Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՐԿԱԽԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԱԼԻՔ»՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Սեպտեմբեր 02,2009 00:00

\"\"«Կգրկեմ անվճար» շարժումը գրկեց հանուն ժպիտների

«Կգրկեմ անվճար», «Գրկվե՞նք», «Գրկում եմ», «Free hugs»…

Երեկ այս գրառումներով պաստառներով Երեւանի փողոցներով շրջում էին մի խումբ երիտասարդներ եւ գրկում իրենց հանդիպած անցորդներին՝ տատիկների, պապիկների, սիրահար զույգերի եւ փոքրիկների:

Իսկ գաղափարի հեղինակները երկու երիտասարդ են՝ Սամվել Ազատյանն ու Տաթեւ Ավագյանը:

Ինչպես նշեց Սամվել Ազատյանը, «Կգրկեմ անվճարը» բարի կամքի ակցիա է. «Սա մի շարժում է, որ ամբողջ աշխարհում նշվում է մեծ շուքով: Այն ունի իրական մի պատմություն. դեռեւս 2004 թ. Ավստրալիայում մի տղա իջնում է օդանավից եւ պարզում, որ իրեն օդանավակայանում դիմավորող չկա: Այդ փաստն իրեն շատ է տխրեցնում: Իսկ շուրջբոլորը միմյանց գրկախառնվում են, դիմավորում: Տեսնելով ուրիշներին, տղայի մեջ մեծ ցանկություն է առաջանում այդ պահին ինչ-որ մեկին գրկելու: Վերցնում է սովորական պաստառ, գրիչով գրում՝ «Free hugs», այսինքն՝ կգրկեմ անվճար, եւ այդպես շրջում օդանավակայանով ու գրկում բոլորին: Այսպես առաջանում է «Free Hugs» կամ «Կգրկեմ անվճար» շարժումը»:

Ըստ կազմակերպիչների, Երեւանում նման ակցիա իրականացնելու գաղափարը ե՛ւ Սամվելինն է, ե՛ւ Տաթեւինը:

«Մեզ համար սա հիանալի հնարավորություն է՝ Երեւանին եւ երեւանցիներին նվիրել անսահման ժպիտներ, հաճելի պահեր: Սրա տակ ոչինչ թաքնված չէ, ոչ մի շահ չունենք, ուղղակի որոշեցինք եւ իրականացրինք: Բացի այդ, մեր այս քայլով ուզում ենք ապացուցել մարդկությանը, որ եթե ինչ-որ մեկը այսպիսի միտք ունի՝ պարտադիր չէ, որ լինի «Free hugs» կամ նմանատիպ շարժում, չպետք է զսպել ցանկությունները: Սա երիտասարդական ակցիա չէ: Եթե փողոցով քայլում ես եւ ուզում ինչ-որ մեկին ժպտալ կամ գրկել, պետք չէ ամաչել այդ ցանկության համար, իրականացրու այն, եւ կարեւոր չէ, թե դու քանի տարեկան ես՝ տարեց ես, երիտասարդ, թե փոքրիկ»,- ասաց Սամվելը: Ինչպես նշեց Տաթեւը, մարդկանց գրկելուց առաջ ակցիայի մասնակիցները գրկախառնվելու թույլտվություն են խնդրել. «Այսօր շատ ժպտացինք, ինչն էլ մեր այսօրվա առաքելությունն էր: Համոզված եմ, որ երեւանցիները, հատկապես նրանք, ում գրկել ենք՝ այս օրը կհիշեն: Երեւանում նման ակցիա իրականացվում է առաջին անգամ: Մի քանի անգամ ընկերական շրջապատով փորձել ենք իրականացնել, մի քանի հոգով, բայց այսպես՝ մեծմասշտաբային՝ առաջին անգամ է լինում: Դրա համար ոչ մի նախատեսված օր չկա, տարին մեկ անգամ չէ: Սա բարի կամքի ակցիա է, որը հնարավոր է իրականացնել առանց որեւիցե ֆինանսական աջակցության, կազմակերպչական խնդիրների եւ այլնի»:

Ակցիային մասնակցում էին տարբեր տարիքի ավելի քան 50 երիտասարդ աղջիկներ եւ տղաներ: «Այս մեր համարձակ քայլին զարմանալիորեն մեծ քանակով երիտասարդներ ցանկություն հայտնեցին մասնակցելու: Երիտասարդներին համախմբել ենք տարբեր ինտերնետային կայքերից: Գովազդ չենք արել, գովազդի կարիք չունենք, ոչ էլ նպատակ՝ մեր այս շարժումով ինչ-որ մեկի ուշադրությունը գրավելու»,- հավելեց Սամվելը:

Հարցին, թե ինչպե՞ս էին իրենց ընդունում հանդիպող եւ գրկախառնվող մարդիկ, նա ասաց. «Ամբողջ ընթացքում, ինչ քայլել ենք փողոցներով, ոչ մի միջադեպ չեղավ: Ամեն ինչ նորմալ էր: Մարդկանց մեծ մասն ասում էր, որ շատ լավ միտք է: Շատերը մեծ հաճույքով էին համաձայնում գրկախառնվել, քանի որ շատերի համար եւ զարմանալի էր, եւ հաճելի»:

Նշենք, որ «Free հugs»-ի երիտասարդները Հանրապետության հրապարակով քայլեցին մինչեւ Սիրահարների այգի:

«Տպավորություններս մեծ են, տրամադրությունս՝ բարձր. Երեւանին իրոք անհրաժեշտ են նման բարի ակցիաներ՝ գոնե տարին մեկ անգամ: Քանի որ մարդիկ վերջերս շատ են նեգատիվ դարձել, մարդկանց հնարավորություն է պետք միմյանց նկատմամբ բարին դրսեւորելու: Մի տեսակ բոլորը սառն են, դեմքի տհաճ արտահայտություններով, տխուր: Մենք երիտասարդներով փորձում ենք մի քանի վայրկյան հետաքրքիր պահեր պարգեւել նրանց»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից Հրաչը:

Մեկ այլ մասնակից՝ Մարինան էլ նշեց. «Սպասվածից ավելին էր: Թվում էր՝ նամռոթ դեմքերով կընդունեին, կդժգոհեին եւ կծիծաղեին մեզ վրա: Բայց պարզվում է, բոլորն էլ ասես սպասում էին դրան: Հայերի համար սա խորթ ակցիա է, գուցե շատերին տարօրինակ թվացող, բայց հավատացեք, որ նման միջոցառումների պակասը մեր ժողովրդի մեջ զգացվում է: Այն ստիպում է մի պահ մոռանալ ամեն տեսակի հոգս եւ ապրել այդ պահով եւ, որ ամենակարեւորն է՝ ժպտալ»:

72-ամյա Գեղամ պապը, ում արդեն գրկել էին ակցիայի մասնակիցները, մեզ հետ զրույցում ասաց. «Շատ գեղեցիկ էր: Մի պահ ինձ թվաց թոռնիներիս ընկերներից են: Բայց զարմացա, երբ իմացա, որ անծանոթ երիտասարդներ են: Բավական հաճելի էր: Ասես երեւանցիները նորից դառնում են այն հին ու բարի ավանդույթին՝ ժպտադեմ, բարի կամեցող»:

Վարդան եւ Անուշ սիրահար զույգն էլ գրկախառնվեց ակցիայի մասնակիցների հետ: Ըստ նրանց, այն մարդուն ստիպում է ուղղակի ժպտալ: «Խորթ էր, բայց հաճելի: Մեջը սեր կար եւ ցանկություն՝ կյանքը լավ տեսնելու»,- ասաց Անուշը: Վարդանն էլ հավելեց. «Այս տեսակ քայլով ասես ոտնահարում ենք չարը, նախանձը եւ դրանց հետեւորդներին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել