Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միջադեպ երեք պետությունների սահմանագծում

Սեպտեմբեր 03,2009 00:00

Միջազգային մամուլն անդրադարձել է սեպտեմբերի 2-ին Վրաստանի սահմանի Ախալցխայի հատվածում երեք վրացի սահմանապահների դիակների հայտնաբերման փաստին: BBC-ն, վկայակոչելով «Грузия Online»-ին, փոխանցում է, որ բացի սպանված երեք սահմանապահներից, եւս մեկը անհայտ կորել է: Դեպքի վայր են ժամանել Վրաստանի ՆԳՆ եւ դատախազության ներկայացուցիչները, կատարվել են քննչական եւ կորածի որոնողական աշխատանքներ, սահմանափակվել է դեպքի վայրին հարակից երեք սահմանամերձ գյուղերի բնակչության տեղաշարժի իրավունքը: Հաղորդվում է նաեւ, որ սպանվածները Կարելի, Ախալցխայի եւ Ադիգենի բնակիչներ են, որոնց ինքնությունը, նախաքննության շահերից ելնելով, չի հրապարակվել: Աղբյուրների տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել վրաց-հայկական սահմանին, այլ աղբյուրների համաձայն՝ վրաց-թուրքական սահմանի հատվածում, որտեղով անցնում են երեք պետությունների սահմանները: Սահմանապահների մահվան հանգամանքները հայտնի չեն: Դրանք դեռ քննվում են, բայց նախնական տվյալներով հնարավոր է, որ միջադեպը հայ եւ վրացի սահմանապահների միջեւ ծագած կոնֆլիկտի արդյունք է: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շտապել է հերքել միջադեպի վերաբերյալ վրացական ԶԼՄ-ների փոխանցած տեղեկությունները՝ հայտարարելով, որ հայ-վրացական սահմանին որեւէ փոխհրաձգություն չի եղել: Միջադեպը որեւէ կերպ չեն մեկնաբանել նաեւ սահմանապահ ոստիկանությունում: Փոխարենը մեկնաբանություններով հանդես է եկել Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն, որը տեղի ունեցածը համարել է որպես «քրեական միջադեպ», հավելելով, որ կատարվածի որեւէ այլ վարկած չի քննարկվում: Նա «կլինիկական հիմարություն» է համարել վրացական ԶԼՄ-ների տարածած, իբր, հայ-վրացական սահմանում տեղի ունեցած փոխհրաձգության մասին տեղեկությունները՝ շեշտելով, որ «նման տեղեկատվություն տարածելուց առաջ անհրաժեշտ է մանրամասնորեն ճշտել լուրերը, քանի որ դրանք հարված են հասցնում վրաց-հայկական հարաբերություններին»: Ավելի ուշ, վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը փոխանցել է, որ վրացի սահմանապահը, որը չորեքշաբթի գիշերը սպանել էր իր երեք ծառայակիցներին, ձերբակալվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել