Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԻՄԻԿՈՍՆԵՐԸ ԴԵՌ «ՍՈՎԵՏԻՑ» ԵՆ ԽՈՍՈՒՄ

Սեպտեմբեր 03,2009 00:00

Գիտնականները գրողների նման իրար «միս են ուտում»

Երեքշաբթի օրը Ա. Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի դահլիճում կրքերը թեժ էին: Որ շենքի 4-րդ հարկում լեզվակռիվ էր, կարելի էր կռահել դեռ շենք չմտած: Տպավորություն էր, թե ստեղծագործական մի քանի միություններում ձեւավորված «ավանդույթը» փոխանցվել է քիմիկոսներին: Կատարած աշխատանքի հաշվետվությունն էր փորձում ներկայացնել ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Գեւորգյանը: Նա մինչ այսօր էլ պնդում է, թե քիմիայի ասպարեզում նոր տեսություն է ստեղծել եւ կարծում է, որ դրա միջոցով հնարավոր է երկրի համար միլիոնավոր դոլարների շահույթներ ապահովել: Իսկ ԳԱԱ-ն եւ գիտնականների մի ստվար զանգված էլ պնդում է, որ Ա. Գեւորգյանի քիմիայի տեսությունը ոչ միայն նորություն չի պարունակում, այլեւ անհիմն է: Լաբորատորիայում կատարված աշխատանքների մոտ 30 րոպե տեւած զեկուցումը ներկայացնելուց հետո սկսվեց հարցերի ու ելույթների փուլը: Հարց տալու հնարավորություն ընձեռում էր Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանը: Մինչ Ա. Գեւորգյանը փորձում էր բացատրել իր զեկուցման իմաստը, մեկը դահլիճից գոռաց. «Որ կարողանա՝ կպատասխանի, եթե չունեք պատասխան, հանգիստ կարող եք ասել՝ չունեմ, տարին մեկ նույնը լսում ենք»: Սրան անմիջապես հետեւեց Թոփուզյանի հրահանգը՝ «հարգելի Գյուլնարա, ձեր հարցը, խնդրեմ»: «Դեռ 1973 թվականին դուք ստացաք որոշակի գումար ձեր նախատեսած աշխատանքների, դիսերտացիայի կատարման համար, ի վերջո կարողացա՞ք դա անել»,- հարցրեց «հարգելի Գյուլնարան»: Մինչ Ա. Գեւորգյանը երկար-բարակ սկսեց ներկայացնել՝ նորից դահլիճից մեկը բարձրաձայնեց. «Գյուլնարան հարցնում էր՝ 500 հազար ռուբլի որ ստացար, արդյունքն ի՞նչ եղավ»: Պատասխանը լսել հնարավոր չեղավ. դահլիճում հավաքվածները միաժամանակ խոսում ու քննարկում էին հարցերը: Նստածներից մեկն էլ ասաց. «Ցլամարտ է ընթանում, էսպես ո՞նց կլինի»: Հաջորդեց ելույթների փուլը: Լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր Առնոս Հովհաննիսյանը նշեց. «Արդեն քանի տարի է՝ Ալեքսանդր Համբարձումովիչը սիստեմատիկ, տանջվելով, չարչարվելով ձեզ ուզում է մատուցել Պոլինգի հայտնի տեսությունը եւ նրա աշակերտների կողմից արված աշխատանքները, որը վերագրում է իրեն եւ մատուցում որպես դասական քիմիային հարվածող կամ զարգացնող մի նոր տեսություն: Շատ եմ հարգում նրա իմացությունը օրգանական քիմիայում, բայց բավարարված չեմ նրա էլեկտրաքիմիական գիտելիքների չիմացությունից: Այսքան տարիների բանավեճը բխում է հենց սրանից եւ այստեղ շատերդ եք սիրողական մակարդակով իր գովքն անում կամ ասում՝ մի անպատվեք: Ոչ մեկն էլ նրա նման չի կարողանում օգտագործել Պոլինգի տեսությունը՝ հաշվարկելու շատ բարդ ռեակցիաներ: Էդ մարդը կարողանում է անի, բայց լեզուն չի բռնում, որ ասի՝ ես անում եմ ուրիշների արածը, ծանոթացնում իմ ռեակցիաների վրա: Հարցին պետք է մեկընդմիշտ վերջ դրվի: Ես այլեւս չեմ կարող շարունակել լսել այս խոսակցությունը»: Ապա սխեմաների միջոցով բացատրելով խնդիրը եւ դիմելով Ա. Գեւորգյանին, ասաց. «Սրանով ասել, որ ինչ-որ նոր բան եք ասում կամ հերքում եք ինչ-որ բան, չի կարելի, ես որպես ֆիզիկոս անհարմար եմ զգում: Դա գալիս է հեռվից, մեր չիմացությունից, որովհետեւ համալսարանում կիսատ են սովորեցնում քվանտային տեսությունը, ատոմի կառուցվածքը ու մենք կրկին լռում ենք, այդպես չի կարելի»:

Հաջորդ ելույթ ունեցողը Ադոլֆ Մանթաշյանն էր (պաշտոնը փորձեցինք ճշտել, բայց հրաժարվեց, ասելով՝ ձեր թերթում ոչ մի ձեւ երեւալու ցանկություն չունեմ- Լ.Խ.): Դիմելով Ա. Գեւորգյանին, ասաց. «Ձեր այս զեկույցում մենք չլսեցինք, թե ինչ ապագա ծրագրեր եք նախատեսել, ստեղծված է օրգանական եւ դեղագործական քիմիայի կենտրոն, մեզ հարկավոր էր հասկանալ, թե ինչ ունենք եւ ինչպիսին պետք է լինենք ապագայում: Մեր գիտության մասին խոսում ենք այնպես, թե ամեն ինչ զրոյից պետք է սկսել, այն դեպքում, երբ ՍՍՀՄ-ում մենք առաջիններից մեկն ենք եղել: Խոսում եք գիտական հոդվածների ու քիմիական ամսագրերի վատ որակի մասին, դրանք արտացոլում են իրականությունը, մեր կատարած գիտական աշխատանքի որակը»:

Իսկ ներկաներից շատերին միայն մի հարց էր հետաքրքրում, որին ոչ ոք չպատասխանեց: «Մեր ռոճիկները չե՞ն բարձրացնում, հավաքարարի չափ փող ենք ստանում, գիտությո՞ւն եք ուզում զարգացնել»,- մտահոգված էին գիտնականները:

Հանդիպման վերջում կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանը «Առավոտին» ասաց. «Տեսա՞ք, շատ հարցեր տրվեցին, բայց պատասխաններ չհնչեցին, իսկ գիտությունը, հատկապես քիմիայի նման ճշգրիտ գիտությունը, հստակ հարցին հստակ պատասխան է սիրում: Հարց հնչեց՝ ապագայի համար ի՞նչ ծրագրեր կան, պատասխան չեղավ, սա արդեն խիստ վտանգավոր է»: Իսկ պարոն Գեւորգյանի տեսության մասին տնօրենը հայտնեց. «Աժիոտաժը, թե նա 100-ից մեկն է աշխարհում, բլեֆ է: Չի կարելի կացինով սարքել ձեռքի ժամացույց, եթե տեսությունը չի բացատրում, չի օգնում, անիմաստ է՝ ժամավաճառության նման մի բան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել