Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուսահայերը դեմ են

Սեպտեմբեր 03,2009 00:00

\"\"Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանի կարծիքով, Հայաստանը չպետք է ստորագրի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ երկկողմ հարաբերությունները զարգացնելու մասին արձանագրությունները, քանի որ հարցը վերաբերում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլ՝ ողջ հայությանը: «Երկրամասի» խմբագիրը նաեւ նախապայմաններ է ներկայացնում. հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել, եթե Թուրքիան ճանաչի եւ դատապարտի հայերի ցեղասպանությունն ու ընդունի ցեղասպանության զոհերի սերունդների՝ իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքը:

Ըստ Թավադյանի, հայ ժողովրդի իրավունքները վաղ թե ուշ ճանաչվելու են, իսկ արձանագրությամբ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մտադրությունը հարցականի տակ է դնում ցեղասպանության փաստը եւ հարվածում հայկական սփյուռքին ու հայոց պետականությանը: «Երկրամասի» խմբագիրը նկատում է նաեւ, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իր մտադրություններում չի հրաժարվել իր եւ Ադրբեջանի շահերը սպասարկող նախապայմաններից եւ թուրքերի հետ շփման հազարամյա փորձ ունեցող հայերն իրավունք չունեն հավատալ թուրքական անկեղծությանը:

Ռուսաստանցի հայը նաեւ նկատում է, որ Հայաստանի որոշ ուժերի փորձերը՝ անպայման տեղավորվել արձանագրություններով սահմանված ժամկետներում, քաղաքական միամտություն եւ անհեռատեսություն են: «Երկրամասը» նաեւ զգուշացնում է, որ արձանագրությունների ստորագրումը կհանգեցնի ինչպես Հայաստան-Սփյուռք հարաբերություններում լարվածության, այնպես էլ հայկական գաղութների ներսում սրացումների եւ կոչ է անում կանխել հայ-թուրքական մերձեցման բացասական հետեւանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել