Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞Վ ԿԼԻՆԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ

Սեպտեմբեր 03,2009 00:00

Դեռ օգոստոսի սկզբից անդադար լուրեր էին պտտվում այն մասին, որ Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը նշանակվելու է Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ, իսկ դպրոցի տնօրեն է նշանակվելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դուստրը՝ Անուշ Սարգսյանը: Նախագահի դստեր՝ Չեխովի անվան դպրոցի տնօրեն նշանակվելու մասին լուրերը հերքվեցին ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանի կողմից՝ պատճառաբանությամբ, որ Անուշը խնամում է իր 4-ամյա դստերը: Չնայած շրջանառվող լուրերի կիզակետում էր թիվ 55 դպրոցի տնօրեն Գ. Սարուխանյանը, սակայն մամուլում այդպես էլ չհնչեց նրա պարզաբանումն ու պատասխանը: «Առավոտը» երեկ զրուցեց տիկին Սարուխանյանի հետ: Մեզ հետ զրույցում նա պարզաբանեց. «Ինձ այդ մասին ոչինչ պաշտոնապես չի ասվել, ես դեռ աշխատում եմ դպրոցում»: Իհարկե, տնօրենը վերջնականապես չհերքեց իր՝ կրթության վարչության պետ նշանակվելու հավանականության մասին լուրերը: Այժմ կրթության վարչության պետի պաշտոնակատարի պարտականությունները շարունակում է կատարել Արմինե Վարդանյանը, որը այդ գործը ստանձնել էր դեռ մայիսի 31-ից հետո, երբ վարչության նախկին պետ Օնիկ Վաթյանը այլեւս չէր զբաղեցնում այդ պաշտոնը: «Առավոտի»՝ Երեւանի քաղաքապետարանի աղբյուրների պնդմամբ, առաջիկայում վարչության պետի փոփոխություն չի սպասվում: Ավելին, նույն աղբյուրների փոխանցմամբ՝ վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը տարածել է ինքը՝ Գայանե Սարուխանյանը, հող նախապատրաստելով իր՝ այդ պաշտոնում նշանակման համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել