Այսուհետեւ ՀՀ կառավարությունը կհաշվի նաեւ Ադրբեջանի Հանրապետությունից (ԱՀ) բռնագաղթված փախստականների՝ մինչեւ 1992 թվականը ԱՀ-ում աշխատած ժամանակաշրջանի ստաժը: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ կառավարության հուլիսի 23-ի որոշմանն անդրադարձավ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը: Այդ նպատակով ստեղծվել է ապահովագրական ստաժը սահմանող հանձնաժողով: Ըստ սահմանված աշխատակարգի, փախստականն իր ստաժի հանգամանքը հաստատելու համար կարող է գրավոր դիմումը հանձնել միգրացիոն գործակալություն կամ այն մարզի մարզպետարան, որտեղ բնակվում է: Հանձնաժողովի որոշումը հիմք է լինելու նաեւ կենսաթոշակի նշանակման հարցում: Գ. Եգանյանը վստահեցրեց, որ բոլոր միջոցառումները կկազմակերպվեն՝ փախստականներին որոշման մասին իրազեկելու համար: Պարոն Եգանյանի տվյալներով, առաջիկայում էլ կշարունակվի փախստականներին բնակարաններով ապահովելու գործընթացը. «Երեւանում այս տարի բնակարանների գնման վկայականներով չի լուծվի խնդիրը, այլ շինարարության ճանապարհով, ինչը պայմանավորված է տնտեսապես ավելի արդյունավետ լինելու հանգամանքով, այդ գումարների շրջանակում ավելի շատ բնակարաններ կարելի է կառուցել»: Այս տարի Մոլդովական եւ Տերյան հասցեներում գտնվող հանրակացարաններում ապրող շուրջ 50 փախստական կստանա բնակարանի վկայագիր: Ծրագրի համար կառավարությունը 815 մլն դրամ է հատկացրել: Ըստ պարոն Եգանյանի, բնակարաններով ապահովելու ծրագրում առաջնահերթ կարիքավոր շուրջ 1000 ընտանիք է ընդգրկված, ծրագրի իրականացման համար էլ անհրաժեշտ է $45 մլն: