Կամ երկու ասուլիս հայ-թուրքական թեմայով
Հայ-թուրքական երկու արձանագրությունների եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների ժամանակացույցի թեմայով քննարկումները գնալով ավելի մեծ հասարակական հնչեղություն են ստանում: Երեկ «Հայացք» ակումբում նշված թեմայով երկու ասուլիս կար:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ Թուրքիան տասնամյակներով իր առջեւ ծառացած խնդիրների լուծման ժամանակաշրջանում է, եւ այդ երկրում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն ունի այնպիսի քաղաքական ուժի համարում, որը չի խուսափում խնդրահարույց հարցերին լուծում գտնելուց: Բանախոսը կարծում է, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը իր իմիջից ելնելով է որոշել լուծել հայկական եւ քրդական հարցերը:
Ռ. Մելքոնյանը խոսեց վերջերս հրապարակված փաստաթղթի այն կետերի մասին, որոնք, իր խոսքով՝ ոչ միանշանակ են ընկալվել ու շարունակվում են նույն կերպ ներկայացվել հասարակության մեջ. «Փաստաթուղթը որակել որպես «պրոհայկական», դժվար է, քանի որ, եթե լինենք իրատեսական եւ ճշմարտության աչքերին չվախենանք նայել, ապա կասենք, որ առկա են 2 կետեր, որոնք տարբեր մեկնաբանությունների առիթ կարող են տալ եւ իրավացիորեն տալիս են: Փաստաթղթում նշված է, որ երկու երկրները պարտավորվում են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, այլ կերպ ասած՝ Հայաստանը պետք է ճանաչի Թուրքիայի սահմանները»:
Նրա կարծիքով՝ սահմանների ճանաչման հիմքում ընկած է հրաժարումը պատմական կամ Արեւմտյան Հայաստանի տարածքների գաղափարից, որը հայ ինքնության կարեւոր բաղադրիչներից է, այն ամեն կերպ պետք է պահպանել: Հաջորդ կետը, որին բանախոսն անդրադարձավ, պատմական հարցերով զբաղվող հարցերի ենթահանձնաժողովի ստեղծումն է, որով, ըստ նրա, թուրքերը ցեղասպանության հարցը կբերեն օրակարգ: Թուրքագետը համոզված է՝ հայազգի ոչ մի գիտնական երբեք չի քննարկելու ցեղասպանության եղելության փաստը, բայց, ըստ նրա, կան հարցեր, օրինակ՝ մշակութային ժառանգության «մասով» (Թուրքիան, որ մզկիթների պակաս չի զգում, որդեգրել է հայկական եկեղեցիների՝ մզկիթի վերածման քաղաքականությունը), որոնք արժե երկուստեք քննարկման առարկա դարձնել:
Թուրքագետի համոզմամբ՝ թեպետ արձանագրության մեջ որեւէ նախապայման Ղարաբաղի հիմնախնդրի հետ ներառված չէ, սակայն թուրքական կողմն անվերջ կարող է ձգձգել փաստաթղթի վավերացումը եւ օրենքի ուժ ստանալը՝ կապելով հենց Ղարաբաղի հիմնահարցի հետ: «Թուրքիան այս փաստաթղթով նահանջել է, սակայն մինչեւ որոշակի ապահով հանգրվան, եւ եթե իրեն ձեռնտու զարգացումներ չլինեն, շատ հանգիստ իր ելակետից կարող է շարունակել նախկին քաղաքականությունը: Չմոռանանք պատմության դասերը. Թուրքիան վիժեցրել է Սեւրի պես հզոր պայմանագիրը»,- նշեց Ռ. Մելքոնյանը եւ խորհուրդ տվեց չտարվել ավելորդ ոգեւորությամբ, այլ սառն ուղեղով շարունակել հետեւողական պայքարը եւ հիշել, որ հակառակ կողմից սպասելի է նաեւ հետքայլ:
Թուրքագետ Հակոբ Չաքրյանն էլ, անդրադառնալով թուրքական տարաբնույթ արձագանքներին, նշեց. «Թուրքական ընդդիմությունը, այսինքն՝ երկու խորհրդարանական կուսակցությունները, Էրդողանին մեղադրում են Թուրքիայի ազգային շահերին դավաճանելու մեջ: Նրանց փոխնախագահներից մեկը նույնիսկ հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի ոտքերի առջեւ կարմիր գորգ են փռելու, եւ նա ամեն օր Թուրքիային հայհոյելու է»: Ի պատասխան մեկնաբանությանը, Հ. Չաքրյանն ասաց. «Հայաստանի նախագահը Թուրքիային որեւէ հայհոյանք չի տվել, ընդդիմադիր այդ կուսակցությունը նման բնավորություն ունի՝ ճիշտը որ ասում ես, նրանք համարում են հայհոյանք»:
«Առավոտի» հարցին՝ վերջին փաստաթղթից հետո բանախոսի մոտեցումներում՝ կապված նախագահի Թուրքիա այցի հետ, փոփոխություններ կա՞ն, Հ. Չաքրյանը վստահ պատասխանեց. «Արձանագրությունների հրապարակումից հետո Սերժ Սարգսյանը կգնա, երկու արձանագրությունների գլխավոր արդյունքն առայժմ դա է»: