Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՍՊԱՆԱԿԱՆ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔՈ…

Սեպտեմբեր 03,2009 00:00

Իսպանական մթնոլորտ՝ լողավազանի մոտ

\"\"«Իսպանական, լատինաամերիկյան մշակույթը հայերին շատ հոգեհարազատ է, դա է պատճառը, որ մեր կազմակերպած միջոցառումներին հասարակությունը այդքան մեծ աղմուկով է արձագանքում, սակայն նրանց համար դեռ անսովոր է լողավազանում կամ նրա շրջակայքում լողազգեստով պարել սամբա, ռումբա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց արդեն 6 տարի Երեւանում գործող՝ իսպանական, լատինական ոճի միջոցառումներ կազմակերպող «Իսպանական կենտրոն» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Փարսյանը:

Նրա խոսքով, մեր հասարակությունը իսպանական մշակույթին առնչվելու համապատասխան միջոցներ եւ բազա չունի. «Կենտրոնը հիմնադրվել է 2004 թվականին: Հիմնադրման համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ աստիճանաբար հայ հասարակությունը մեծ \"\"հետաքրքրություն է ցուցաբերել իսպանախոս աշխարհի նկատմամբ, իսկ այդ տարիներին չկար որեւէ նմանօրինակ կազմակերպություն կամ այլ աղբյուր՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար: Ելնելով այդ ամենից, Իսպանիայի ու Լատինական Ամերիկայի ներկայացուցիչներ Նեստոր Մարտինեսի (Իսպանիա), Խուան Կառլոս Ֆլորեսի (Էկվադոր) եւ Կառլոս Անթառամյանի (Մեքսիկա) հետ համատեղ որոշեցինք ստեղծել մի այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա իսպանասեր հասարակությանը ծանոթանալ այդ աշխարհին»:

Ա. Փարսյանի փոխանցմամբ, ստեղծվեց մի ծրագիր, որը միջոցառումների համալիր է. «Միջոցառումները կենտրոնացված են Իսպանիային առնչվող ամեն ինչի վրա, որը նախատեսված է բոլոր նրանց համար, որոնք հետաքրքրված են իսպաներեն լեզվով, մշակույթով, արվեստով, երաժշտությամբ: Կազմակերպում ենք դասընթացներ, բանավեճեր, սեմինարներ…»:

Բացի կրթական ծրագրերից՝ դասընթացներից, սեմինարներից, «Իսպանական կենտրոնը» Իսպանիան պրոպագանդում է նաեւ պարբերաբար կազմակերպվող երեկոների, միջոցառումների, պարային դասընթացների, համերգային ծրագրերի տեսքով. «Դա մեր ծրագրերի զգալի մասն է: Օրինակ, վերջերս՝ օգոստոսի 29-ին «Կոնգրես» հյուրանոցի լողավազանի շրջակայքում կայացավ մեր հերթական երեկույթը՝ «Երեւան De Janeiro» խորագրով, որտեղ փորձեցինք ստեղծել բրազիլական կոլորիտ՝ այն անվանելով հայկական Բրազիլիա: Երեկոյի ընթացքում լողավազանի շուրջ պարում էին lambada, ջրի մեջ՝ samba եւ axe, փրփուրների տակ ֆուտբոլ խաղում բրազիլացիների հետ: Մի խոսքով, ամեն ինչ հիշեցնում էր Rio de Janeiro-ն, այնտեղի վարքն ու բարքը: Այսինքն՝ ներկաներից յուրաքանչյուրը այդ օրն իրեն զգում էր Ռիոյում: Նշեմ, որ իսպանական միջոցառումներ Հայաստանում ավելի վաղ էին սկսվել կազմակերպվել, քան այս կենտրոնը կար: Հենց այդ միջոցառումներից առաջացած աշխուժության պատճառով էլ բացեցինք մեր կենտրոնը: Բոլոր ժամանակներում հայերը միշտ սիրով են վերաբերվել լատինաամերիկյան ոճի պարերին, երաժշտությանը: Երբ դեռ նոր էինք սկսում երեկույթներ կազմակերպել, վստահ էինք, որ մեծ հաճախելիություն եւ երեկույթների ընթացքում հոծ բազմություն կունենանք, քանի որ դրանք նման չեն քաղաքում ամեն օր կազմակերպվող երեկույթներին, party-ներին: Մեր նպատակը եղավ իսպանա-լատինական ոճի մեջ ժամանց անցկացնելու տարբերակ նախընտրողներին տրամադրել այդ ամենը, բայց ճիշտ ձեւով, այսինքն՝ կոռեկտ երաժշտություն, ճիշտ երեկո անցկացնելու տարբերակ: Շրջապատում շատերն են կրկնօրինակում, փորձելով ավելի հետաքրքիր տարբերակներ առաջարկել՝ կազմակերպելով տարբեր երկրներին նվիրված երեկույթներ՝ մանրամասն չուսումնասիրելով տվյալ պետության մշակույթը: Օրինակ, վերջերս կազմակերպվել էր «Կուբա» party, պլակատի վրա նկարված էր բրազիլական կառնավալի տեսարան եւ welcome drink խմիչքը, ինչն էլ մատուցում էին որպես իսպանական սանգրիլա: Իրականում Կուբան ոչ Բրազիլիայի հետ կապ ունի, ոչ՝ Իսպանիայի. այդ ամենը խառնել էին իրար եւ ստեղծել ինչ-որ մուտացիա: Սա նշանակում է՝ երեկոյի կազմակերպիչները մարդիկ են, ովքեր չեն հասկանում դրանից. կոպիտ սխալ է պլակատի վրա Կուբան խորհրդանշելու համար դնել բրազիլական կառնավալ»:

Հարցին՝ ինչո՞վ են տարբերվում իրենց party-ները մյուսներից, Ա. Փարսյանն ասաց. «Ամեն երեկո ունի իր թեման, իր հաջորդականությունը, նպատակը: Մեր բոլոր երեկույթները անցկացվում են լողավազանի շրջակայքում, որովհետեւ իսպանական, լատինաամերիկյան երեկոները տեղի են ունենում ծովափյա շրջաններում: Եվ քանի որ ծովափ ապահովելու հնարավորություն չունենք, այդ ամենը իրականացնում ենք լողավազանի մոտ»:

Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, իրենց կազմակերպած միջոցառումների ժամանակ այցելուների պակաս չեն ունենում, իսկ միջոցառումներ կազմակերպում են գրեթե ամեն ամիս. «Միջոցառումների ժամանակ 600-800 մարդ է լինում»:

Մեր զրուցակիցը դժգոհում է հայերի՝ dress code-ի նկատմամբ անլուրջ վերաբերմունքից. «Ամեն երեկույթ ենթադրում եւ պահանջում է իր համապատասխան հագուստն ըստ թեմատիկայի, սակայն հայերի համար դա ոչ մի նշանակություն չունի: Օրինակ, հայտարարում ենք՝ dress code-ը ծովափնյա է, բայց գալիս են շքեղ երեկոյան հագուստներով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել