«ԼՂՀ հիմնախնդիրը տարածաշրջանի կենտրոնական հարցն է: Կարող են ընդհանրապես հղումներ չանել, բայց փաստը մնում է փաստ, որ բոլոր գործողությունները, որ կատարում են գերտերությունները եւ տարածաշրջանի այլ տերությունները, փոխկապակցված են արցախյան հիմնահարցի լուծման հետ»,- «Նովոստի Արմենիա» ակումբում երեկ, անդրադառնալով այն պնդումներին, որ հայ-թուրք-շվեյցարական նախաստորագրված փաստաթղթում ԼՂՀ հարցի մասին որեւէ խոսք չկա, ասել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Բանախոսը կարծիք է հայտնել, որ եղած արձանագրությունները պարզապես փորձ են վերահաստատելու Կարսի պայմանագրում եղած դրույթները՝ առանց դրանց ուղղակիորեն անդրադառնալու՝ «բայց պարտադրելու Հայաստանին փաստացի ընդունել այն կորուստները, որոնք կրել է Կարսի պայմանագրով, եւ ճանաչել այսօրվա հայ-թուրքական սահմանը»: Արման Մելիքյանի համար անհասկանալի է երկու արձանագրության գոյությունը: Նրա համոզմամբ, երկկողմ հարաբերությունների կարգավորման համատեքստում պետք է դիտարկել նաեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը՝ «Ինչի՞ համար էր պետք տարանջատել մեկը մյուսից: Եթե խոսվում է հայ-թուրքական սահմանի մասին, այդ սահմանն արդեն իսկ գծված է, եւ եթե գոյություն ունի գործող պայմանագիր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, ի՞նչ լրացուցիչ արձանագրությունների մասին կարող է խոսք լինել»: Նա նաեւ ուշադրություն է հրավիրել արձանագրությունների հրապարակումից հետո դրանց՝ ՌԴ ԱԳՆ-ի արձագանքին, որտեղ նշվում է, թե հայ-թուրքական հարաբերությունների հստակեցումը վնաս չէ երրորդ կողմի շահերին: Արման Մելիքյանի համար անհասկանալի է՝ ո՞ւմ նկատի ունի ՌԴ-ն որպես երրորդ երկիր՝ իրե՞ն, թե՞ Ադրբեջանին: Եթե ամեն ինչ ընթանա ըստ նախահամաձայնության, ԼՂՀ նախկին արտգործնախարարը ճիշտ է համարում, որ ՌԴ-ն էլ իր կողմից դենոստացիայի ենթարկեր 1921 թ. ռուս-թուրքական պայմանագիրը եւ դրա հիման վրա կնքված բոլոր ռուս-թուրքական փաստաթղթերը: