Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔՆԵՐԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ

Սեպտեմբեր 03,2009 00:00

Ըստ ճանաչված նկարիչ Ղարիբ Եղիազարյանի՝ սա ելք է արժեքավոր կտավ ընտրելու հարցում

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ղարիբ Եղիազարյանը իր հետաքրքիր աշխարհն է ստեղծել, որը չի սահմանափակվում միայն «հաստոցային» գեղանկարչությամբ: Մշտապես լինելով փնտրտուքների մեջ, օգտագործելով տարբեր նյութեր ու թեմաներ, նա ոչ թե միայն նկարում է՝ պատճենելով բնությունն ու մարդուն, այլ ցանկացած ստեղծագործության մեջ առաջնային է դարձնում այն, որ անգամ ծանոթ դեմքերի մեջ տեսնում ու գնահատում է յուրահատուկը:

Այսօր Նկարիչների միության ցուցասրահում կբացվի Ղարիբ Եղիազարյանի ստեղծագործությունների հերթական անհատական ցուցահանդեսը: Նախորդը, որ 2005-ին էր, շռայլ գնահատականների արժանացավ ոչ միայն գործընկերների, այլեւ արվեստասեր հասարակության կողմից: «Առավոտն» էլ ուշադրության արժանացրեց Ղարիբ Եղիազարյանի «Մեր մեծերը», «Հայաստան» թեմատիկ կոմպոզիցիոն գործերը, կոլաժները, դիմանկարները, ժողովրդական հեքիաթների ձեւավորումները, դիցաբանական եւ աստվածաշնչյան թեմաներով պատկերները, ջրաներկ բնանկարները, որոնք դեռեւս 1970թ., արվեստագետի առաջին անհատական ցուցահանդեսից հետո, շրջագայել են ԽՍՀՄ-ում եւ արտերկրում: Ի դեպ, Ղ. Եղիազարյանը առաջինն էր, որ 1970թ., լինելով դեռեւս Մանկավարժականի նկարչական բաժնի ուսանող, բացեց անհատական ցուցահանդես: Նշենք, որ նա 1987 թվականից շուրջ տասը տարի սպասված էր Հայկական հեռուստատեսությամբ սփռվող իր «Հեղինակներ, ստեղծագործություններ» հաղորդաշարով: Նոր ժամանակներում արվեստագետը ստեղծել է իր մշակութային օազիսը. Արարատյան զանգվածի իր տան բակում կառուցել է «Գրիգոր Լուսավորիչ» մատուռը եւ նույնանուն հոգեւոր-մշակութային վերնատունը: Նկարչի հետ հանդիպման ժամանակ, երբ կեսկատակ-կեսլուրջ ակնարկեցինք, թե արդեն կենդանության օրոք ստեղծել է տուն-թանգարան, Ղ. Եղիազարյանի պատասխանը ժպիտն էր:

«Առավոտի» ցանկությունն էր զրույց ծավալել 1992թ. Ղարիբ Եղիազարյանի հիմնադրած Երեւանի Նաղաշ Հովնաթանի անվան արվեստի ակադեմիական ուսումնարանի շուրջ, բայց մեր զրուցակցի կարճ պատասխանը սպառիչ ու բավարար էր. «Մեզ մոտ պահպանվում է ազգայինը եւ կրթօջախի հիմքը մաշտոցյան ու կոմիտասյան հոգին եւ ոգին պահելն է»: Հետաքրքրվեցինք՝ նախորդ անհատականից չորս տարի անց կազմակերպվող ցուցադրությանը կհանդիպե՞նք նոր աշխատանքների: Ղ. Եղիազարյանը տեղեկացրեց, որ ցուցադրվելիք 75 գործից 25-ը առաջին անգամ կներկայացվի՝ հիմնականում դիմանկարներ ու բնանկարներ: Արվեստասերների շրջանում իր «Մեր մեծերը» շարքով հայտնի (Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Նարեկացի, Գրիգոր Լուսավորիչ, Թորոս Ռոսլին եւ այլք) նկարիչը տեղեկացրեց նաեւ, որ իր «մեծերը» համալրվել են Նոյ Նահապետով ու Նաղաշ Հովնաթանով. «Գրաֆիկական այս գործերը՝ տուշի ու գրչածայրի միջոցով պահանջում են ոսկերչական աշխատանք: Տեսողական խնդիրների պատճառով է, որ հաճախ չեմ անդրադառնում շարքին, սակայն խոստանում եմ այն համալրել Սեւակով, Շիրազով, Սահյանով…»:

Անվանի նկարչին հարցրինք նաեւ, թե նկար գնելիս ոչ մասնագետը ինչպե՞ս ընտրի արժեքավոր գործ, ինչը միշտ խնդիր է եղել: «Միանգամից ասեմ, որ ոչ մասնագետին կխաբեն… Իհարկե, արդեն վերջին տարիներին բարձրարժեք գործ կարելի է ձեռք բերել նաեւ հայաստանյան պատկերասրահներից: Սակայն Նկարիչների միությունում էլ քանիցս բարձրացվել է այս հարցը, եւ կարծում եմ, որ մոտ ժամանակներում կվերականգնվեն խորհրդային տարիներին կազմակերպվող ցուցահանդես-վաճառքները»,- հայտնեց Ղ. Եղիազարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել