Լրահոս
Օրվա լրահոսը

«Հ1»-ի ՏԱՍՆՅԱԿ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԱՎԵԼՈՐԴ

Սեպտեմբեր 03,2009 00:00

Ըստ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանի՝ առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման պատճառով, մոտ 34 մարդու աշխատանքը համարվում է ավելորդ:

Հանրային հեռուստաընկերության մոտ 50 աշխատակից նախորդ ամիս հեռուստաընկերության ղեկավարությունից ծանուցում է ստացել այն մասին, որ սեպտեմբերի 1-ից ազատվում են աշխատանքից: Ընդ որում, «Առավոտին» դիմած աշխատակիցների հավաստմամբ, իրենց անգամ հարկ չեն համարել տեղեկացնել, թե որն է աշխատանքից զրկվելու պատճառը: Նրանց խոսքերով. «Խնդիրն այն է, որ մի շարք պատճառներով մեկը մյուսի հետեւից փակվեցին գործող 7 ստուդիաներից 5-ը: Դրա հետ միասին դադարեցվեցին «Հ1»-ի սեփական թողարկման շատ հաղորդումներ եւ ներկայումս եթեր են հեռարձակվում տարբեր հեռուստաընկերություններից ստացված հաղորդումները կամ էլ տարբեր ուղիներով ձեռք բերված սերիալներն ու մարտաֆիլմերը: Այս ամենի արդյունքում փակված ստուդիաների եւ անգործության մատնված այլ տեղամասերի շատ աշխատողներ հայտնվեցին հարկադիր պարապուրդում: Դրան ավելացավ նաեւ այս տարվա տնտեսական ճգնաժամի ազդեցությունը, որի շղարշի տակ քողարկվելով՝ հեռուստաընկերության ղեկավարությունը կրճատում է աշխատակիցներին»: Մեր խմբագրություն դիմած մարդկանց հավաստմամբ, կրճատման ծանուցում են ստացել հիմնականում 45-ից բարձր տարիքի աշխատողները, իսկ նրանց փոխարեն աշխատանքի են ընդունվում հեռուստաընկերության ղեկավարների մտերիմներն ու ընկերները: Կրճատման ծանուցում ստացած աշխատակիցներից մեկի՝ եթերային բաժնի օպերատոր, ինժեներ Վրեժ Ալոյանի հավաստմամբ, եւս մեկ պատճառ է առիթ հանդիսացել իրենց աշխատանքից ազատելու համար: Բանն այն է, որ այս տարվա հունիսի սկզբից, երբ սկսել է գործել հեռուստատեսության առաջին թվային սարքասրահը, 45-ից բարձր տարիք ունեցող աշխատակիցներին տեղեկացվել է, որ նրանք չեն կարող մուտք գործել նոր սարքասրահ, քանի որ չեն տիրապետում նոր տեխնիկայի հետ աշխատելու հմտություններին: Աշխատակիցների կարծիքով, դա պատրվակ էր՝ կանխամտածված ձեւով մարդկանց աշխատանքից ազատելու համար, քանի որ «հինգ տասնյակ մասնագետներից գոնե 2-3 մարդ հաստատ կարող էր աշխատել նոր տեխնիկայով: Կրճատված աշխատողների մեծ մասը տիրապետում է համակարգչին եւ նաեւ որոշ չափով օտար լեզուներին»: Աշխատակիցների ներկայացմամբ, տնտեսական ճգնաժամի պարագայում, երբ առանց այդ էլ երկրում գործազրկության ցուցանիշը բավական բարձր է, Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը «մարդկանց փողոց է նետում՝ համալրելով աշխատանք չունեցողների բանակը»: Նշենք նաեւ, որ, նրանց հավաստմամբ, բացի գրավոր ծանուցում ստացած մոտ 50 աշխատակիցներից, եւս մի քանի տասնյակ մարդկանց բանավոր տեղեկացվել է, որ սեպտեմբերի 1-ից նոր աշխատանք փնտրեն:

Թե որն է այս մարդկանց աշխատանքից ազատելու պատճառը, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը «Առավոտին» այսպես մեկնաբանեց. «Մեր ստուդիաներից ոչ մեկն էլ չի փակվել: Տեղի է ունեցել հետեւյալը՝ մենք ունեինք կենտրոնական սարքասրահ եւ եթերային ծառայություն: Այդ սարքասրահի տեխնիկան փոխարինվեց ժամանակակից տեխնիկայով: Բնականաբար, ավտոմատացվում է եթերը, եւ դրա արդյունքում այդտեղ ավելի քիչ մարդ պետք է աշխատի: Հիմա 34 մարդ, ոչ թե՝ 50, ազատվել է աշխատանքից: Առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման պատճառով նրանց աշխատանքը դարձել է ավելորդ: Պատկերացրեք, նախկինում պետք է ձեռքով արվեին համակցումները, հիմա համակարգչի միջոցով է այդ ամենն արվում՝ ավտոմատ կերպով»: Անդրադառնալով այն հարցին, թե Հանրային հեռուստատեսությունում ազատված աշխատակիցների փոխարեն աշխատանքի են անցնելու ղեկավարության մտերիմներն ու ծանոթները, պարոն Արզումանյանն ասաց. «Մեր ղեկավարությունն այդ բաժնում որեւէ ծանոթ կամ բարեկամ չունի: Բացի այդ, մենք որեւէ մեկին փողոցից աշխատանքի չենք ընդունել: Այստեղ կարող են աշխատել մեր հեռուստատեսության այլ բաժինների աշխատակիցներ, որոնք տիրապետում են այդ տեխնոլոգիաներին»: Մեր այն հարցին, թե հեռուստատեսությունում նոր կրճատումներ սպասվո՞ւմ են, Ա. Արզումանյանն ասաց, որ «նման բան չենք պլանավորել, դա կախված է հանգամանքներից, տնտեսական ճգնաժամից, որը, բնականաբար, անդրադարձել է նաեւ մեր հեռուստաընկերության վրա»:

Խնդրի առնչությամբ Հանրային հեռուստատեսության նախկին աշխատակիցները դիմել են նաեւ հանրապետության նախագահին եւ վարչապետին, քանի որ, նրանց կարծիքով, «միակ Հանրային հեռուստաընկերությունը իրականում չի ծառայում հանրությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել