Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՐԶՊԵՏՆԵՐՆ ՈՒ ՏԻՄ-ԵՐԸ

Սեպտեմբեր 03,2009 00:00

ՀՀ տարածքային կառավարման նախարարության համաձայն՝ մարզպետների իրականացրած իրավական հսկողությունը ձեւական է:

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ուսումնասիրել է Հայաստանի համայնքների ղեկավարների ընդունած իրավական ակտերի նկատմամբ մարզպետների իրականացրած իրավական հսկողության արդյունքները: Համեմատության մեջ ներկայացված են 2008-ի եւ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքները: Ընտրված է իրավական հսկողության արդյունքների գնահատման մի քանի չափորոշիչ: Պատկերը բավականին հետաքրքիր է: Բայց մինչ վիճակագրությանը անցնելը, տեղեկացնենք, որ, ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, մարզպետների իրականացրած իրավական հսկողությունը ձեւական բնույթ է կրում:

Եթե համայնքի ավագանին oրենuդրությանը հակաuող որոշումներ ընդունի, ապա մարզպետը կարող է դրանք փոփոխելու նպատակով ավագանու արտահերթ նիստ հրավիրելու առաջարկ անել համայնքապետին: Այս հարցում Գեղարքունիքում «հարց չկա»: Ոչ անցած, ոչ այս տարի՝ մարզպետը նման առաջարկ չի արել: Սյունիքի մարզպետը անցած տարի նման 60 առաջարկ է արել, այս տարի՝ դեռ ոչ մեկը: Լոռվա մարզպետն էլ է նվազեցրել նման առաջարկների քանակը. անցած տարի՝ 202, այս տարի՝ 124: Մնացած մարզերում հակառակ պատկերն է՝ մարզպետները ավելի շատ անգամներ են համայնքապետերին առաջարկել այս նպատակով արտահերթ նիստ հրավիրել: Ամենամեծ աճը Արմավիրում է. եթե Վայոց ձորում 6-ից աճել է 10, իսկ Շիրակում՝ 6-ից 22, ապա Արմավիրում՝ 1-ից…80: Գեղարքունիքում, Վայոց ձորում, Արմավիրում, Արագածոտնում, Սյունիքում, Տավուշում եւ Շիրակում ոչ անցած եւ ոչ էլ այս տարի չի եղել մի դեպք, երբ մարզպետի պահանջած նիստը չկայանա կամ կայանա, բայց որոշումը մնա անփոփոխ: Արարատում անցած տարի 174 դեպքում կամ նիստը չի կայացել, կամ որոշումը չի փոխվել: Այս տարի նման բան չի եղել: Կոտայքում՝ հակառակը, անցած տարի նման դեպք չի եղել, իսկ այս տարի՝ արդեն 37 անգամ համայնքապետերը կամ նիստ չեն հրավիրել, կամ էլ, մարզպետի կարծիքով, օրենքին հակասող իրավական ակտը չի փոխվել:

Բնական է, որ մարզպետը կարող էր իր ցանկալի արդյունքին հասնելու համար դիմել դատարան: Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, Շիրակում, Կոտայքում, Տավուշում եւ Սյունիքում մարզպետները ոչ անցած, ոչ էլ այս տարի որեւէ համայնքի ավագանու որեւէ որոշում դատական կարգով բողոքարկելու հայց չեն ներկայացրել: Գեղարքունիքում անցած տարի մարզպետ-համայնքի ավագանի դատական վեճ չի եղել: Իսկ այս տարի արդեն երկու դեպք եղել է: Լոռիում՝ հակառակը. անցած տարի այս կամ այն համայնքի ավագանին 20 անգամ դատարանում պատասխանող է եղել, մարզպետը՝ հայցվոր, իսկ այս տարի՝ ոչ մի անգամ: Այս հարցում ամենամեծ աճը Արագածոտնում է. եթե անցած տարի մարզպետը դատարանով ավագանու հարց չի լուծել, ապա այս տարի արդեն 54 հայց է ներկայացվել ընդդեմ մարզի որեւէ համայնքի ավագանու որոշման:

Ավագանուց բացի, որոշումներ կայացնելու իրավասություն ունի նաեւ համայնքի ղեկավարը: Մարզպետն էլ իրավունք ունի դիմել համայնքապետին, որ նա փոխի օրենքին կամ համայնքի ավագանու որոշմանը հակասող իր որոշումը: Սյունիքում եւ Արագածոտնում, անցած տարվա համեմատ, մարզպետները ավելի քիչ են դիմել համայնքի ղեկավարներին՝ համապատասխանաբար՝ 22 եւ 4 անգամ, ու 33 եւ 0 անգամ: Կոտայքի մարզպետը ոչ անցած տարի, ոչ այս տարի նման նախաձեռնություն չի ցուցաբերել, Գեղարքունիքի մարզպետը չորսական, իսկ Վայոց ձորի մարզպետը երեքական անգամ են դիմել համայնքի ղեկավարին: Մյուս մարզպետները այս հարցում ավելի նախաձեռնող են դարձել. ամենամեծ աճը Արարատում է. անցած տարի՝ զրո, այս տարի՝ 25 անգամ մարզպետը համայնքի ղեկավարին առաջարկել է փոփոխել օրենսդրությանը հակասող որոշումը:

Եթե տեղական ինքնակառավարման մարմինները՝ համայնքապետ եւ ավագանի, իրենց լիազորությունները չկատարեն կամ կատարեն ոչ պատշաճ մակարդակով, ապա մարզպետները իրավասու են նրանց առաջարկել վերացնել խախտումները: Գեղարքունիքում, Արարատում, Արագածոտնում, Կոտայքում այս հարցում՝ «հարց չկա». ոչ անցած, ոչ այս տարի ոչ մի նման առաջարկ չի եղել: Սյունիքում մարզպետը անցած տարի 45 անգամ է համայնքապետերին «կարգի հրավիրել», այս տարի՝ ոչ մի: Վայոց ձորում թե անցած տարի, թե այս, մարզպետը նման 14 առաջարկ է արել: Մյուս մարզերում կա աճ. ամենամեծը՝ Տավուշում եւ Լոռիում՝ երկու դեպքում էլ՝ 0-ից 29: Եթե «չարաճճի» համայնքապետը չլսի մարզպետին, վերջինս կարող է դիմել դատարան: 2008-09 տարիներին 10 մարզպետները միասին համայնքապետերին կամ ավագանիներին 182 անգամ առաջարկել են լիազորությունները պատշաճ կատարել ու բոլոր դեպքերում էլ ՏԻՄ-երը ընդունել են իրենց սխալը եւ ոչ անցած, ոչ այս տարի ոչ մի մարզպետ ՏԻՄ-ներին դատարանով պատասխանատվության կանչելու կարիք եւ անհրաժեշտություն չի ունեցել: Դե, այսքանից հետո զարմանալի չէ, որ 2008-09 հատվածում որեւէ մարզպետ լիազորությունները չկատարելու կամ իրավական ակտերը պարբերաբար խախտելու հիմքով որեւէ համայնքապետի պաշտոնանկ անելու առաջարկ չի ներկայացրել: Բայց Վայոց ձորում եւ անցած եւ այս տարի 4 անգամ ՏԻՄ-երի՝ պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետեւանքով անձանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին ուղղակի վտանգ է սպառնացել, մարզպետը ահազանգ է ստացել եւ իր միջոցներով վերացրել վտանգը:

Հ. Գ. Մի կողմից կարելի է ուրախանալ, որ համայնքապետերը այնքան լավ են աշխատել, որ ոչ մի իրավական ակտ չեն խախտել, դատարան գնալու կամ պաշտոնանկության հարկ չի եղել: Կարելի է ուրախանալ, որ մարզպետները անհարկի չեն միջամտում համայնքային իշխանությունների աշխատանքին: Բայց մյուս կողմից, երբ հիշում ենք, որ շատ հաճախ համայնքապետը մարզպետի որդին է, հարազատը, կամ հիշում ենք, թե ինչպես են մարզպետը, համայնքապետն ու ավագանու անդամները միասին մասնակցում համապետական ընտրությունների կեղծմանը հօգուտ օրվա իշխանությունների՝ այլ հետեւության է հանգեցնում մարզպետ-համայնքային իշխանություններ սահուն եւ համերաշխ աշխատանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել