Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՐԱԽԱՑԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԿԱՆ, ԻՍԿ ՌՈՒՍՆԵ՞Ր

Սեպտեմբեր 03,2009 00:00

Պարզվեց՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարով Ադրբեջանում էլ ուրախացողներ կան: Նրանցից մեկը «Առավոտի» զրուցակից, «Ճգնաժամային իրավիճակների հետազոտությունների կենտրոնի» ղեկավար, ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն է:

– Օգոստոսի 31-ին հրապարակվեց հայ-թուրքական համատեղ երկրորդ հայտարարությունը, որը նախատեսում է արդեն համաձայնեցված արձանագրությունների համաձայն՝ ֆիքսված ժամկետներում բացել սահմաններն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը:

– Ես Ադրբեջանում այն քչերից մեկն եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական եմ գնահատում: Որքան շատ հարաբերվեն հայ եւ թուրք ժողովուրդները, այնքան հայերի մոտ կվերանա վախը թուրքերի եւ Թուրքիայի նկատմամբ, ինչին նպաստում են այն ուժերը, որոնց դա պետք է: Իսկ այդ հարաբերությունների կարգավորումը ընդհանուր առմամբ կամրապնդի տարածաշրջանի կայունությունն ու զարգացումը եւ վերջնական արդյունքում դրական ազդեցություն կունենա նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա:

– Որքան հայտնի է, Ադրբեջանում հակառակ տեսակետն է գերակշռում: Դուք ինչպե՞ս եք դա պատկերացնում:

– Շատ սովորական: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայ-ադրբեջանական հակամարտության գլխավոր սպոնսորը, ոգեշնչողն ու կազմակերպիչը Ռուսաստանն է, որն այդ հակամարտության ընթացքում հաջորդականորեն աջակցել է մեկ՝ Հայաստանին, մեկ՝ Ադրբեջանին, այն ուժերին, որոնք երկու ժողովուրդներին հրահրեցին պատերազմի: Նրանք (նկատի ունի Ռուսաստանը- Ն. Մ.) հիմա էլ շահագրգռված են ղարաբաղյան հակամարտությամբ եւ Հայաստանում աջակցում են այն ուժերին, որոնք հանդես են գալիս հակամարտության փոխզիջումային լուծման դեմ, նրանք փորձում են պահպանել խաղաղության մշտական գործընթացի գլխավոր մեկենասի իրենց իրավունքը: Ռուսաստանի այդպիսի կեցվածքի, վերաբերմունքի ռեսուրսներից մեկն էլ Թուրքիայի նկատմամբ հայ ժողովրդի վախն է: Կարծում եմ, երբ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, լինի երկկողմ համագործակցություն, ի հայտ գան փոխվստահության տարրեր, ամենահզոր ռեսուրսներից մեկը, որով Ռուսաստանը ազդում է Հայաստանի հասարակության վրա, ի չիք կդառնա:

– Ուզում եք ասել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետեւանքով կթուլանա՞ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի, մեր տարածաշրջանի վրա, եւ դրա արդյունքում հայ-ադրբեջանական հարաբերությունները կլավանա՞ն:

– Անպայմանորեն: 1990-ականներին ԱՄՆ-ի ազդեցությունը մեր տարածաշրջանում զրո էր, Ռուսաստանինը՝ 100 տոկոս: Հիմա ԱՄՆ-ի ազդեցությունը ավելի ուժեղ է, քան Ռուսաստանինը: Ռուսաստանի ազդեցությունը հիմա խարսխված է ոչ թե տնտեսական ներուժի, այսպես կոչված՝ «մեղմ ուժի» (soft power) վրա, այլ հենց հակամարտությունների հրահրման եւ դրանց նկատմամբ ազդեցության վրա՝ Աբխազիայում, Հարավային Օսեթիայում, Լեռնային Ղարաբաղում, նաեւ կովկասյան հանրապետություններում քրեածին տարրերի հետ սերտ կապերի վրա: Ես հիմա ավելի քան վստահ եմ, որ եթե Թուրքիան քայլ առ քայլ սերտացնի իր հարաբերությունները Հայաստանի հետ, դա բարերար ազդեցություն կունենա Հայաստանի, այդ թվում՝ նաեւ նրա տնտեսության վրա. կավելանա այն հայերի, այն գործարարների թիվը, որոնք միտված են Թուրքիայի հետ համագործակցությանը, ու կնվազի Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցությունը, որը նախկինի պես այլեւս չի կարող խաղալ Թուրքիայի նկատմամբ հայ ժողովրդի վախի եւ թշնամանքի, հայ-ադրբեջանական հակամարտության վրա:

– Արդյոք ձեր դիտարկումներով կարելի՞ է բացատրել այն փաստը, որ ՌԴ իշխանությունները մինչ օրս որեւէ կերպ չեն արձագանքել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումներին:

– Ռուսաստանը միշտ փորձում է առերեւույթ ցույց տալ, թե խաղաղության, կայունության, լարվածության լիցքաթափման, համագործակցության կողմնակից է, բայց իրականում միշտ էլ խանդով է վերաբերվել նման երեւույթներին, նրանք դա չեն ցանկացել:

– Համատեղ հայտարարության մեջ վեցշաբաթյա ժամկետ է սահմանված հարաբերությունների հաստատման համար: Նշանակո՞ւմ է արդյոք, որ այդ ժամանակահատվածում կակտիվանան նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված գործընթացները:

– Ես հույս ունեմ, որ այդպես կլինի, որովհետեւ կարծում եմ՝ ղարաբաղյան հակամարտությունը ողբերգություն է ե՛ւ ադրբեջանցի, ե՛ւ հայ ժողովուրդների համար:

– Դուք հիմա հույս եք հայտնում, բայց խոսքը գործնական քայլերի մասին է:

– Բնականաբար, կլինեն մարդիկ, ում բարեկեցությունը պայմանավորված է առկա հակամարտություններով: Հայաստանում էլ կգտնվեն ուժեր, որոնք ամեն կերպ կփորձեն կանխել հիմնախնդրի լուծումը: Բայց քաղաքական գործչի գործն էլ հենց այն է, որ կարողանա չեզոքացնել այդ երեւույթները:

– Սկզբում ասացիք, թե դուք քչերից մեկն եք, որ ողջունում եք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Իսկ Ադրբեջանում ընդհանուր տրամադրվածությունն այս խնդրի առնչությամբ ինչպիսի՞ն է։

– Ադրբեջանում մարդիկ հիմնականում վատ են տեղեկացված, քանի որ ադրբեջանական հեռուստաընկերությունները գտնվում են իշխանությունների լիակատար վերահսկողության տակ: Ուստի՝ իշխանություններն ինչպես մատուցում են այս կամ այն երեւույթը, մարդիկ այդպես էլ ընկալում են: Անցյալ անգամ, երբ հայ-թուրքական հարաբերությունները ինչ-որ ճեղքման շեմին էին, Ադրբեջանում իշխանությունները դա անընդունելի համարեցին, որակեցին որպես Ադրբեջանին վնասող քայլեր, հիստերիա բարձրացավ, Թուրքիային մեղադրեցին դավաճանության մեջ, բողոքի ցույցեր, հրապարակումների շարքեր եղան եւ այլն: Այս անգամ առայժմ իրավիճակն այդպիսին չէ: Եթե Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի հետ պայմանավորվել են, եւ թուրքերն էլ նրանց պարզաբանել են, թե բանն ինչումն է, կարծում եմ՝ ինչ-որ դեմարշի կամ արշավ սկսելու հրահանգ չի էլ լինի: Իսկ այն վերլուծաբանները, քաղաքական այն ուժերը, որոնք անհանդուրժող են հայերի եւ այն ամենի նկատմամբ, ինչ կապված է հայերի հետ՝ Ադրբեջանի հասարակության մեջ մթնոլորտ չեն ստեղծում, նրանց թիվն այլեւս որակական չէ, եւ նրանք Ադրբեջանում առաջատար ուժեր չեն համարվում, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում «դաշնակները»: Հասարակությունը խելոքացել է, նա խաղաղություն է ուզում, իհարկե, ո՛չ թե ցանկացած, այլ փոխադարձաբար շահավետ եւ փոխադարձաբար ընդունելի փոխզիջումների գնով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել