Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՍՈՒՑԻՉԸ ՊԱՐՏՎԵՑ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ

Սեպտեմբեր 03,2009 00:00

Քանի որ մարզպետարանը խնդիր ունի՝ հենց վերջինիս տեսնել դպրոցի տնօրենի պաշտոնում

Ըստ օրենքի, դպրոցների կառավարումն իրականացնում են դպրոցական խորհուրդները: 2009թ. հունիսի 30-ին Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Որոտանի համայնքի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել գործադիր տնօրենի մրցույթ, որտեղ 5:1 ձայների հարաբերակցությամբ ընտրվել եմ տնօրեն: Մրցույթին մասնակցել են երկու հավակնորդ՝ ես եւ Յու. Ջավահիրյանը, որը 63 տարեկան է եւ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Մարզի կրթության վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանի առջեւ դրված էր խնդիր՝ ամեն գնով Յու. Ջավահիրյանին դարձնել դպրոցի տնօրեն: Իրականում, բոլոր մրցույթներում հաղթում են մարզպետների կողմից երաշխավորված թեկնածուները, հակառակ դեպքում՝ մրցույթի արդյունքները ճանաչվում են անվավեր: Մրցույթն անցկացրել են դպրոցական խորհրդի 6 անդամները եւ ԿԳՆ ներկայացուցիչ Սամվել Պեպանյանը: Մրցույթին որպես դիտորդ մասնակցել է մարզի կրթության վարչության պետ Լ. Հարությունյանը: Մրցույթն անցել է գործող կարգին համապատասխան: Յու. Ջավահիրյանը դուրս է մնացել մրցույթից, քանի-որ չէր բավարարում պարտադիր չափանիշներին՝ չուներ տարրական համակարգչային գիտելիքներ: Մրցույթի երկու փուլերն անցել եմ գերազանց արդյունքներով: 40 հարցից բաղկացած գրավոր թեստային աշխատանքը կատարել եմ գերազանց եւ ճիշտ եմ պատասխանել տրված 5 բանավոր հարցերին, ընդ որում՝ 2 հարց առաջադրել է կրթության վարչության պետը: Մինչ մրցույթի սկսելը՝ Լ. Հարությունյանը հավաքել է դպրոցական խորհրդին եւ զգուշացրել, որ պարտավոր են ընտրել Յու. Ջավահիրյանին: Քանի որ իրենց թեկնածուն դուրս էր մնացել, նա խորհրդի բոլոր անդամներին մեկ առ մեկ հրահանգեց ինձ դեմ քվեարկել, որովհետեւ ընտրվելու համար ես պետք է ստանայի առնվազն 4 կողմ ձայն: Նրան օգնելու հարցում ջանք չխնայեցին դպրոցական խորհրդի նախագահ Գարուն Ղազարյանը (դպրոցի տնօրենի պաշտոնակատար) եւ համայնքի ղեկավարը: Սակայն գաղտնի քվեարկության արդյունքում ստացա 5 կողմ եւ 1 դեմ ձայն: Նույն պահին խորհրդի նախագահը հայտարարեց, որ ինքն է դեմ քվեարկել: Նշեմ, որ, փաստորեն, կողմ են քվեարկել խորհրդի անդամ 2 ծնողները, մարզպետի նշանակած 2 ներկայացուցիչները եւ համայնքի ղեկավարի նշանակած 1 ներկայացուցիչը: Ուրախ եմ, որ 6 հոգուց 5-ը իրենց դրսեւորել են որպես լիարժեք քաղաքացի:

Հուլիսի 2-ին անձնական գործս եւ անհրաժեշտ փաստաթղթերը խորհրդի նախագահն ուղարկել է մարզպետարան, սակայն վերադարձվել են՝ տարօրինակ պատճառաբանություններով: Հուլիսի 10-ին մեկնել եմ Կապան եւ դիմում գրել մարզպետի անունով, որպեսզի ըստ կարգի կնքվի աշխատանքային պայմանագիր: Պարզվեց, որ հուլիսի 9-ին Յու. Ջավահիրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու խնդրանքով, ասելով, որ տնօրենի պաշտոնակատարը իրավունք չունի լինելու խորհրդի անդամ, իբր իրեն տրամադրել են կոդով արգելափակված համակարգիչ, չեն թույլատրել իր գիտելիքները ցուցաբերել մեկ այլ համակարգչի վրա: Հուլիսի 23-ին ես հակընդդեմ հայցով դիմել եմ Վարչական դատարան, որովհետեւ Յու. Ջավահիրյանի հայցն անհիմն էր եւ պարունակում էր կեղծ տվյալներ: Դատական նախնական լսում է նշանակվել սեպտեմբերի 8-ին:

Հուլիսի 22-ին Գորիս է ժամանում ԿԳ նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովը, քանի որ նախարարը տարածքային կառավարման մարմնից ստացել էր գրավոր բողոք: Հանձնաժողովը հավակնորդ Յու. Ջավահիրյանի ուղեկցությամբ եւ ակտիվ մասնակցությամբ սկսում է իր ուսումնասիրությունները՝ նախօրոք կողմնորոշված լինելով ընտրություններն անվավեր ճանաչել: Ես տեղյակ չէի նրանց ժամանելու եւ իրականացրած աշխատանքների մասին: Նրանք բացատրություններ են վերցրել խորհրդի անդամներից: Ուշացումով իմանալով հանձնաժողովի ժամանելու մասին՝ հաջորդ օրը հանդիպեցի նրանց հետ: Նրանք ասացին, որ ինձ հետ կապված հարցեր չունեն: Նրանք մրցույթի արդյունքներն էին ուսումնասիրում, սակայն չունեին որեւէ տեղեկություն իմ ով լինելու մասին, նրանց դա չէր հետաքրքրում: Հանձնաժողովը պարզել է, որ չնայած մրցույթն անցել է գործող կարգին համապատասխան, դպրոցական խորհուրդը ձեւավորվել է խախտումներով եւ առաջարկություն է ներկայացրել մարզպետին՝ մրցույթի արդյունքները ճանաչել անվավեր: Նշեմ, որ դպրոցական խորհրդի կազմը հաստատվել է գործող մարզպետի 2007թ. հունիսի 15-ի թիվ 67-Ա որոշմամբ եւ այն իրավասու է եղել անցկացնել մրցույթ եւ կայացնել որոշումներ: Ծիծաղելին այն է, որ խորհրդի ստեղծման համար պատասխանատու դպրոցի նախկին տնօրենը, որը 7 տարուց ավելի է, ինչ դպրոցում մանկավարժական խորհրդի նիստ չի գումարել, մարտի սկզբին նշանակվել է ավելի մեծ՝ Խոտի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատար եւ հուլիսի 30-ին ընտրվել տնօրեն (մրցույթն անցկացվել է միակ հավակնորդով):

Սյունիքի մարզպետը, հիմք ընդունելով հանձնաժողովի առաջարկությունը, Որոտանի միջնակարգ դպրոցի գործադիր տնօրենի ընտրության մրցույթի արդյունքները ճանաչել է անվավեր: Դպրոցի տնօրենի պաշտոնակատար Գարուն Ղազարյանը օգոստոսի 20-ին դիմում է ներկայացրել պաշտոնից ազատվելու մասին եւ օգոստոսի 21-ին տնօրենի պաշտոնակատար է նշանակվել մրցույթից դուրս մնացած հավակնորդ Յու. Ջավահիրյանը: Նրան տվել են իր ձեւով նոր դպրոցական խորհուրդ կազմելու եւ նոր մրցույթ կազմակերպելու հնարավորություն: Նրան ամեն գնով որոշել են դարձնել դպրոցի տնօրեն: Մարտի 3-ից սկսած, դպրոցում արդեն նշանակվել են գործադիր տնօրենի երեք պաշտոնակատարներ:

Ինչո՞ւ են պետք ձեւական մրցույթները, եթե իրականում պաշտոնները նշանակովի են:

Ներկայացնեմ որոշ տեղեկություններ իմ մասին: Ես՝ Արա Աշոտի Գրիգորյանս, ծնվել եմ 1964 թ.՝ Գորիս քաղաքում: 1981 թ. ոսկե մեդալով ավարտել եմ Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցը, 1989թ. գերազանցությամբ ավարտել եմ Երեւանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, ստացել եմ ասպիրանտական կրթություն, ունեմ գիտական հոդվածներ, 1983-1985թթ. ծառայել եմ ԽՍՀՄ զինված ուժերում, 1993-1995թթ. կամավոր ծառայել եմ ՀՀ զինված ուժերում որպես սպա, աշխատել եմ գիտության եւ կրթության ոլորտներում: Վերջին 7 տարին աշխատում եմ Որոտանի միջնակարգ դպրոցում որպես զինղեկ, ինչպես նաեւ երկու տարի է՝ դասավանդում եմ ֆիզիկա առարկան: 7 տարի զբաղվել եմ գիտությամբ, 13 տարի զբաղվում եմ մանկավարժությամբ:

Ո՞րն է իրական պատճառը, որ ես չեմ կարող լինել դպրոցի տնօրեն: 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ եղել եմ Գորիսի թիվ 6 միջնակարգ դպրոցում տեղակայված ընտրատեղամասային հանձնաժողովի անդամ: Արգելել եմ քվեարկելու իմ 16 տարեկան երկու աշակերտներին, որոնց այդ ժամանակ Գորիսի թիվ 4 միջնակարգ դպրոցում դասավանդում էի քաղաքացիական կրթություն առարկան: Երեխաները խոստովանել են, որ քվեարկել են բոլոր ընտրատեղամասերում եւ միայն ես եմ արգելել քվեարկելու: Մի՞թե որպես մանկավարժ, առավել եւս որպես բարոյական ու ազնիվ մարդ, պարտավոր չէի այդպես վարվել: 2-րդ փուլին հնարքներով ինձ հանեցին հանձնաժողովից: Ես խորապես համոզված եմ, որ դաստիարակության լավագույն ձեւը անձնական օրինակն է: Ազնիվ, բարոյական, ազգասեր եւ ազատամիտ մարդկանց որակում են որպես ընդդիմություն: Այո, ես եղել եմ, կամ եւ ցմահ կլինեմ ընդդիմություն կեղծիքին, ստորությանը, խաբեությանը, կեղծ հայրենասիրությանը եւ մարդկային բոլոր բացասական դրսեւորումներին: Մի՞թե այդպիսին չպիտի լինեն իրավական պետություն կառուցող երկրի բոլոր քաղաքացիները:

Ես խորապես ցավում եմ մեր գերքաղաքականացված կրթության ոլորտում տիրող «աննկատելի» թերությունների համար: Մեծարգո պետական պաշտոնյաներ, եթե չեք կարող լավ բան կատարել ազգի ու հայրենիքի համար, գոնե ուրիշներին մի խանգարեք այդ անելու: Այսպես մենք գնում ենք դեպի անխուսափելի կործանում: Հավատացնում եմ Ձեզ, որ ազգին եւ հայրենիքին նվիրված մարդիկ դեռ շատ կան, որոնք պատրաստ են իրենց կարողությունների եւ ընդունակությունների սահմանում անձնվիրաբար եւ ազնվորեն ծառայել մեր երկրին: Չի կարելի ստորացնել մտավորականին, մանկավարժին, գիտնականին եւ ցանկացած մարդու, այն ծնում է ատելություն եւ արհամարհանք, որն իր ճանապարհին կործանելու է ամեն ինչ:

Անկեղծ ասած, պաշտոններն ինձ երբեք չեն գրավել: Եթե մարզի պետական չինովնիկները գտնում են, որ իմ գիտելիքներով, պոտենցիալով ու կենսագրությամբ մարդն իրավունք չունի զբաղեցնելու ընդամենը 50 աշակերտանոց դպրոցի տնօրենի պաշտոնը, ապա խնդիր չեմ տեսնում ընդհանրապես թողնելու մանկավարժությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել