Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՏԿԱԾ ԳՈՄԵՇԻ ՄԻՍ ՉԵՆ ՆԵՐԿՐԵԼ

Սեպտեմբեր 03,2009 00:00

Հնդկաստանից միս ներկրողները վստահեցնում են, որ այնտեղ միսը ձեռք են բերում նորմալ ընկերություններից

Վարչապետ Տիգրան Սարգսյանն օրերս հայտարարել էր, որ այսուհետեւ Հնդկաստանից Հայաստան ներմուծվող մսի վերահսկողությունը պետք է ուժեղացվի: Կառավարության՝ մեր երկիր ներմուծվող մսի նկատմամբ նման հանկարծակի ուշադրությունն առաջացել էր այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունը օգոստոսի 2-9-ը, Հնդկաստանում այցելելով տեղի մսամթերքի վերամշակման մի շարք ձեռնարկություններ, նկատել էր, թե ինչպիսի սարսափելի հակահիգիենիկ պայմաններում են այնտեղ գոմեշի միսը վերամշակում ու ուղարկում Հայաստան: Ըստ կառավարության, հայկական ընկերությունները Հնդկաստանում միսը ձեռք են բերել ոչ վերահսկելի տարածքներից, մսամթերքը տեղափոխող մեքենաները սանիտարահիգիենիկ տարրական չափանիշներից հեռու են եղել: Այս ամենի մասին տեղեկանալով՝ վարչապետը հրահանգել էր, որ դրանից հետո Հայաստան միս ներմուծեն միայն այն ընկերություններից, որոնք ունեն 5-ից ոչ պակաս տարվա աշխատանքային փորձ եւ որակական չափանիշները հաստատող սերտիֆիկատ:

Տիգրան Սարգսյանը Պետական եկամուտների կոմիտեին հանձնարարել էր գործը հետաքննել ու հետեւողական լինել, որ հայկական ձեռնարկությունները մսի նոր խմբաքանակ ներմուծելիս իր հրահանգներն աչքաթող չանեն:

Ինչպես պարզվել էր հետաքննության նախնական արդյունքներով, չնայած Հնդկաստանում 4 ձեռնարկություն կա, որ ունի մեր կառավարության մատնանշած որակական պայմանները, բայց մեր տեղական ընկերությունները նման ձեռնարկություններից գնել են ներմուծված մսի ընդամենը 21%-ը, իսկ մնացած խմբաքանակը գնել են սերտիֆիկատ չունեցող ընկերություններից:

Ինչպես պարզեցինք միս ներմուծող ընկերություններից, վերջիններս արդեն տարեկան կտրվածքով կնքված պայմանագրեր ունեն հնդկական ձեռնարկությունների հետ եւ, անկախ վարչապետի հրահանգից, շարունակելու են միս ձեռք բերել հենց այդ ընկերություններից:

Պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ այս տարի Հնդկաստանից Հայաստան միս ներմուծել է 11 ընկերություն՝ «Մուշը», «Ալեքս Գրիգը», «Դիուսը», «Մոկկոնաթը», «Նաթֆուդը», «Արմեն-Համիկ եղբայրները» եւ այլն: «Դիուս» ընկերության տնօրեն Արայիկ Կարապետյանն «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ իրենք միս ներկրել եւ ներկրելու են նորմալ, սերտիֆիկատ ունեցող ընկերություններից. «Սա ո՞ր թիվն է, որ գնանք, միս ներկրենք հնդկական այդքան հակահիգիենիկ ձեռնարկություններից, 80-ականները չեն, որ անփորձ լինելու հետեւանքով անորակ արտադրանք ներկրենք: Եթե ինքներս մի փոքր կասկած ունենանք մեր ներկրած ապրանքի որակի հարցում, կհրաժարվեինք այն ներկրելուց, հատկապես, որ ապրանքը փորձաքննության է ենթարկվում մի քանի մարմնի կողմից: Եվ բացի այդ, շուկայի պահանջները շատ բարձրացել են, եւ շուկան ինքն է մեզանից պահանջում բարձրորակ արտադրանք, բոլորս էլ շահագրգռված ենք բարձրորակ արտադրանք ներկրել, քանի որ մրցակցությունը շատ մեծ է»: Մեր դիտարկմանը՝ հնարավոր է, որ որակի սերտիֆիկատ չունեցող ընկերություններն ավելի էժան են միսը վաճառել, դուք էլ ավելի մեծ եկամուտ ստանալու համար հենց նրանց հետ եք պայմանագիր կնքել՝ «Դիուսի» տնօրենը պատասխանեց. «Այսօր Հնդկաստանի ամբողջ մսի շուկայում իրար շատ մոտ գներ են գործում, այնպես որ, մեզ համար գնային առումով այնքան տարբերություն չկա՝ ումից ենք միսը ձեռք բերում, բոլորը համարյա նույն գինն են ասում: Ես միսը գնում եմ այնպիսի ընկերությունից, որի արտադրանքի որակական չափանիշները բարձր մակարդակի վրա են, մթերելուց առաջ անասունները ստուգվում են, ճշտվում են՝ հիվանդ են, թե ոչ, այնուհետեւ բեռնվելուց են ստուգում, Հայաստանի սահմանի վրա էլ են որակական չափանիշները ստուգում, վերջում էլ՝ Հայաստան մուտքից հետո, այնպես որ, այդքանից հետո չի կարող վատ միս բերվել Հայաստան»: Ա. Կարապետյանը նաեւ դժգոհեց, որ վարչապետի հայտարարությունից հետո իրենց արտադրանքի իրացման ծավալները նվազել են. «Առանց այդ էլ այսօր երշիկեղեն չի վաճառվում, բա կարելի՞ է տեղական արտադրողին այդ աստիճան վնասել: Հիմա հայերը նախընտրում են ռուսական երշիկ գնել, մինչդեռ հայկական երշիկից լավը չկա»: Կառավարությունից նաեւ հայտարարել էին, որ միս ներմուծողները սահմանի վրա կեղծ սերտիֆիկատներ են ցույց տալիս ու վատ միսն անցկացնում: «Դիուսի» տնօրենը սրան ի պատասխան՝ նկատեց. «Կեղծ սերտիֆիկատի իսկությունը ստուգելը շատ հեշտ է, թող ստուգեն, ու եթե իսկապես կեղծ լինի մեր ցույց տված սերտիֆիկատը, թող պատժեն, մեր ծախսերը հեչ անեն ու մսի ամբողջ խմբաքանակը հետ ուղարկեն»: Հայաստան մտնող մսի որակական հատկանիշները ստուգող մարմինը գյուղատնտեսության նախարարությունն է:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում նախարար Գերասիմ Ալավերդյանը հավաստիացրեց, որ իրենք իսկապես լաբորատոր փորձաքննություն են անցկացրել եւ այսքան ժամանակ Հայաստան վատորակ գոմեշի միս չի բերվել. «Վարչապետը պարզապես զգուշացրեց մեր ընկերություններին, որ հանկարծ վատ ձեռնարկություններից միս չբերեն, նա չի ասել, որ սատկած ու վատ միս են նրանք բերել»: Հնդկաստանից միս ներմուծող տեղական մյուս ընկերությունների դժգոհություններին կանդրադառնանք առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել