Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մագիստրատուրա ընդունվելու դժվարությունները

Սեպտեմբեր 03,2009 00:00

Կարգի բաց կողմերից օգտվելով՝ որոշ բուհեր ինչ ուզում՝ անում են

Մագիստրատուրայում կրթությունը շարունակելը սովորաբար ավելի անաղմուկ է կատարվում, քան ասպիրանտուրայում, երբ գրանցվում են բազում աղմկահարույց դեպքեր՝ հիմնականում պայմանավորված այն հանգամանքով, որ ասպիրանտուրայում կրթությունը շարունակելու դեպքում տղաները կարող են ազատվել զինծառայությունից: Սակայն այս տարի խնդիրներ են առաջացել նաեւ բուհերում մագիստրատուրա ընդունելության դեպքում: Մինչ ընդունելությունը, բուհը հայտ է ներկայացնում ԿԳՆ, որտեղ նշվում է, թե քանի անվճար մագիստրոսական տեղ է ցանկանում ստանալ, այնուհետեւ ցանկն ուղարկվում է կառավարություն, հաստատումից հետո տեղեր են հատկացվում բուհերին: ԿԳՆ բարձրագույն մասնագիտական կրթության քաղաքականության մշակման եւ կազմակերպման բաժնի պետ Մհեր Մելիք-Բախշյանը «Առավոտին» տեղեկացրեց. «Պետպատվերով տեղերը սահմանվում են շրջանավարտների 15%-ի չափով: Իսկ վճարովի համակարգով կարող են ընդունվել բոլոր ցանկացողները՝ ելնելով բուհի հնարավորություններից եւ լիցենզիայով սահմանված տեղերի քանակից»: Հիմնականում խնդիրներ են առաջանում այն պատճառով, որ նախարարությունը տրամադրում է անվճար տեղերը, իսկ թե որ բաժնին կամ ֆակուլտետին որքան տեղ հատկացնել՝ որոշում է բուհը: Այդպիսի խնդիրներ են առաջանում հիմնականում այն դեպքում, երբ հավասար ցուցանիշներով ուսանողներ՝ հիմնականում գերազանց առաջադիմությամբ, ցանկանում են ընդունվել մագիստրատուրա: Այդ պարագայում հիմնականում բուհն ինքն իր հայեցողությամբ է հարցը լուծում՝ ԿԳՆ-ից լրացուցիչ տեղեր պահանջելով, երբեմն էլ ոտնահարելով ուսանողների իրավունքները: Այդպիսի խնդիրներ առաջացել են, օրինակ՝ Գեղարվեստի ակադեմիայում, Մանկավարժական համալսարանում եւ այլ բուհերում: Այս հարցը՝ ըստ Մ. Մելիք-Բախշյանի, կարգավորվում է հետեւյալ կերպ. «Եթե միավորները հավասար են, ապա, ըստ կարգի՝ հաշվի է առնվում առաջադիմության գումարային միջին գնահատականը, մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմությունը, տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների առկայությունը, ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմությունը»: Մեր դիտարկմանը՝ թե բուհերում խնդիրների մեծամասնությունն առաջանում են հենց այն պատճառով, որ ստացված տեղերն ըստ մասնագիտությունների տեղաբաշխում է բուհը՝ Մ. Մելիք-Բախշյանը պատասխանեց. «Բա խոսում ենք ակադեմիական ազատություններից, բուհը պիտի ազատ լինի, չէ՞: Մենք վստահում ենք բուհերին»:

Այս խնդիրը ԵՊՀ-ում կարգավորվում է Երեւանի պետական համալսարանի մագիստրատուրայի 2008/09 ուստարվա ընդունելության կանոնակարգով: ԵՊՀ ԶԼՄ-ների հետ աշխատանքի բաժնի վարիչ Կարինե Ամիրզադյանը, հղում անելով կանոնակարգին, ասաց. «Այդ դեպքում հաշվի են առնվում դիպլոմի միջուկում գրանցված միջին միավորները, գերազանցության դիպլոմը, ավարտական աշխատանքների եւ պետական քննությունների գնահատականները, տպագրված գիտական աշխատանքներն ու զեկուցումները»:

Մանկավարժական համալսարանում էլ այլ խնդիր է առաջացել. կուլտուրայի ֆակուլտետի մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի բաժնի ավարտական կուրսի գերազանցության դիպլոմ ստացած ուսանողուհի Անի Բաղդասարյանը դեռ մի քանի օր առաջ համոզված էր, որ անվճար հիմունքներով ընդունվել է նույն բաժնի մագիստրատուրան՝ երաժշտական թատրոնի ուղղությամբ: Բայց զանգում է կուրսի ղեկավարը՝ մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի ամբիոնի վարիչ Ալեքսանդր Քոչարյանը եւ հայտնում. «Մենակ քեզ համար կուրս չենք կարող պահել, չեմ կարող հրամանագրել, վճարովի համակարգում սովորող գոնե մեկ հոգի էլ պետք է լինի, ռեկտորատից են ասել: Խոսիր կուրսեցիներիդ հետ ու համոզիր, որ դիմեն»: Իսկ Անին մտորումների մեջ է. «Ինչպե՞ս համոզեմ, ինձնից ի՞նչ է կախված: Ամբողջ խնդիրն այն է, որ չեն ուզում գումարներ ծախսել՝ այն էլ անվճար ուսանող պահելու համար»:

«Առավոտի» հետ զրույցում Ա. Քոչարյանը նշեց, որ մասսայական հանդիսությունների բաժնից միտում կա մագիստրատուրայի համար դիմել հեռուստառեժիսուրայի բաժին, թեպետ դեռ հույս ուներ, որ դիմորդներ դեռ կգան: Զրույցի պահին ներս մտավ ուսանողներից մեկը: Պարոն Քոչարյանը ուրախությամբ բացականչեց. «Այ, տեսե՞ք, Լիանան է, հավանաբար եկել է, որ դիմի»: Բայց Քոչարյանի ցնծությունը երկար չտեւեց, որովհետեւ, ինչպես պարզվեց, Լիանա Սահակյանը արդեն դիմել էր հեռուստառեժիսուրայի բաժնի մագիստրատուրան. «Դու չէի՞ր ուզում երաժշտական թատրոնի ռեժիսուրա»: Ուսանողն էլ, թե՝ «Չէ՜, ո՞ւր ա մեզ երաժշտական թատրոն: Ես արդեն հեռուստատեսությունում պրակտիկա եմ անցնում»: Ապա կուրսի ղեկավարը երկար փորձում էր համոզել, թե թատրոններ է ուղարկելու պրակտիկայի, երգ, վոկալ, պար են սովորելու: «Պիտի գնաս ապարատների մոտ նստե՞ս, իսկ ես ձեզ կենդանի արվեստ եմ տալիս: Հեռուստատեսությունում լիքը մարդ կա, այնքան, որ զզվելդ գալիս է»: Լիանան էլ, թե՝ «Թատրոն ուզում էի, բայց ոչ երաժշտական, օպերան շատ պրիմիտիվ է դարձել, ունենք Պարոնյանի անվան երաժշտական թատրոն, բայց շատ թույլ է»: Զրույցի վերջում, երբ համոզել չստացվեց, պարոն Քոչարյանն ասաց. «Դե գնա, ապարատների մոտ կանգնի»: Պարզաբանման համար «Առավոտը» զրուցեց կուլտուրայի ֆակուլտետի դեկան Ռուբեն Միրզախանյանի հետ: Նա, բնական համարելով ստեղծված իրավիճակը, նշեց. «Հեռուստատեսության ազդեցությունը հասարակական կյանքում ավելի մեծ է, սա փաստ է, որի համար կարող ենք ցավ ապրել, բայց մարդիկ ձգտում են դրան: Դեռ դիմումների լրացման ժամանակ կա, եթե մեկ հոգի լինի, կմիացնենք հեռուստառեժիսուրայի հետ՝ դարձնելով մեկ կուրս»:

Ռեկտորատում սեպտեմբերի 1-ին բոլորը զբաղված էին: Իսկ համալսարանի չափազանց զբաղված ռեկտոր Արտուշ Ղուկասյանը խնդրին տեղյակ չէր եւ ձայնը բարձրացնելով ասաց. «Անհեթեթ բաներ եք ասում, եթե հրամանագրվել է՝ ո՞նց կարող է նման բան լինել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել