«Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը պատրաստվում է մեր երկրում բջջային կապի 3-րդ օպերատորը դառնալ, ներքաշվել է դատական գործընթացի մեջ: Այս մասին հայտնում է Panorama.am-ը:
Այսպես՝ «Իմմոբիլյարե» ՍՊԸ-ն (անշարժ գույքի գործակալությունը) եւ «Օրանժ Արմենիան» այս տարվա ապրիլի 14-ին կնքել են պայմանագիր, ըստ որի՝ «Իմմոբիլյարե» ՍՊԸ-ն պարտավորվել էր վերջինիս համար վարձակալության կամ այլ նպատակով անշարժ գույք գտնել: «Իմմոբիլյարեն» գտել է Հյուսիսային պողոտայի 1 շենքի թիվ 2 հասցեում: Սահմանված կարգով «Իմմոբիլյարեն» հրավիրել է «Օրանժ Արմենիայի» աշխատակցին եւ վերոնշյալ հասցեում գտնվող տարածքի սեփականատեր Վարդան Ռազմիկի Վարդանյանի վստահված անձին՝ Սուրենին, վարձակալության շուրջ բանակցելու:
Ծանոթությունից հետո «Օրանժ Արմենիայի» ներկայացուցիչն ու Սուրենը որոշում են եւ կնքում վարձակալության պայմանագիր «Իմմոբիլյարեից» գաղտնի, մինչդեռ Վարդան Ռազմիկովիչի վստահված անձ Սուրենը դեռեւս առաջին հանդիպման ժամանակ վերցրել էր վարձակալության պայմանագրի ձեւը, խոստացել դրան ծանոթանալուց հետո բերել եւ «Իմմոբիլյարեի» հետ կնքել համապատասխան պայմանագիր, ըստ որի՝ վերջինս պետք է մեկ ամսվա համար սահմանված վարձավճարի չափով գումար ստանար՝ իր կատարած ծառայության դիմաց, որի հնարավորությունն արդյունքում փաստորեն կորցրեց:
Նշենք նաեւ, որ Սուրենը տարբեր պատճառներով խուսափել է ներկայանալ «Իմմոբիլյարե» ընկերության գրասենյակ: «Իմմոբիլյարե» ՍՊԸ-ն 26.08.2009թ. հայց է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր ատյանի դատարան, որով վիճարկում է Երեւանի Հյուսիսային պողոտայի 1 շենքի թիվ 2 հասցեում գտնվող տարածքի վարձակալության պայմանագրի օրինականությունը: