«Առավոտի» տեղեկություններով, երեկ պաշտպանության նախարարության կենտրոնական հոսպիտալից արյան փոխներարկման ինստիտուտ է տեղափոխվել Ջաբրայիլի զորամասի 20-ամյա զինծառայող Արթուր Ռազմիկի Թարվերդյանը:
Նրան մնացել էր 3-4 ամիս, որպեսզի զորացրվի: Նախնական տեղեկությունների համաձայն, մալարիայով հիվանդ զինվորին «քշել» են դիրքեր:
Զինվորի վիճակը երեկ ծանր էր: Անհույս: Նրան նշանակել են «դաունորուբիցին» դեղամիջոցը, որը մայրաքաղաքի դեղատներում վաճառվում է հատը 6000 դրամով:
Հարազատները մինչ երեկ հոգացել են այդ դեղամիջոցի ձեռքբերումը: Սակայն հոսպիտալը հրաժարվել է այդ դեղամիջոցից, պատճառաբանելով, թե այն հանրապետությունում գրանցված չէ: Փոխարենը «գրանցված» արյունը զինվորին հասցնում է սոցիալապես անպաշտպան նրա ընտանիքը: Այն տպավորությունն է, որ պաշտպանության նախարարությունը չի տիրապետում իրավիճակին, ինչը հաստատվում է հերթական արտակարգ դեպքով: