Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԵՐԻ ՇՈՈՒ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴԵՆ ԻՆՁ ԷԼ ԵՆ ԴԵՄՔՈՎ ՃԱՆԱՉՈՒՄ»

Սեպտեմբեր 03,2009 00:00

\"\"Որ հանրահայտ պրոումոթեր Գերի Շոուն վաղուց Հայաստան այցելելու ցանկություն ուներ, աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը մեկ անգամ չէ, որ ասել է: Սակայն օրերս պարոն Շոուի ժամանումը Հայաստան՝ Վիկի երկրպագուների համար ինչ-որ չափով անակնկալ էր:

«Առավոտի» հետ հաճախակի շփումներում Վիկն ասում էր. «Քանի դեռ Հայաստանում եմ, հնարավոր է, որ Գերին նույնպես մի քանի օրով գա, չնայած նա անչափ զբաղված մարդ է»: Ու եկավ: Կոնկրետ նպատակով:

Հայաստանում նրա ծրագիրը խիստ հագեցած էր լինելու: Այդուհանդերձ, նրա ու Վախթանգի հետ համատեղ հարցազրույց կազմակերպելու հնարավորություն մեզ ընձեռվեց:

  \"\"
Վիկ Դարչինյանի թիմը ամբողջական կազմով՝ «Զվարթնոց» օդանավակայանում:

 

 

 

 

– Նախ, բարի գալուստ Հայաստան:

– Շնորհակալություն: Ես վաղուց էի ուզում տեսնել այն երկիրը, ծանոթանալ այն շրջապատին, որը ծնել ու աշխարհին է տվել բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանին: Հավատացեք, պրոֆեսիոնալ բռնցքամարտում դա բացառիկ երեւույթ է եւ հատուկենտ երկրներ կարող են նման բանով հպարտանալ: Ուրախ եմ, որ այս անգամ հաջողացրի գալ Հայաստան:

– Դուք աշխարհում ճանաչված պրոումոթեր եք եւ Ձեր ու Վիկի համագործակցությունը սկսվել է շուրջ չորս տարի առաջ: Ինչպե՞ս միմյանց գտաք:

– Պրոֆեսիոնալ բռնցքամարտում բոլորը միմյանց լավ են ճանաչում:

– Համագործակցելու որոշում կայացնելիս չէի՞ք անհանգստանում, որ, հնարավոր է, այն չստացվի, ինչ ակնկալում եք:

– Ես Վախթանգին վաղուցվանից ու շատ լավ եմ ճանաչում: Անհամեստություն թող չթվա, բայց ամեն մեկի հետ չեմ աշխատում: Ուրախ եմ, որ փորձառությունս այս անգամ էլ ինձ չդավաճանեց, ու մենք միասին նվաճեցինք աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը:

– Լսել ենք, որ կոնկրետ նպատակով եք եկել Հայաստան:

– Այո: Մտադիր եմ եկող տարվա գարնանը Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոու կազմակերպել, որի ժամանակ կկայանա Վիկի հերթական մարտերից մեկը: Վախթանգն ինձ շատ է պատմել Հայաստանի, հայ ժողովրդի մասին: Այնքան շատ ու համով, որ մեջս ձեր երկիրն անձամբ տեսնելու ու այստեղ շոու կազմակերպելու պահանջ է առաջացել: Դրա համար էլ այստեղ եմ:

– Այդ օրը կլինեն նաեւ ա՞յլ մենամարտեր:

– Այո: Ինչպես լինում է, ասենք, Լաս Վեգասում: Պիտի աշխատենք, որ այդ երեկո ռինգ մտնեն նաեւ այլ հանրահայտ բռնցքամարտիկներ՝ չեմպիոններ ու առաջին համարներ:

– Եվ ի՞նչ եք կարծում, կստացվի՞ ծրագիրն իրականացնել:

– Գործնական քայլերի դիմելուց առաջ ամենակարեւորը երկրի առաջին դեմքերի համաձայնությունն ու աջակցության պատրաստակամությունն ստանալն է: Այստեղ ինձ ընդունեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նրանք, տեղեկանալով ծրագրերին, ոգեւորվեցին ու ամեն ինչով դրան նպաստելու պատրաստակամություն հայտնեցին: Անկեղծ ասած, նման ոգեւորություն չէի պատկերացնում: Ես բազմաթիվ երկրներում եմ եղել, հանդիպել նախագահների, ղեկավար այլ այրերի: Բայց սպորտի հանդեպ ձեր ղեկավարության վերաբերմունքով տպավորված եմ:

Շատ էի ուզում նաեւ անձամբ ծանոթանալ Հայաստանում Վախթանգի հովանավոր Սամվել Կարապետյանի հետ: Ափսոս, նա Հայաստանում չէր: Բայց՝ ոչինչ: Հաջորդ այցելությանս անպայման կծանոթանանք:

Վիկ Դարչինյանը որպես այս հարցի լրացում ավելացրեց. «Երբ իմացա, որ Գերին հաստատ գալիս է Հայաստան, հեռախոսով խոսեցի պարոն Կարապետյանի հետ ու տեղեկացրի իմ պրոումոթերի ծրագրերի մասին: Նա եւս անչափ ոգեւորվեց ու բառացիորեն ասաց, որ պատրաստ է բոլոր հարցերում աջակցել: Համոզված եմ, որ պարոնայք Ծառուկյանի եւ Կարապետյանի օգնությամբ այդ շոուն անպայման կկայանա»:

– Հիմա ո՞րն է պրոումոթեր Գերի Շոուի հաջորդ քայլը:

– Նախապատրաստական հսկայական աշխատանք կա անելու: Պետք է բանակցել «Շոու Թայմ» հեռուստաընկերության հետ, որպեսզի այդ երեկոյից ուղիղ հեռարձակում կազմակերպվի ամբողջ աշխարհ, բանակցել մյուս պրոումոթերների եւ բռնցքամարտիկների հետ ու մասնակիցների թիմ հավաքագրել: Հավատացեք, սրանք անչափ ծանր ու աշխատատար գործընթացներ են: Օրինակ, համաձայնության դեպքում «Շոու Թայմը» պետք է համապատասխան սարքավորումներ բերի Հայաստան, որն առնվազն մի մեծ ինքնաթիռի բեռ է: Հայտնի է, որ հատկապես չեմպիոնական մարտերում մեծ դեր են խաղում մասնակիցների ու նրանց թիմերի, մարտերը սպասարկելու համար հրավիրվելիք բարձրակարգ ու փորձառու մրցավարների ու բժիշկների հոնորարները, որոնք պատկառելի գումարներ են: Այստեղ էլ անհրաժեշտ է ընդհանուր հայտարարի գալ: Մի խոսքով, անելիք շատ կա:

– Իսկ ի՞նչ եք կարծում. հնարավո՞ր է, որ այդ երեկո այստեղ ռինգ մտնեն նաեւ հայ ուրիշ պրոֆեսիոնալներ:

– Իմ մտքով էլ է նման բան անցնում: Բայց հիմա միանշանակ պատասխան տալ չեմ կարող: Այդ ուղղությամբ էլ ենք աշխատելու: Պետք է սպասեք:

– Հայաստանը, Երեւանը ի՞նչ տպավորություն են թողնում ձեզ վրա:

– Շատ բան տեսնել չեմ հասցրել: Բայց ինչ տեսել եմ, շատ հետաքրքիր է: Հատկապես ժողովուրդն ինձ դուր եկավ. շատ բարի եւ հյուրասեր եք: Ինձ Հայաստանում դեմքով ոչ ոք չգիտեր: Բայց շատերը ճանաչեցին Վախթանգի միջոցով: Այստեղ, առանց բացառության, բոլորը՝ մեծ թե փոքր, սիրում ու հարգում են նրան: Դա ինձ ուրախացնում է:

– Հայաստանում այլ հանդիպումներ չունե՞ք:

– Ցավոք, հարկադրված եմ նախատեսածից շուտ վերադառնալ ԱՄՆ: Անհետաձգելի գործեր են ծագել, որոնք նույնպես բռնցքամարտի հետ են կապված: Մի քանի ժամից վերադառնում եմ: Բայց երկրորդ այցելությունս այլեւս անխուսափելի է: Ու կարծում եմ՝ շատ չի ուշանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել