Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոյանը քրեորեն պատժելի արարքը տեղ-տեղ է տեսնում»

Սեպտեմբեր 04,2009 00:00

Մինչդեռ «փաստահավաքի» անդամները դեռ օրեր առաջ էին այդպիսի այլ փաստ մատնանշել

Ընդամենը վերջերս, երբ արդեն լուծարված Փորձագետների փաստահավաք խմբի երկու ընդդիմադիր անդամները՝ Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանը, հրապարակեցին իրենց՝ թվով 4-րդ զեկույցը, մեծ աղմուկ ու աժիոտաժ եղավ: Հիշեցնենք, որ այդ զեկույցը, ըստ էության, վերաբերում էր մարտի 1-ի իրադարձություններին ՀՀ պաշտոնյաների եւ օլիգարխների սափրագլուխների մասնակցությանը: Իշխանության ներկայացուցիչները կամ նրանց շահերը սպասարկողները անմիջապես դրանում «զրպարտության» ու անգամ «սուտ մատնության» հատկանիշներ տեսան: Բայց խնդիրն այն է, որ բացի խիստ քաղաքականացված դատողություններ ու զգացական հայտարարություններ անելուց՝ որեւէ մեկը, այդ թվում՝ նաեւ «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, իրականում շահագրգիռ չէ պարզել ո՛չ այդ եւ ո՛չ էլ Խմբի կողմից փոխանցված մյուս փաստական նյութերը, պաշտոնյաների, զինծառայողների եւ այլոց տեսագրված ցուցմունքները:

Այս եզրահանգման օգտին է խոսում նաեւ այն փաստը, որ խորհրդարանական հանձնաժողովը, որի ձեռքի տակ արդեն ամիսներ շարունակ կա սենսացիոն հայտարարություններ պարունակող մի տեսագրություն, այդ առնչությամբ դեռ չի դիմել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ փաստը ստուգելու եւ քրգործ հարուցելու առաջարկությամբ, ինչպես տեղ-տեղ անում է: Խոսքը վերաբերում է ՀՀ ոստիկանության զորքերի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Դաստակովի՝ Խմբում արած հայտարարություններին, որոնք, ի դեպ, տեսագրված են: Սա այն անձն է, որի վրա կառուցվել է Մելիք-Ադամյան փողոցում կանգնած զինված մարդկանց գոյությունը: Դաստակովը Խմբում հայտարարել է, թե՝ մարտի 1-ի ցերեկը Մելիք-Ադամյան փողոցում տեղակայված է եղել իր ղեկավարած զորամասը: Բայց երբ Խմբի անդամները համապատասխան տեսագրությունը դիտելիս հարցրել էին, թե՝ ո՞վ է իր կողքին կանգնած այս մարդը, այն մեկը՝ որ ռացիայով է, Դաստակովը խոստովանել էր, թե չի ճանաչում: «Նա իրականում դրա հետ ոչ մի կապ չունի»,- համոզմունք ունի Ա. Քոչարյանը: Դաստակովը Խմբում եղած ժամանակ իր համար անհարմար իրավիճակներից դուրս գալու համար, Ս. Սաֆարյանի ասելով, այնքա՜ն անհեթեթ բաներ էր ասել: Օրինակ, գնդապետի խոսքերից պարզվել էր, որ նա իր սեփական մեքենայի բեռնախցիկն է լցրել 18 ավտոմատ, տարել ու բաժանել է մարդկանց, որոնց չի ճանաչել: «Եվ այդ զենքերը փորձաքննության ենթարկված չեն: Իրականում նա չէր կարող զենք ստանալ: Չկա նման կարգ: Ամեն մի զինծառայող ինքն է իր զենքը ստանում՝ անհատապես: Ավելին, նա ասում է, որ իրեն զենք ստանալու հրաման է տվել գնդի հրամանատարը, երբ վերջինս նրան հրաման տալու իրավունք չուներ, ու Դաստակովն էլ իրավունք չուներ գնալու պահեստ ու ասելու՝ բացեք, մի 18 հատ ավտոմատ լցրեք բագաժնիկը, ես գնացի: Այս մարդը դա ասել է, եւ դա ձայնագրված է: Եթե հանձնաժողովը ուսումնասիրած լիներ այդ նյութը, դա անմիջապես պիտի ուղարկած լիներ դատախազություն՝ քրգործ հարուցելու համար»,- դեռ մի քանի օր առաջ հայտարարել էր Ա. Քոչարյանը՝ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին խնդրելով՝ մինչեւ եզրակացություններ անելը լավ ուսումնասիրել Խմբի կողմից իրենց փոխանցված այդ նյութերը, որոնք, նրա ասելով՝ կարեւոր են մարտիմեկյան դեպքերի մասին ամբողջական պատկեր ձեւավորելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել