Հարցազրույց՝ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանի հետ
– Պարոն Մանուկյան, Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմողների մեծ մասը պնդում է, որ Եվրոպական դատարանն ընդունել է իրենց գանգատը վարույթ: Արդյոք բոլորն անխտիր կարո՞ղ են դիմել Ստրասբուրգի դատարան, եւ, ի վերջո, ինչպիսի՞ն է դատարան դիմելու կարգը:
– Եվրոպական դատարանի առաքելությունը Եվրոպական կոնվենցիայի պահանջների անշեղ կատարումն է դրա անդամ պետությունների կողմից: Իսկ դա արվում է ֆիզիկական անձանց կամ ոչ պետական կազմակերպությունների անհատական դիմումների քննության եւ լուծման միջոցով: Սա մի ունիկալ դատարան է, որը վեճեր լուծելու արդյունքում ստեղծում է Եվրոպական կոնվենցիայի մեկնաբանությունների նախադեպեր եւ, ըստ էության, Եվրոպական կոնվենցիան կիրառվում է այնպես, ինչպես այն մեկնաբանում է այս դատարանը: Իսկ ավելի պարզ ասած, սա դատարան է, որտեղ դիմողները ակնկալում են իրենց խախտված իրավունքի վերականգնում: Իսկ ինչպե՞ս դիմել Եվրոպական դատարան: Յուրաքանչյուր պոտենցիալ դիմող պիտի համոզված լինի, որ իր գործով առկա են ԵԴ դիմելու պայմանները, մասնավորապես,
ա/ բողոքի առարկա կարող են լինել միայն կոնվենցիայով եւ նրա արձանագրություններով երաշխավորված իրավունքները,
բ/ բողոքի սուբյեկտ կարող է լինել միայն անձը, ում իրավունքը խախտվել է: Իմիջիայլոց, չեն ընդունվում անանուն գանգատները,
գ/ բողոքը պետք է տրվի իրավասու պետական մարմնի կամ դատարանի կողմից հարցը վերջնականապես լուծելուց ոչ ուշ, քան 6 ամիս հետո,
դ/ բողոքել կարելի է միայն այն խախտումների վերաբերյալ, որոնք կատարվել են Հայաստանի կողմից կոնվենցիան վավերացնելուց հետո,
ե/ որպեսզի բողոքը համարվի ընդունելի, դիմողը պետք է սպառած լինի իրավունքի պաշտպանության ներպետական բոլոր միջոցները, առաջին հերթին՝ դատական: Թերեւս այսքանը: Պետք է նկատի ունենալ նաեւ, որ բողոքի ընդունելիության համար վճռորոշ հանգամանքներ են բողոքի փաստարկները, այսինքն՝ անհրաժեշտ է ներկայացնել բավարար հիմնավորումներ եւ չչարաշահել դատարան դիմելու իրավունքը:
– Հայտնի է, որ Հայաստանի դեմ Եվրոպական դատարանում 1000- ից ավելի գանգատներ կան: Սակայն երբ ուսումնասիրում ենք դրանք, շատ դեպքերում պարզ է դառնում, որ հիմնավորումների առումով ներկայացված չեն Եվրոպական դատարանի այն նախադեպերը, որոնց հիման վրա Ստրասբուրգի դատարանը պարտավոր է գանգատն ընդունել վարույթ, այսինքն՝ նախկինում կայացված դատական ակտերի վրա հղումներ արված չեն:
– Բազմաթիվ գրանտային եւ վարկային ծրագրեր (հատկապես համաշխարհային բանկի վարկային ծրագիրը) դեռեւս չունեն արդյունավետության բավարար մակարդակ իրավական իրազեկման բաղադրիչում: Մեծ գործ ունեն այստեղ անելու փաստաբանները եւ պրոֆիլային հասարակական կազմակերպությունները: Փաստաբանները, մասնավորապես, պետք է հիշեն, որ իրենք սոցիալապես պատասխանատու մասնագիտության կրողներ են եւ երբեմն պիտի անհատույց աջակցեն անձանց: Բայց չմոռանանք նաեւ, որ մարդն առաջնահերթ ինքը պիտի պայքարի իր իրավունքների համար: Մի պարզ բան ասեմ. ինտերնետում թե անգլալեզու, թե ռուսալեզու բազմաթիվ անվճար ռեսուրսներ կան, որտեղ տեղադրվում են ԵԴ նորագույն որոշումները, ինչպես նաեւ որոշումների արխիվներ: Ահավասիկ, www.echr.coe.int, www.bailii.org, www.echr.ru, www.sutyajnik.ru, www.espch.ru, www.eurolawco.ru: Միաժամանակ խորհուրդ եմ տալիս ԵԴ դիմելիս անպայման օգտվել փաստաբանի ծառայություններից: Սա կմեծացնի շանսերը ԵԴ-ում հաղթելու կամ պետության հետ հաշտությամբ գործն ավարտելու: Իտալիայից եկող բողոքների 95%- ը, Անգլիայից եւ Ֆրանսիայից եկող բողոքների 90%- ը ստացվում են փաստաբանների միջոցով:
– Մեր երկրի բարձրագույն դատական ատյանը Վճռաբեկ դատարանն է, մինչդեռ քաղաքացիներն այդպիսին են համարում Եվրոպական դատարանը, իսկ նախկինում դա ԽՍՀՄ Գերագույն դատարանն էր: Արդյոք Եվրոպական դատարանը հետագայում չի՞ դառնա անդամ երկրների բարձրագույն դատական ատյանը:
– ԵԴ-ն չի համարվում պետությունների բարձրագույն դատական ատյան. այն իրավասու չէ բեկանել ազգային դատարանի որոշումը, ցուցում չի տալիս օրենսդրին, չի իրականացնում օրենսդրության աբստրակտ վերահսկողություն: Այն միայն իրավասու է բավարարում տալ արդարացի պահանջներին՝ նյութական եւ բարոյական վնասի ֆինանսական հատուցման ձեւով: Սա երկրի սուվերենության խնդիր է: ԵԴ-ն անդամ երկրների բարձրագույն դատական ատյան կարող է դառնալ այն դեպքում, երբ երկրները միավորվեն մեկ պետական կազմավորման կամ համադաշնության մեջ: Ակնհայտ է, որ սա քիչ հավանական տարբերակ է: Ես ուրախ կլինեի, եթե Հայաստանը մի օր ունենար Եվրոպական դատարանի մակարդակի բարձրագույն դատական ատյան: Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանները մեծ աշխատանք ունեն անելու այս ուղղությամբ: Սակայն չի կարելի չարձանագրել, որ ԵԴ-ն էլ ունի իր լրջագույն պրոբլեմները: Ամենակարեւոր խնդիրը ժամկետների հարցն է: Գործը ԵԴ-ում լուծում է ստանում միջինը 4-5 տարվա ընթացքում: Դատարանը հարյուրավոր գործերով գանգատներ է բավարարել ընդդեմ պետությունների, երբ մարդիկ բողոքել են անողջամիտ երկար դատավարությունների դեմ եւ մարդիկ հատուցում են ստացել նույնիսկ այն դեպքերում, երբ գործերը քննվել են 1- 2 տարվա ընթացքում: Այսինքն, ԵԴ-ն այսօր ինքը չի բավարարում արդարադատության արդյունավետության իր իսկ կողմից սահմանված ստանդարտներին: Մյուս կողմից չմոռանանք, որ տարեցտարի գանգատների թիվը մեծանում է, եւ եթե իրավիճակը չփոխվի, այս դատարանը կդադարի լինել եվրոպական աշխարհաքաղաքական տարածքում անձանց իրավունքների պաշտպանության արդյունավետ գործիք:
– Քաղաքացիները հաճախ են բարձրացնում այն հարցը, որ Հայաստանի պարտվելու դեպքում գումարը բռնագանձվում է հարկատուների հաշվին, այլ ոչ թե այն դատավորի, ում դատական սխալի հետեւանքով մեր երկիրը պարտվում է Եվրոպական դատարանում: Ինչպիսի՞ն է այս առումով պրակտիկան այլ երկրներում:
– Բացարձակապես դատավորը չի կարող ֆինանսական պատասխանատվություն կրել Եվրոպական դատարանում պետության պարտվելու դեպքում: Սա կոնցեպտուալ սխալ մոտեցում է: Եթե հարկատուն վճարում է հանցավորության դեմ պայքարի կոչված կառույցներին, սակայն հանցավորությունը չի նվազում կամ վերանում, դա չի նշանակում, որ մենք ոստիկանից, քննիչից կամ դատախազից պետք է գանձենք կրկին կատարվող հանցագործությունների հետեւանքով պետության կրած վնասները: Ես հասկանում եմ որեւէ քաղաքացու մտահոգությունն այս հարցում: Սակայն նման պատիժը դատավորի համար հարցի լուծում չէ: Եթե շարունակենք ունենալ վերադասից կախված եւ կողմնակալ դատարան, ապա այդ ֆինանսական պարտավորության բեռը կրկին կընկնի քաղաքացիների վրա՝ հետագա կաշառքների թանկացման ձեւով: Միաժամանակ նման մոտեցումը շատ վտանգավոր է դատավորի անկախության եւ անկաշկանդ արդարադատություն իրականացնելու հնարավորության տեսակետից: Դատավորները բոլոր վիճելի դեպքերում, կանխազգալով հնարավոր բողոքարկումը Եվրոպական դատարանում, դատական ակտերն այս անգամ արդեն կսկսեն համաձայնեցնել Եվրոպական դատարանում Հայաստանի շահերը ներկայացնողների հետ: Սա մեր հարկատուներին բացարձակապես պետք չէ:
– Մենք Եվրոպական դատարանում ականատես ենք լինում հեռակա դատավարությունների, քաղաքացիներն իրենց փաստաթղթերն են ուղարկում, դատարանն էլ իր հերթին պահանջում եւ ստանում է կառավարության պատասխանը, նույնպիսի փաստաթղթերի փաթեթի տեսքով: Ի՞նչ երաշխիք կա, որ «փաստաթուղթ- պատասխանողը» պատշաճ է ներկայացվել կամ ինչպե՞ս է ճշգրտվելու դրանց հավաստիությունը: Ձեր պրակտիկայում արդյոք հանդիպե՞լ եք որեւէ զավեշտալի դեպքի, երբ հաղթող ապացույցը, ասենք, կեղծ է եղել:
– Խնդիրն այն է, որ Եվրոպական դատարանը լիարժեք «բանավոր» դատարան չէ: Պետք է հաշվի առնել, որ գործը, որն ընդունվում է այս դատարանում, արդեն անցել է բավականին երկար քննություն, եւ, ըստ էության, փաստերի հարցերը «բյուրեղացած» են: Գործում առկա եւ կողմերի ներկայացրած հիմնավորումներն ու ապացույցներն արդեն իսկ բավարար բազա են դատարանի համար: Վիճելի հարցերի ճշգրտման համար կա լսումների հատուկ ընթացակարգ, որտեղ բանավոր ընթացակարգով դատարանը հնարավորություն ունի քննարկել փաստերի հարցերը եւ ճշգրտել կողմերի իրավական դիրքորոշումները: Բացի այդ, կա պետություն- պատասխանողի փաստարկներին պատասխան ներկայացնելու հնարավորություն: Նույնը Վճռաբեկ դատարանի պարագայում է. սա բնորոշ գործառույթ է բարձրագույն դատական ատյանների համար: Ցավոք, մեր երկրում շատերը, այդ թվում ոլորտի որոշ պատասխանատուներ, նույնիսկ բարձր որակավորում ունեցող շատ փաստաբաններ չեն ընկալում բարձրագույն դատարանների դերը, նրանց գործունեության առանձնահատկությունը: Կեղծ ապացույցի մասին. եթե գործը հասել է ԵԴ կամ Վճռաբեկ դատարան եւ այդ կեղծ ապացույցի վերաբերյալ հակառակ կողմը նախորդ դատավարություններում որեւէ առարկություն չի ներկայացրել, ապա վերջինս էլ կրելու է դրա հետեւանքների ռիսկը: Չմոռանանք, որ բացի Աստծո դատարանից, բոլոր դատավարությունները պետք է լինեն մրցակցային: