Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պարտադրվող-պարտվողական, հաշտվողական-մուրացող»

Սեպտեմբեր 03,2009 00:00

Մարքսիստական գնահատական՝ ՀՀ արտաքին քաղաքականությանը

«Հայաստանի երրորդ հանրապետության երրորդ նախագահի արտաքին քաղաքականությունը պարտադրվող-պարտվողական, հաշտվողական-մուրացող է: Գաղտնի դիվանագիտություն է, որը ազգային շահերի հետ որեւէ կապ չունի, ավելին, բացարձակապես ոտնահարում է դրանք: Այն ղեկավարվում է անձամբ Հիլարի Քլինթոնի կողմից: Դա մեր նախագահի նախաձեռնությունը չէ, այլ նրան պարտադրվում է դրսից՝ անգլոսաքսոնական պետությունների՝ համաշխարհային ժանդարմ ԱՄՆ-ի եւ Անգլիայի կողմից». սա Հայաստանի թիվ մեկ մարքսիստ Դավիթ Հակոբյանի պատմական գնահատականն է հայ-թուրք-շվեյցարական նախահամաձայնագրին՝ մասնավորապես եւ Սերժ Սարգսյանի իշխանության արտաքին քաղաքականությանը՝ ընդհանրապես: Եվ այստեղ մարքսիստը միանգամայն տեղին է համարում մեջբերել իր գաղափարական հորը՝ Կարլ Մարքսին, ով, ըստ մեր զրուցակցի, լավագույնս է նկարագրել հայ ժողովրդի նկատմամբ իրականացված բոլոր դիվանագիտական հանցագործությունները, որոնք հանգեցրել են ֆիզիկական եւ կենսաբանական ոչնչացման. «Անգլոսաքսոնական պետությունները վերջին երեք դարերի ընթացքում իրենց քաղաքական մանվածքը հայ ժողովրդի արյամբ ներկրողներ են»: Այսօր քննարկման սեղանին դրված նախահամաձայնագրում «սահմանի բացում» արտահայտությունը մարքսիստը համարում է «չափից ավելի պրիմիտիվ, անհեթեթ, ոչինչ չասող»: Նա փաստաթղթից չի հասկացել՝ ի՞նչ աստիճանի եւ ի՞նչ նպատակով է սահմանը բացվում. «Ինչի՞ առաջ է բացվում սահմանը՝ կապիտալի՞, տուրիզմի՞, թե՞ կոմունիկացիոն նպատակներով: Ո՞ր տեսակի սահմանի բացում է նախատեսվում՝ եվրոպակա՞ն՝ շենգենյա՞ն: Այսօր արդեն Հայաստանը դարձել է թուրքական անորակ ապրանքների սպառման շուկա: Եթե հարցը դա է, մենք դրա կարիքը չունենք: Իսկ կոմունիկացիոն առումով՝ կողմնորոշվել մի սահմանի վրա, որը ժամանակի առումով անորոշ է եւ ցանկացած պահի կարող է նորից փակվել, նույնպես ճիշտ չէ: Ուստի՝ դա դատարկ արտահայտություն է»: Ինչ վերաբերում է նախահամաձայնության երկրորդ կետին՝ «Ցեղասպանությունը շահարկող, Ցեղասպանությունը կասկածի տակ առնող, թե՝ ուսումնասիրող՝ ինչպես ուզում եք անվանեք, ամեն մի թուրք-հայկական հանձնաժողովի ստեղծումը նշանակում է գենոցիդի անհիլացիա: Դրա հիմնական նպատակն է կասկածի տակ առնել Ցեղասպանությունը, եւ դա թելադրվում է Արեւմուտքից: Այս հանձնաժողովի ստեղծման համար ստորագրող Հայաստանը եւ նրա պետական այրերը կանգնած են պետական, ազգային դավաճանության շեմին: Նրանք ուղղակի պետական հանցագործություն են կատարում: Փաստորեն, ինչպես նախագահն էր ասում, իրենք Ցեղասպանության ճանաչողականությունն օգտագործում են որպես կանխարգելիչ միջոց՝ այլ ազգերի հնարավոր գենոցիդների պրոֆիլակտիկայի առումով եւ ոչ թե նյութական ու տարածքային պահանջատիրության առումով: Ահա թե ինչու՝ հաշտվողական-պարտվողական-մուրացող: Փաստորեն, մենք հաշտվում ենք 1921 թվականի՝ Հայաստանը մասնատող երեք անեքսիոն պայմանագրերի հետ. ճանաչում ենք Կարսի, Նախիջեւանի պայմանագրերը եւ հուլիսի 5-ի որոշումը, որոնք դե ֆակտո մեր կողմից դենաստացիայի են ենթարկվել ազգային-ազատագրական պայքարում մարտահրավերն ընդունելով եւ նախահարձակ կողմին պարտության ենթարկելով: Մնում է դե յուրե հաստատել, բայց այսօր համաձայնելով նման փաստաթղթի հետ՝ վերջնականապես հրաժարվում ենք տարածքային եւ նյութական կոնտրիբուցիայից»,- ասում է Դավիթ Հակոբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել