում Թուրքիան իր համար ամենացանկալի նպատակներից մեկին հասել է, եւ մենք պետք է խոստովանենք, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մեջ լուրջ դերակատարություն է այսօր ստանձնել Թուրքիան եւս»: Գագիկ Մինասյանն այս դիտարկմանն արձագանքեց Էդվարդ Նալբանդյանի պես՝ ասացվածք մեջբերելով, եւ նշեց. «Շատ դժվար է վիճարկել այդ թեզը հատկապես մեկի հետ, որը փորձում է մութ սենյակում գտնել սեւ կատու, երբ որ նա այնտեղ չի: Արձանագրության մեջ որեւէ արձագանք չկա ղարաբաղյան հակամարտությանը։ Միգուցե նաեւ կարելի է ասել, որ այս արձանագրությունն ուղղակի կապված է Կուրիլյա՞ն կղզիների պրոբլեմի հետ։ Չկա՛ այդպիսի բան»: Գագիկ Մինասյանն անգամ լավատեսական կանխատեսում արեց. «Կարծում եմ, որ եթե գործընթացն ավարտվի համաձայնագրերի վավերացմամբ՝ մեր տարածաշրջանում էապես կբարձրանա Հայաստանի դերն ու կշիռը, եւ դա նաեւ կնպաստի ԼՂ խնդրի արդարացի լուծմանը»:
Վարդան Խաչատրյանի գնահատականով՝ այս արձանագրությունները ոտնահարում են շահերն այն անձանց, որոնք պահանջատեր են. «Եթե ամրագրում ենք սահմանների ճանաչման հարցը, ուրեմն ճանաչում ենք եւ մեր հայրենազրկումը»: Հավելեց, որ եթե ընդունում ենք, թե Ցեղասպանությունը պիտի ճանաչվի՝ այն պիտի ներառի նաեւ հատուցում, մինչդեռ այս փաստաթղթերի պայմաններում տվյալ խնդրի լուծումը խիստ դժվարացել է: Գագիկ Մինասյանն ի պատասխան էլի պնդեց, թե նախաստորագրված արձանագրություններում բացարձակապես չկան ասվածը հաստատող պնդումներ. «Ախր մի ասացեք այդպիսի բան, որ ճանաչվում է մեր հայրենազրկումը, քանի որ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը եղել եւ մնում է մեր արտաքին քաղաքականության օրակարգում: Եվ օրակարգում գտնվող այդ հարցի հաջող հանգուցալուծման պարագայում՝ անկախ նրանից, թե ինչ էր գրված այս փաստաթղթերում՝ այդ բոլոր հարցերը միանշանա՛կ վեր են բարձրանալու»:
Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ պարտադիր էր արձանագրություններում նշել, որ Հայաստանն ու Թուրքիան ճանաչում են միմյանց սահմանները՝ ՀՀԿ պատգամավորը պատասխանեց հարցով. «Իսկ ինչո՞վ է դա մեզ վնասում»: Հետեւեց պատասխան՝ այսպիսով վավերացվում է Ցեղասպանության արդյունքը, եւ Գագիկ Մինասյանը հակադարձեց. «Բացարձակապե՛ս չկա այդպիսի բան: Սա միջազգային փաստաթղթերում արձանագրված նորմերից մեկն է: Մի շարք այդպիսի նորմեր արձանագրված են փաստաթղթում»:
Վարդան Խաչատրյանը նշեց, թե այս փաստաթղթերով Թուրքիային փաստորեն հնարավորություն է տրվել, որ «մարսի իր ագրեսիան», եւ անհրաժեշտ համարեց, որ միջազգային հանրության կողմից գնահատական տալու հարց առաջ քաշվեր բանակցություններում: «Դա մեր կողմից նշելը կլիներ նախապայման, եւ այսպիսով կհամաձայնեինք, որ Թուրքիան էլ ի՛ր նախապայմաններն առաջադրեր»,- հակադարձեց Գագիկ Մինասյանը:
«Ժառանգության» ներկայացուցչի հարցադրումներին, թե ինչպե՞ս կարելի էր համաձայնել ստեղծել պատմական ենթահանձնախումբ, եւ ի՞նչ պետք է ասենք բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ ՀՀԿ ներկայացուցիչը պատասխանեց, թե դա լինելու է առաջարկություններ ներկայացնելու հանձնաժողով, որում պատմաբաններ ներգրավված չեն լինելու, այլ միայն չինովնիկներ. «Եվ ես չեմ բացառում, որ Թուրքիային առաջարկ արվի ընդունել Հայոց ցեղասպանությունը»:
Եվ վերջապես, երբ Վարդան Խաչատրյանը հարց տվեց. «Ինչպե՞ս եք գտնում, կարո՞ղ է փակվել այդ բացված ճանապարհը»՝ Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Իհարկե՜, իհարկե՜: Բայց կարող է մենք հիմա դուրս գանք՝ եւ, Աստված մի արասցե, մի հատ քյարփինջ ընկնի մեր գլխին»: