Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեհավաքները վտանգավոր չեն

Սեպտեմբեր 03,2009 00:00

Եթե տեղադրվում են պահանջվող նորմերին համապատասխան

Հայաստանի բջջային կապի 3-րդ օպերատոր «Օրանժ-Արմենիա» ընկերությունը այս օրերին հանրապետության տարբեր վայրերում ալեհավաքներ է տեղադրում: Դրանցից շատերը տեղադրվում են խիտ բնակեցված վայրերում, ինչն էլ բնակիչների շրջանում մտավախություն է առաջացրել, որ այդ ալեհավաքներից արտանետվող ճառագայթները կվնասեն իրենց առողջությանը:

«Առավոտն» օգոստոսի 29-ի համարում արդեն անդրադարձել է բնակիչների մտահոգություններին: Հարցի առնչությամբ առողջապահության նախարարության «Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության» կենտրոնական ապարատի իրավական ապահովման բաժնի պետ Նունե Բակունցին խնդրեցինք պարզաբանել, թե ինչքանով են բջջային կապ ապահովող ալեհավաքները վնասում մարդկանց առողջությանը: Նրա խոսքերով, այդ ալեհավաքների համար սահմանված են նորմեր, որոնք չպետք է գերազանցվեն. «Պետք է պահպանվի 10 միկրովատ սանտիմետր քառակուսի: Դա էներգիայի խտությունն է տարածության վրա: Ալեհավաքը չի ճառագայթում իր շուրջ բոլորը, այն ճառագայթում է կոնկրետ մեկ ուղղությամբ: Նրա ճառագայթման ուղղությունը հստակ որոշված է եւ, օպերատորների ասելով, հենց դա է ապահովում կապի որակը: Միայն այդ ուղղության հարեւանությամբ ճառագայթման թեթեւ «արձագանքներ» են լինում, իսկ մնացած մասերի համար ասեմ, որ համարյա թե չեն ճառագայթում»:

Նշենք, որ «Օրանժ-Արմենիան» ալեհավաքներ է տեղադրել նաեւ այնպիսի վայրերում, որտեղ արդեն կան բջջային մյուս օպերատորների ալեհավաքները, մասնավորապես՝ Արշակունյաց 2 հասցեում գտնվող Մամուլի տան շենքում: Մեր հարցին, թե՝ կողք կողքի տեղադրված ալեհավաքները եւ՞ս որեւէ վտանգ չեն ներկայացնում, տիկին Բակունցը պատասխանեց. «Եթե մեկ տարածքում մի քանի ալեհավաքներ են տեղադրված եւ գործում են միեւնույն հաճախականությամբ, ապա գործում է հետեւյալ կանոնը՝ նրանց հաճախականությունները չպետք է գերազանցեն այդ 10 միկրովատը: Որպեսզի չգերազանցեն այդ նորմերը, օպերատորները պարտավոր են միջոցառումներ ձեռնարկել, կլանող սարքեր տեղադրել, կամ էլ պետք է ալեհավաքը տեղափոխել՝ բարձրացնել կամ իջեցնել: Այդ ալեհավաքները պետք է կոնկրետ տեղում տեղադրվեն, կոնկրետ անկյան տակ եւ պահպանեն իմ նշած նորմերը: Ասեմ նաեւ, որ մարդը չի կարող մի քանի րոպեում զգալ, որ այդ ալեհավաքները գերազանցում են ճառագայթման անհրաժեշտ քանակությունը: Դա երկարատեւ գործընթաց է: Դեռ աշխարհում էլ հստակ հաստատված չէ, թե ինչի վրա եւ ինչպես կարող են ազդել այդ ճառագայթները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով էլ, բջջայինները համարվում են ամենաքիչ վնասակարները ճառագայթման տեսանկյունից: Սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է օպերատորների նկատմամբ պահանջներ ներկայացնենք: Ընդհանրապես յուրաքանչյուր օպերատորի պարտականությունն է այդ նորմերի պահպանումը, ինքը պարտավոր է հաշվարկ կատարել, չափումներ իրականացնել, որպեսզի իրենք անընդհատ հսկեն, եւ մենք էլ բոլորս ապահով լինենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել