«Որսագողությունը նվազում է ամեն որսաշրջանի բացման հետ, որսագողերն ակտիվ են հատկապես նախքան որսաշրջանը»,- երեկ այս մասին ասուլիսում ասաց բնապահպանության նախարարության ավագ տեսուչ Արթուր Բեգլարյանը: Նրա խոսքերով, այս տարի արդեն շուրջ 60 որսագողության դեպք է բացահայտվել, իսկ հասցված վնասի համար որսագողերը հատուցել են 11,5 մլն դրամ: Ա. Բեգլարյանի պարզաբանմամբ, Սյունիքի մարզում այս տարի արձանագրվել է նաեւ Կարմիր գրքում գրանցված բեզուարյան այծի որսի դեպք: Միայն այս անօրինական որսի համար որսագողերը հատուցել են 3 մլն դրամ: Վերջերս տեսչությունն արձանագրել է նաեւ ձկնագողության դեպքեր. «2 օր առաջ առգրավել ենք ապօրինի որսած ձկնեղեն՝ շուրջ 132 կարաս եւ 154 սիգ տեսակի ձուկ, իսկ առգրավված ձկնեղենը հանձնել ենք թույլ լսողություն ունեցող երեխաների դպրոց: Նման դեպք արձանագրվել էր նաեւ 2 ամիս առաջ: Բնականաբար, կլինեն դեպքեր, որոնք չենք բացահայտել, բայց սիստեմատիկաբար որսագողությամբ զբաղվողները բռնվում են ու պատժվում. տեսչությունն անընդհատ աշխատում է այդ ուղղությամբ»,- ասաց Ա. Բեգլարյանը:
Օգոստոսի 22-ին մեկնարկած որսաշրջանի բացումը որսորդները սկսել են լորի որսով, ինչն էլ «Որսորդների միության ազգային դաշինք» հ/կ-ի նախագահ Գրիգոր Գրիգորյանի կարծիքով, մեր երկրում արդեն ավանդական է դարձել. «Ամեն ինչ արվում է որսորդների համար, ամեն ինչ բարձր մակարդակի վրա է, կարծում եմ, բնապահպանության աշխատակիցներն այս տարի հնարավորություն չեն ունենա որսագող գտնել, քանի որ բոլոր որսորդները զինված են օրենքի թույլտվություններով»: Սեզոնային լիցենզիայի արժեքը 5000 դրամ է: Ա. Բեգլարյանի խոսքերով, տեսչությունը խիստ է նաեւ որսով հետաքրքրվող պետական պաշտոնյաների նկատմամբ:
Թեեւ բանախոսները փաստեցին, որ որսորդ պաշտոնյաները մեծ թիվ են կազմում, բայց խուսափեցին անուններ նշել՝ ասելով, որ մինչեւ հիմա պետական պաշտոնյաների կողմից օրենքի խախտման դեպքեր չեն արձանագրել, բացառությամբ 2 տարի առաջ Խոսրովի անտառապետի: Անդրադառնալով մեր հանրապետությունում վերջին շրջանում գայլերի եւ ագռավների ակտիվացմանը՝ Ա. Բեգլարյանն ասաց, որ համապատասխան հատուկ միջոցառումներ իրականացնելու համար անհրաժեշտ է կառավարության որոշումը, իսկ եթե մինչեւ հիմա չկա նման պահանջ գործադիրի կողմից՝ ուրեմն չափաքանակն այնքան էլ շատ չէ: