Եվ որպես նման ճակատի գլխավոր շարժիչ ուժ՝ տեսնում են մասնավորապես ԱԳ նախարարությունը, որի ղեկավարի հրաժարականի պահանջը վերահաստատեցին երեկվա հանրահավաքում:
«Ոչ մի զիջում Թուրքիային», «Ո՛չ թուրքական նախապայմաններին» եւ նման այլ կարգախոսներով էին երեկ «Մոսկվա» կինոթատրոնի առջեւ խմբվել ՀՅԴ հրավիրած հանրահավաքի մասնակիցները: Չնայած կարելի էր ենթադրել, թե հայ-թուրքական նախաստորագրված փաստաթղթերի դեմ բողոքը հանրահավաքի բերած կլիներ ավելի շատ մարդկանց ու նաեւ ոչ կուսակցականների, այսուհանդերձ՝ մասնակիցների առյուծի բաժինը հենց դաշնակցականներն էին: Ներկա էր նաեւ ՀԱԿ համակիր մտավորական Երվանդ Մանարյանը: Հանրահավաքը վարող Գեղամ Մանուկյանը ներկաներին շնորհակալություն հայտնեց, որ «եկան հրապարակ՝ ուշադրություն չդարձնելով ամիսներ շարունակ՝ հատկապես վերջին 2 օրերին պետական քարոզչության այն մեծ արշավին, որը փողփողալով գովերգում է մեր արտաքին քաղաքականության պարտության արդյունքը»: Եվ հակադարձելով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի արած դիտարկմանը հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ, թե «պետք չէ եզի տակ հորթ փնտրել»՝ Գեղամ Մանուկյանն ասաց. «Բայց կույր պետք է լինել՝ չտեսնելու այս արձանագրությունների մեջ եղած վտանգավոր կետերը: Մարդը կույր պետք է լինի, որ չտեսնի այն դրույթները, որոնք հարվածելու են ոչ թե մեզ, ոչ թե մեր զավակներին ու անգամ մեր թոռներին, այլ շատ-շատ ավելի սերունդների»: Ի դեպ, Գեղամ Մանուկյանը միակն էր հռետորներից, որը գրավոր չէր ելույթ ունենում:
Վահան Հովհաննիսյանի ելույթից
ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն առաջին անգամ ոչ բանավոր ելույթ ունենալը պատճառաբանեց. «Այս անգամ վիճակն այնքան խորը լուրջ հետեւանքներով է հղի, այնքան վտանգավոր ու սպառնալից է, որ խոսելու եմ գրավոր, որպեսզի ոչինչ բաց չթողնեմ»: Բավական ծավալուն այս ելույթում նա արձանագրեց, որ «ֆուտբոլային դիվանագիտության» 14 ամիսների ընթացքում Թուրքիան արձանագրել է շոշափելի նվաճումներ մեր հաշվին. «Այսօր աշխարհով մեկ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը փաստորեն սառեցված վիճակում է: Մենք ինֆորմացիա ունենք, որ ոչ շատ խոշոր երկրներից որոշները, որոնք ժամանակին ճանաչել ու դատապարտել են ցեղասպանությունը, հիմա ափսոսանքով գնահատում են իրենց այդ քայլը՝ որպես դիվանագիտական սխալ: Փաստորեն, Հայաստանի ղեկավարներն իրենց գործողություններով շրջանցել ու խախտել են Ազգային անվտանգության ռազմավարության այն դրույթը, որի համաձայն՝ «Հետամուտ լինելով Հայոց ցեղասպանության համընդհանուր, մասնավորապես՝ Թուրքիայի կողմից ճանաչմանը եւ դատապարտմանը՝ Հայաստանն այն դիտարկում է ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլեւ տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում»:
Եվ որպես Հայաստանի եւս մի կորուստ՝ պրն Հովհաննիսյանը նաեւ հարցադրում արեց. «Կարծում եք՝ պատահակա՞ն են Վրաստանի իշխանությունները հենց այս օրերին այնքան լկտիացել, որ սկսել են կսմիթներով պոկել Հայաստանի հյուսիսային սահմանային գոտին:
Ոչ, պատահական չէ, անվստահության, թուլության, համակերպվելու հոտ են առել՝ դրա համար էլ լկտիացել են»:
Վահան Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, թե հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններով լուծվում է նախ հետեւյալ խնդիրը. «Արվում է ամեն բան, որ Սերժ Սարգսյանը Թուրքիա գնալուց չհրաժարվի, Թուրքիայի աճող հեղինակությանը վնաս չհասցնի: Դա, իհարկե, ունի որոշ նշանակություն, պատահաբար չեն 6 շաբաթվա ժամկետով սահմանափակել քննարկումները: Բայց դա ամբողջը չէ»: Նաեւ հիշեցրեց, որ Ցեղասպանության բանաձեւն այսօր էլ ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում է. «Այ, հենց դա են ուզում կանխել նոր հայտարարության հրապարակումով: Ովքե՞ր: Կարծում եմ, բոլորս էլ հասկանում ենք: Բայց թե ինչու է Հայաստանը երկրորդ անգամ խաղում սեփական շահերի դեմ՝ այ, սա մենք հասկանալ չենք կարող»:
Անդրադառնալով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության 3-րդ կետին, որով վերահաստատվում են փոխադարձ տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը հարգող երկկողմ եւ բազմակողմ պարտավորությունները՝ Վահան Հովհաննիսյանը հարցրեց. «Բայց ներեցեք, այդ ո՞ր երկկողմ պարտավորությունների մասին է խոսքը, Լենին-Աթաթուրք պայմանագրի՞: Հայերն այդ Մոսկվա-Կարսյան դավադրության մեջ կամ մասնակից չէին, կամ ինքնուրույն կողմ չէին: Այս պայմանագրերը «երկկողմ» համարվել չեն կարող: Բազմակողմ պայմանագիր կարելի է համարել Սեւրը, բայց դրա մասին թուրքերը անգամ լսել չեն ուզում: Այնպես որ, մեզ նորից դեմ են տվել 1921թ. Կարսի պայմանագիրը, ինչը հաստատվում է արձանագրության 5-րդ պարբերությամբ, որում նույն կերպով «վերահաստատվելով» հավերժացվում է այսօր գոյություն ունեցող սահմանը՝ խաչ քաշելով մեր ազգային իրավունքների վրա»:
Փաստաթղթի 6-րդ կետի համաձայն՝ կողմերը պարտավորվում են «դատապարտելով ահաբեկչության, բռնության եւ ծայրահեղականության բոլոր ձեւերը՝ անկախ դրանց պատճառներից, եւ խոստանալով ձեռնպահ մնալ նման գործողությունները խրախուսելուց ու հանդուրժելուց»: ՀՅԴ Բյուրոյի անդամը հարցրեց. «Տեսնես՝ այդ ո՞ւմ նկատի ունեն, եւ սա ի՞նչ է նշանակում: Ի՞նչ կապ ունի այս պարբերությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հետ: Ոչ մի կապ չունի ողջ համատեքստի հետ: Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ծավալել ու չի խրախուսել վերը նկարագրված գործունեությունները: Ուրեմն, ո՞ւմ մասին է խոսքը: Խոսքը, իմ կարծիքով, այն նույն հայ ֆիդայիների մասին է, որոնց հնարավոր գործողությունները փորձում էր արգելել Կարսի պայմանագիրը»:
Անդրադառնալով արձանագրության նաեւ այլ կետերի՝ Վահան Հովհաննիսյանն ամփոփեց. «Սա խայտառակություն է: Սա ամբողջական նահանջ է սերունդների պայքարից: Սա կոչվում է կապիտուլյացիա:
Սա նշանակում է հրաժարվել մեր ազգային իրավունքներից եւ դառնալ պատմության մեջ առաջին ժողովուրդը, որը մեծահոգաբար ներելով զղջումի բառ անգամ չարտասանած իր դահիճներին՝ ինքն իրեն դեն է նետում պատմության աղբանոցը»:
Արմեն Ռուստամյանի ելույթից
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ելույթում հայտարարեց, թե գնալով ակնհայտ է դառնում, որ արտաքին քաղաքականության համար պատասխանատու մեր այրերն «ավելի ու ավելի են ընկղմվում թուրքա-ադրբեջանական տանդեմի լարած որոգայթի մեջ»: Նրա գնահատմամբ եւս՝ «Մեր ամենալուրջ ձեռքբերումն այս ամենից այն է, որ Թուրքիան բարեհաճում է մեզ հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ ու բացել սահմանը: Այ, երբ փորձում ես խորանալ ու հասկանալ՝ ինչի՞ դիմաց է հանկարծ բարիացել մեր հարեւանը՝ պարզվում են մեր լրջագույն կորուստները: Կորուստներ, որ չափազանց դժվար է լինելու վերականգնել, մինչդեռ՝ Թուրքիան երբ ցանկանա, մի պատճառ կգտնի (իսկ այդպիսի հնարավորություններ շատ կգտնեք այս փաստաթղթերում) եւ կվերականգնի իր զիջածը»:
Ըստ նրա՝ «Այսօր այլեւս ամենակարեւոր հարցն այն է, թե կարո՞ղ ենք ներքին քննարկման համար հատկացված այս 6 շաբաթների ընթացքում չեզոքացնել առկա վտանգներն ու մեր սերունդների համար ականազերծել այս նախաստորագրված փաստաթղթերը»: Արմեն Ռուստամյանն ընդգծեց. «Պատմական այսպիսի բախտորոշ ժամանակահատվածում հայության առջեւ ծառացած սպառնալիքներն ու վտանգներն անհնար է չեզոքացնել առանց համազգային ճակատի ստեղծման: Դաշնակցությունն իր գլխավոր առաքելությունն այսօր տեսնում է հենց սրա մեջ՝ մի կողմ թողնելով նեղ հատվածական կամ կուսակցական որեւէ այլ նպատակ»: Ավելի ուշ հավելեց. «Հենց արտաքին գործերի եւ սփյուռքի նախարարությունները այսօր պետք է հանդիսանան գլխավոր շարժիչ ուժերը այս խնդիրների լուծմանը նպաստող համազգային միասնական ճակատ ձեւավորելու համար»:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը նաեւ տեղեկացրեց, որ առաջիկա օրերին կներկայացնեն իրենց քաղաքական գործունեության հիմնական ուղենիշները՝ «3 մակարդակներով՝ ազգային, սոցիալ-տնտեսական եւ հասարակա-քաղաքական»:
Ի դեպ, նաեւ անդրադարձավ այն հարցադրմանը, թե ինչո՞ւ է ՀՅԴ-ն միայն ԱԳ նախարարի հրաժարականը պահանջում, այլ ոչ՝ ՀՀ նախագահինը, երբ նա է ղեկավարում արտաքին քաղաքականությունը. «Նախ՝ ուզենք, թե չուզենք, գործող նախագահն է այսօր գլխավոր բանակցողը, եւ նրան է վերապահված անմիջական հարաբերություններում պաշտպանել մեր շահերը: Քանի դեռ կա հնարավորություն կանխել վերջնական որեւէ նմանատիպ փաստաթղթի ստորագրումը եւ նպաստել այդ գործի հաջողությանը, այդպիսի պահանջը տրամաբանական չի կարող լինել: Այդպիսի մի իրավիճակ մենք ունեցանք նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպումից առաջ՝ ս.թ. հուլիսի 16-ին, երբ պահանջեցինք Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը: Եվ նույն հարցին հստակ պատասխան է հնչել, մենք սա անում ենք՝ կանխելու մարդրիդյան սկզբունքների հիման վրա հնարավոր փաստաթղթի ընդունումը, եւ եթե դա ստորագրվեց, մենք կպահանջենք նաեւ նախագահի հրաժարականը: Սակայն առավել զավեշտականն այն է, որ նման հարց են բարձրացնում այն ուժերը, որոնք բանակցություններին չխանգարելու եւ այդպիսի մեղադրանքի տակ չհայտնվելու պատճառաբանությամբ որոշեցին տեւական ժամանակով դադարեցնել ցույցերն ու հանրահավաքները, եւ եթե հիշում եք, այդ օրերը համընկան հենց Գյուլի այցելության հետ»:
Հ. Գ. Պետք է նշել, որ հավաքվածները բավական իներտ էին ունկնդրում այս ելույթները: Եվ ոգեւորված ծափեր եւ «այո» բացականչություններ հնչեցին միայն այնժամ, երբ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե կարող են պահանջել նաեւ ՀՀ նախագահի հրաժարականը: