Սեպտեմբերի 1-ի նախաշեմին ՀՀ-ում ՌԴ դեսպանության աջակցությամբ «Սլավոնական տուն» հասարակական կազմակերպությունը ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության մասնակցությամբ կազմակերպեց թվով 13-րդ ակցիան՝ «Առաջին անգամ՝ առաջին դասարան», որը տեղի ունեցավ Երեւանի թիվ 16 մանկապարտեզի տարածքում: Հայ-Ռուսական համալսարանի ուսանողները, Հրազդան քաղաքի Ռուսական երգի թատրոնի եւ «Gold star» պարային խմբի սաները Երեւանի 150 առաջին դասարանցիների համար զվարճալի համարներով, նվերներով եւ մրցանակներով իսկական տոն կազմակերպեցին: 15 երեխաների համար նախօրոք պատրաստվել էին դասագրքեր, տետրեր, գրենական պիտույքներ եւ դպրոցական պայուսակներ:
Արաբկիրի թաղապետարանը նույնպես 6 առաջին դասարանցիների, որոնք բնակվում են այդ համայնքում, տրամադրեց պայուսակներ: Միջոցառմանը մասնակցեցին նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ՝ երկրորդ քարտուղար Սերգեյ Տելյատնիկովը եւ ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության ղեկավար Վլադիմիր Զյուրյուկինը: