Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առաջարկ Մարիամ Սուխուդյանին

Սեպտեմբեր 03,2009 00:00

Ասա, որ ուսուցչի սեռական ոտնձգությունների մասին լսել ես երեխաներից

ՀՀ պատկան կառույցները համառորեն չեն հրաժարվում ակտիվ երիտասարդ Մարիամ Սուխուդյանի դեմ «սուտ մատնության» մեղադրանքից: Նաեւ գիտենք, որ Հայաստանում, ի տարբերություն, ասենք, Անգլիայի, նախադեպային իրավունքը՝ նախադեպային արդարադատությունը առանձնապես տարածված չէ: Բայց սա էլ խոչընդոտ չէ, որ Մարիամ Սուխուդյանի «գործին» նայենք հենց նախադեպի հարթությունում եւ առաջարկ անենք նրան:

Հարգելի Մարիամ: Ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանում գրանցված է «Ազգային միաբանություն» անունով կուսակցություն, ղեկավարն է Արտաշես Գեղամյանը, որ խորհրդային Հայաստանում բարձր պաշտոնյա էր՝ Երեւանի քաղաքապետ: Անկախ Հայաստանում պարոն Գեղամյանը ազգ է ներկայացրել օրենսդիր բարձրագույն մարմնում: Նա եւ նրա ընկերները ԱԺ պատգամավոր են եղել եւ 1999-2003, եւ 2003-2007 գումարումների խորհրդարաններում: Արտաշես Գեղամյանը նաեւ բազմիցս մասնակցել է նախագահական ընտրություններին: Սա պատմում եմ, որ թեկուզ մոտավոր տեղեկություններ ունենաս Արտաշես Գեղամյանի մասին: Բայց կարեւորը դեռ առջեւում է:

Ուրեմն, հարգելի Մարիամ: Արտաշես Գեղամյանի կուսակցությունը մասնակցում էր ՀՀ ԱԺ 2007-ի ընտրություններին, իսկ 2008-ին, եթե հիշում ես՝ նախագահական ընտրություններն էին:

ԱԺ ընտրություններին լուրջ հայտ ներկայացրեց Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» եւ դարձավ հզոր ախոյան Անդրանիկ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի ղեկավարած հանրապետականի համար: Ու պատկերացնո՞ւմ ես, հարգելի Մարիամ, ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավի օրերին Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, պատվիրել է Գագիկ Ծառուկյանի սպանությունը: Իսկ Սաշիկ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը ընդհանուր բիզնես-շահեր ունեն: Համենայնդեպս՝ ունեին:

Մեծ աղմուկ բարձրացավ, Արտաշես Գեղամյանին կանչեցին դատախազություն: Բայց, ի տարբերություն քեզ կամ Սարգիս Հացպանյանի, հարգելի Մարիամ, Արտաշես Գեղամյանին «սուտ մատնության» մեղադրանք չառաջադրվեց: Նա ասաց, որ սրճարանում է լսել, թե Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, պատվիրել է Գագիկ Ծառուկյանի սպանությունը, դատախազությունը նրան հավատաց ու բաց թողեց: Առաջարկս. իրավապահներին պատմիր այս ամենը, հարգելի Մարիամ ու ասա, որ ազնվությամբ, պարկեշտությամբ եւ քննությանը օգնելու քո պատրաստակամությամբ, հայրենասիրությամբ չես զիջում Արտաշես Գեղամյանին եւ նրա նման ասել ես այն, ինչ լսել ես: Նա՝ սրճարանում, դու՝ երեխաներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել