Ամեն ինչ սկսվեց դեռեւս այն ժամանակ, երբ մեր ճանաչած ժամացույցի ճոճքը չէր, որ որոշում էր անցնող օրերն ու տարիները, եւ ոչ էլ օրացույցն էր որոշում՝ լիներ շումերական, եգիպտական, մայաների կամ հայկական: Քանի որ ժամանակը, ինձ թվում է, ինքնին գոյություն չունի, եւ ինքն ի սկզբանե անժամանակն է, եւ մարդը չափում էր ոչ թե ժամանակը, այլ շարժումը, որպեսզի կանոնավորի իր կյանքը, որպեսզի հաշվի ու մտածի՝ երկա՞ր ապրեց, թե՞ կարճ, քանի՞ գարուն տեսավ եւ ինչպե՞ս հասավ ձմռանը: Եվ անժամանակների մեջ եղավ այնպես, որ սովի, ցրտի, նախճիրների ու ջրհեղեղահալածության միջով անցած մարդիկ չդարձան հարազատներ, մնացին օտար, եւ իրենց թվում էր, թե ժամանակը հավերժական հոսող մի առու է, որի ափին նստած՝ ոտքերը կկախեն ժամանակ հոսող ջրի մեջ, ուր կխլրտան ձկները երթեւեկ, եւ այդ ջուրը հատկապես իրենց համար է հոսում: Եվ եղան մարդիկ-տիրապետողներ, որոնց թվաց, թե իրենց կյանքն անվախճան է, ինչպես իրենց տիրապետությունը, եւ իրենք կհաղթեն ժամանակներին եւ կլինեն անմահ: Սակայն Խորեզմում մի հրաշալի տղա աստղադիտարան սարքեց եւ տեսավ երկնային անհայտության հայտնի շարժումները: Երբ նա գրեթե արդեն, արդեն հասկանում էր այն, ինչը մենք մինչ օրս փնտրում ենք… հայտնվեց Չինգիզ Խանը եւ նրա բոլոր հայտնաբերած աստղերի փոխարեն դրեց իր անունը երկնքում՝ հավատալով, որ աստղերից երկար կապրի՝ մոռանալով, սակայն, որ անցած օրը ընդամենը այսօրվա հիշողությունն է, իսկ այսօր ծնվում է վաղվա տեսիլքը, որտեղ ինքը երկնքում չէ այլեւս… Հիշում եմ, բայց չեմ գտնում վկայողին, թե ինչպես մի անգամ մի թուրք աստղագետ մի նոր աստղ հայտնաբերեց եւ աստղագետների համաշխարհային գիտաժողովում ներկայացրեց իր հայտնաբերածը, սակայն ոչ ոք նրան չհավատաց, որովհետեւ թուրք աստղագետը չալմայով էր: Անցան տարիներ, եւ անհայտ աստղը հայտնաբերող նույն թուրք գիտնականը Փարիզում նույն գիտնականների առջեւ ներկայացրեց նույն աստղը, եւ այս անգամ նրան հավատացին, որովհետեւ նա եվրոպական կոստյումով էր եւ հանել էր գլխի չալման: Եվ այսօր եղեռնի եւ նախճիրների միջով անցած մեր երկիրը երկխոսություն է սկսում իր հարեւանի հետ, ով, քոչելով սիբիրներից, տիրապետեց հայոց եւ հունաց հայրենիքներին, ուր եւ կարողացավ հիմնադրել իր պետությունը: Եվ ես հույս ունեմ, որ այսօր հասել է ժամանակը, որ մեր հարեւան թուրքը չի կարող ներփակվել սիբիրներից բերած նվաճողի իր սրտի մեջ եւ գուցե ոչ, իհարկե՝ ոչ ամբողջությամբ, թերեւս մասնակի, բայց անկեղծ, կընդունի մեր երկրի նախագահի մեկնած ձեռքը… Եվ մի օր անպայման ներողություն կխնդրի, քանի որ ոչ Չինգիզ Խանի եւ ոչ էլ Լենկ Թեմուրի աստղը երկնքում չէ, բայց կա երկիրը, որտեղ դու, իմ թուրք հարեւան, չես կարող այլեւս չալմայով ապրել, որովհետեւ քո ազգի մենությունն արդեն քո թշնամին է…