Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՆՐԱՔՎԵ

Սեպտեմբեր 04,2009 00:00

\"\"Ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի հրապարակած հայտարարության՝ հանրաքվեի պիտի դրվեն հայ-թուրքական փաստաթղթերը եւ ՀՀ նախագահի վստահության հարցը:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին՝ վստահություն էր հայտնել. «Հայաստանը նախաստորագրել է Կարսի պայմանագրի դրույթների հաստատումը։ Եթե պետք է լիներ որեւէ միջկառավարական հանձնաժողով, որը պետք է քններ պատմությունից եկող վիճահարույց հարցերը, ուրեմն որպես վերջագույն զիջում պետք է լիներ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանազատման խնդիրը»։

Երեկ էլ «Ժառանգություն» կուսակցությունը հրապարակեց իր հայտարարությունը, որում, ճիշտ է, կարեւորվում է «Հայաստանի եւ Թուրքիայի՝ որպես հարեւան երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունների ձեւավորումը, երկու ժողովուրդների միջեւ առկա խորը անվստահության զգացողության փարատումը եւ լարվածության մեղմացման անհրաժեշտությունը», այդուհանդերձ՝ մի շարք մտահոգություններ են արտահայտվում հրապարակված փաստաթղթերի վերաբերյալ: Նախ՝ «անթույլատրելի ու անընդունելի» է որակված հասարակությանը կայացած փաստերի առաջ կանգնեցնելու «արատավոր գործելաոճը, որը կրկնվեց 2009թ. օգոստոսի 31-ին՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված երկու արձանագրությունների ի հայտ գալուն պես»: Ըստ «Ժառանգության»՝ նման գործելաոճը հարվածում է առաջին հերթին գործընթացի վստահելիությանը:

Հայտարարության մեջ վրդովմունք է արտահայտված, որ թեեւ ամիսներ շարունակ ՀՀ իշխանությունների ու միջազգային դիվանագետների կողմից ներկայացվել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է առանց նախապայմանների՝ «Հրապարակված երկու արձանագրությունները վկայում են, որ 1991-ից հայ եւ միջազգային հանրությանը քաջ հայտնի թուրքական նախապայմաններն ուղղակիորեն տեղ են գտել դրանցում»: Կուսակցությունն ահազանգում է. «Նախաստորագրված երկու արձանագրությունների այս տեսքով վավերացումը կործանարար ազդեցություն եւ անդառնալի հետեւանքների է հանգեցնելու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, որտեղ Հայաստանը Թուրքիային նվիրաբերում է «ադրբեջանական տարածքային ամբողջականության շրջանակներում նրա հողերի բռնազավթումից խոսելու» իրավունքը, մինչդեռ իրեն զրկում է իր հայրենիքը Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու պատմական փաստերից խոսելու իրավունքից»:

Եվ «Ժառանգությունը» պահանջում է՝ «Մինչեւ արձանագրությունների վերջնական ստորագրումն ու վավերացումը՝ դրանց վերաբերյալ հանրության կարծիքն ամփոփելու նպատակով առաջիկա 6 շաբաթների ընթացքում հանրաքվեի դնել համաձայնեցված փաստաթղթերը՝ զուգակցված երկրի արտաքին քաղաքականության համար պատասխանատու ՀՀ նախագահի վստահության հարցով»: Կուսակցությունն ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկից, այսինքն՝ սեպտեմբերի 14-ից, նախաձեռնելու է նման հանրաքվե անցկացնելու ստորագրահավաք. «Իսկ դրան զուգահեռ կամ դրա անհնարինության պարագայում դիմելու է ՀՀ կառավարությանը՝ «Հանրաքվեի մասին» օրենքում իրեն վերապահված իրավասությունն իրականացնելու պահանջով»: «Ժառանգությունը» նաեւ խորհրդակցություններ է սկսելու կուսակցությունների եւ մասնագետների հետ:

Այս հայտարարությամբ խորհրդարանական ընդդիմադիր ուժը դիմում է Ազգային անվտանգության խորհրդին՝ «խնդրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերի եւ մասնագիտական շրջանակների մասնակցությամբ նիստ հրավիրելու պահանջով»: «Ժառանգությունը» նաեւ հայտնում է, որ դիմելու է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությամբ ամրագրված նպատակներին նախաստորագրված արձանագրությունների համապատասխանությունը քննելու պահանջով:

Երեկ «Հայացք» ակումբում այս հայտարարությունը հրապարակելուց հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն «Առավոտի» հարցին ի պատասխան՝ նշեց, թե համարում են, որ այս արձանագրությունների քննարկումների համար նախասահմանված 6 շաբաթյա ժամկետը բավարար են համարում ե՛ւ հանրաքվեի, ե՛ւ ՍԴ-ում քննության համար: Թեեւ նկատենք, որ որպես կանոն՝ այս գործընթացներն ավելի շատ ժամանակ են պահանջում: Նաեւ հարցական է, թե արդյոք քննարկումների այս 6 շաբաթյա ժամկետում հնարավո՞ր են արմատական փոփոխություններ արդեն իսկ նախաստորագրված փաստաթղթերում: «Հնարավորություններ միշտ էլ, կարծում եմ, կան, եւ ոչ միայն հայկական կողմից, այլ նաեւ Թուրքիայի կողմից,- մեր հարցադրմանն ի պատասխան նկատեց պրն Մարտիրոսյանը:- Եթե Հայաստանի իշխանություններն առաջնորդվեն պետական եւ համայն հայության շահերով՝ կարծում եմ, հնարավորություն կա կանխելու այն բացասական միտումները, որոնք տեղ են գտել նախաստորագրված արձանագրություններում»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարի համար, սակայն, վիճահարույց էր, որ իշխանությունն իրոք ցանկություն ունի անցկացնել հանրային քննարկումներ. «Հակառակ պարագայում, կարծում եմ՝ նմանատիպ գործընթացներ սկսելուց առաջ նախ պետք է հասարակական-քաղաքական-մասնագիտական շրջանակների հետ տեղի ունենային քննարկումներ, պարզվեր այն շրջանակը, որը ՀՀ պետական շահի տեսանկյունից կարող է ընդունելի լինել՝ նոր միայն այդ շրջանակներում տեղի ունենային բանակցություններ: Եվ ոչ թե ամեն անգամ առավոտ կանուխ լսեինք հերթական հայտարարության մասին: Կարծում եմ՝ այս ասուլիսում տեսախցիկների բացակայությունը եւս ասվածի ապացույցն է եւ նախագահի կողմից իրական հանրային քննարկումներ իրականացնել ցանկանալու հակառակ պատկերը»:

Հ. Գ. «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն «Ա1+»-ին ասել է, թե հանրաքվե անցկացնելու «Ժառանգության» առաջարկն այդքան էլ նպատակահարմար չէ: Նա նկատել է, որ այդ դեպքում հանրաքվե պետք է անցկացվի ոչ թե Հայաստանում, այլ ողջ հայության շրջանում, քանի որ Թուրքիայից տուժած հայերն ապրում են հիմնականում Հայաստանից դուրս, եւ նրանց մոտեցումը շատ ավելի կարեւոր է. «Իշխանությունը պիտի իմանա Սփյուռքի, Ղարաբաղի, Հայաստանի տեսակետը, բայց դա կարող է անել լեգիտիմ իշխանությունը՝ այս իշխանությունը չի կարող»: Նշենք, որ «Ժառանգությունը» հայտարարության մեջ նշել է, թե առաջիկայում խորհրդակցությունների շարք է սկսելու Սփյուռքի կազմակերպությունների՝ «իբրեւ հայ-թուրքական պատմական դիմակայության լեգիտիմ կողմի հետ», ու նաեւ ակնկալում է ԼՂՀ ղեկավարության եւ հասարակական-քաղաքական շրջանակների դիրքորոշումն այս արձանագրությունների վերաբերյալ, «որոնք միանշանակ անդրադառնալու են ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման հետագա գործընթացի վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել