Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախարարները կհանդիպեն

Սեպտեմբեր 03,2009 00:00

«Մենք Հայաստանի հետ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու արձանագրության ստորագրմանը հենց այնպես չենք գնացել: Մենք այս ընթացքում իրականացրել ենք շատ դժվարին դիվանագիտական աշխատանքներ: Թուրքիան դրանից առաջ ստացել է ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորման երաշխիքներ: Այն բանից հետո, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները մեզ խոստացան, որ ջանքեր կգործադրեն ղարաբաղյան հակամարտությունը լուծելու ուղղությամբ, մենք նոր միայն գնացինք այդ քայլին: Մենք մեր գործն արեցինք, եւ հիմա ժամանակն է, որ պատասխան քայլեր անեն ԵԱՀԿ ՄԽ երկրները»,- «Huriyyet»-ին ասել է Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

«Մենք երբեք չենք անի քայլեր, որոնք կարող են վնասել մեր ադրբեջանցի եղբայրներին: Բաքուն մշտապես տեղեկացվել է հայ-թուրքական բանակցությունների ընթացքի մասին, եւ մենք հույս ունենք, որ ԼՂ հարցը իր լուծումը կգտնի մոտ ապագայում»,- ասել է թերթի աղբյուրը:

Թուրքական «Radikal» թերթն էլ երեկ փոխանցել է, որ նախօրեին երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների հետ, որի ընթացքում հասկացնել է տվել, որ Թուրքիայի խորհրդարանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն առնչվող արձանագրությունները չի վավերացնի, եթե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում առաջընթաց չլինի: Թերթի փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սեպտեմբերի 1-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ թուրք նախարարին խոստացել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցով հանդիպում կազմակերպել Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարների միջեւ: Իսկ Ահմեդ Դավութօղլուի եւ Ռուսաստանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցի ընթացքում ե՛ւ Սերգեյ Լավրովը, ե՛ւ Բերնար Քուշները արդեն համաձայնել են այդ հանդիպմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել