Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՏՎԵՑ ԻՐ ԱՐԴՅՈՒՆՔԸ»

Սեպտեմբեր 03,2009 00:00

\"\"Վստահ է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը

– Տպավորություն կա, որ հայ-թուրքական վերջին փաստաթղթերի հրապարակումն անսպասելի էր: Կա՞ երաշխիք, որ ինչ-որ պահի մեր հասարակությանը փաստի առաջ չեն կանգնեցնի նաեւ Ղարաբաղի հարցում. ասեն՝ սա՛ է, արդեն ստորագրել ենք, ընդունեք որպես ղարաբաղյան հարցի կարգավորման վերջնական տարբերակ:

– Նախ, այդ փաստաթղթերում Ղարաբաղի մասին խոսք չկա, եւ հետո՝ որպեսզի պատկերն ամբողջական լինի, եկեք խոսենք այն փաստի մասին, որ հայկական դիվանագիտությունը, նախագահի անձնական հստակ դիրքորոշումը տվեց իր արդյունքը: Արդեն մեկ տարուց ավելի՝ շեշտվում է, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման, եւ ոչ Ղարաբաղի, ոչ էլ Ցեղասպանության հարցը չի կարելի դիտարկել որպես բանակցությունների նախապայման: BBC-ին տված հարցազրույցում նախագահը հստակ հայտարարեց, որ Ցեղասպանության հարցում որեւէ փոխզիջման մասին խոսք չի կարող գնալ: Եվ սա, ինչու չընդունել, վկայում է հայկական դիվանագիտության հաջողության մասին: Նկատի ունեցեք, որ անկախ Հայաստանի բոլոր վարչակարգերի կողմից էլ ցանկություն եղել է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, եւ ի վերջո՝ թե առաջին եւ թե երկրորդ նախագահների ժամանակ միշտ էլ խոսվել է այն մասին, որ մեր երկիրն առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների կողմնակից է: Եվ միայն ներկայիս նախագահի օրոք այս հարցում կտրուկ շրջադարձային փոփոխություն տեղի ունեցավ, եւ հայկական կողմը փաստորեն ստիպեց թուրքական կողմին՝ վերադառնալ պայմանավորվածությունների դաշտ եւ այլեւս չխոսել մեզ հետ նախապայմանների լեզվով:

– Մամուլում արդեն լուրջ մտահոգություններ են արտահայտվել, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը, այնուամենայնիվ, պայմանավորված է Ղարաբաղի բանակցություններով:

– Կրկնեմ, հրապարակված փաստաթղթում որեւէ խոսք չկա ԼՂՀ-ի հարցի նախապայման լինելու մասին: Եվ մենք այստեղ եւս արձանագրում ենք մեր դիվանագիտության հաղթանակը: Հիշեք, որ ամիսներ առաջ թե արտգործնախարար Դավութօղլուն եւ թե վարչապետ Էրդողանը խոսում էին այն մասին, որ առանց ԼՂ հարցի լուծման կամ առաջընթացի թուրքական սահմանը չի կարող բացվել: Այսօր մենք տեսանք, որ նման բան չկա: Եվ սա էլ առիթ տվեց, որ ադրբեջանական կողմը շատ կոշտ հայտարարություններ անի Թուրքիայի հասցեին:

– Դուք անընդհատ խոսում եք նախապայմանների բացակայության մասին, սակայն մեջբերեմ Դաշնակցության տարածած հայտարարությունից մի հատված. «Այժմ արդեն ակնհայտ է, որ հրապարակված փաստաթուղթը բովանդակում է թուրքական կողմի հայտնի նախապայմանները, այն է՝ Հայոց ցեղասպանության հարցը կասկածի ենթարկել եւ հայ ժողովրդի անժամանցելի իրավունքները ի չիք դարձնել»: Նաեւ կոչ են անում համայն հայությանը՝ ճիշտ գնահատել հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը՝ հնարավոր բացասական արդյունքը բացառելու համար:

– Մենք չենք կիսում Դաշնակցության մտահոգությունները, որովհետեւ մտահոգվելու որեւէ առիթ չկա: Ցեղասպանության հարցը նախապայման լինել երբեք չի կարող, եւ այդ մասին ոչ մեկ անգամ խոսել է Սերժ Սարգսյանը:

– Բլեյանը, որը տարիներ շարունակ հայտնի է իբրեւ հայ-թուրքական հաշտեցման կողմնակից, երեկ հայտարարեց. «Որպեսզի իբրեւ հասարակություն ես ներգրավվեմ այս գործընթացին, ես պիտի տեսնեմ, որ իմ երկրում քաղբանտարկյալներ չկան, քաղաքական հալածյալներ չկան, որ քաղաքական հայացքների պարտադրանքով վտարանդիներ չկան: Դա հենց ցուցանիշ կլինի՝ լո՞ւրջ են իշխանությունների տրամադրությունները, թե՞ Ալեքսանդր Արզումանյանի կանխատեսումներն են ճիշտ»: Իսկ վերջինս ասել էր, թե Սերժ Սարգսյանը փորձում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները՝ իշխանությունը պահելու համար:

– Մենք ձգտում ենք զարգացնել ժողովրդավարական արժեքները, եւ դրանում անելիք ունի ոչ միայն իշխանությունը, այլեւ ընդդիմությունը: Ես հասկանում եմ, որ ընդդիմությունը պետք է քննադատի, սակայն հասկանում եմ նաեւ, որ ընդդիմությունն այսօր գտնվում է շատ անհարմար վիճակում, որովհետեւ իրենց համար եւս ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը եւ մեր պետությունը վարում են ճիշտ արտաքին քաղաքականություն: Իրենք տեսան, որ մեր դիվանագիտությունը հաջողություններ է գրանցել, եւ այս փուլում մենք տեսնում ենք, որ նախագահ Սարգսյանի հստակ, ճիշտ, ճկուն քաղաքականության արդյունքում մենք ունեցանք հաջողություն, եւ աշխարհի բոլոր հզոր պետությունները ողջունեցին այս քայլը: Գոնե մեկ անգամ ընդդիմությունը պետք է նայի ճշմարտության աչքերին եւ ընդունի, որ այս փուլում մենք հաջողություն ունենք, եւ սա մեր ողջ հասարակության հաջողությունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել