Լրահոս
Օրվա լրահոսը

Կրոնասիրության բացակայությունը՝ ազգային սպառնալիք

Սեպտեմբեր 03,2009 00:00

Ռուսաստանին այսօր դիմագրավող ազգային սպառնալիքների վարկանիշում կրոնասիրության բացակայությունը վերջին տեղերից մեկում է, իսկ առաջատարն է տնտեսական ճգնաժամը: Այդպիսին են սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքները: Ռուսաստանցիների լոկ 3%-ն է կրոնասիրության բացակայությունը համարում Ռուսաստանի համար առավել սպառնալի երեւույթ, նույնքան տոկոսն էլ հիմնական սպառնալիք է համարում մշակույթի բացակայությունը եւ վատ շրջակա միջավայրը: Այդ մասին «Ինտերֆաքսին» հայտնել են հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնում՝ Ռուսաստանի 42 շրջանների 140 բնակավայրերում անցկացված հարցման արդյունքների հիման վրա:

Միեւնույն ժամանակ, պատասխանողների 11%-ը երկրին դիմակայող գլխավոր ազգային սպառնալիք է համարում տնտեսության ճգնաժամը, արդյունաբերության եւ գյուղատնտեսության տկարությունը: Երկրորդ տեղում են ալկոհոլամոլությունը, թմրամոլությունը, բնակչության դեգրադացիան (9%), իսկ երկրի համար գլխավոր վտանգների եռյակը եզրափակում է ռազմական սպառնալիքը ԱՄՆ-ի (ՆԱՏՕ-ի, ընդհանուր առմամբ՝ Արեւմուտքի) կողմից, երրորդ համաշխարհային պատերազմի հնարավորությունը (7%):

Պատասխանողների եւս 11%-ը Ռուսաստանին դիմագրավող գլխավոր ազգային սպառնալիք է համարում ահաբեկչությունը, աղքատությունը, բնակչության ցածր կենսամակարդակը, կոռուպցիան, գողությունը եւ բյուրոկրատիզմը, աշխատազրկությունը, պատասխանողների 5-ական տոկոսը զգուշանում է ժողովրդագրական ճգնաժամից եւ հարավի ու արեւելքի կողմից պատերազմի սպառնալիքից: 4%-ը կարծում է, թե Ռուսաստանի համար սպառնալիք են «թեժ կետերը»՝ ներառյալ Չեչնիան, Դաղստանը եւ այլ տարածաշրջաններ, երկրի տարածքում տեղային բնույթի պատերազմները:

Ընդ որում, ռուսաստանցիները դադարել են մատնանշել այնպիսի սպառնալիքներ, ինչպիսիք են գաղթականները Չինաստանից, հեղափոխության հնարավորությունը, կախվածությունն արեւմտյան պարենամթերքից, անվճար կրթության անմատչելիությունը, բժշկական սպասարկման վատ որակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել