Տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը, մի շարք այլ ոլորտների թվում, ուղղակի ազդեց նաեւ Հայաստանում շինարարության ծավալների անկման վրա: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հաշվետվության՝ այս տարվա առաջին 7 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, շինարարության ոլորտի ներդրումները Հայաստանում կրճատվել են 56%-ով: Պետբյուջեից կապիտալ շինարարության ոլորտում ներդրվել է $52 մլն:
Վիճվարչությունը հրապարակել է նաեւ այս տարվա հունվար-հուլիս ամիսների գործազրկության ցուցանիշները: Ըստ տնտեսապես ակտիվ բնակչության քանակի եւ պաշտոնապես գրանցված գործազուրկների հարաբերակցության, 2008-ի նույն ժամանակահատվածի 6,3%-ի փոխարեն, այս տարի այդ ցուցանիշը կազմել է 6,8%: Աղբյուրի հավաստմամբ, նպաստ են ստանում գործազուրկ 25 հազար քաղաքացիներ: