Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդալի հույսով

Սեպտեմբեր 02,2009 00:00

Երեկ Միլանի «Մեդիոլանում Ֆորում» մարզապալատում մեկնարկեց սիրողական բռնցքամարտի աշխարհի մեծահասակների 15-րդ առաջնությունը

Լուսաբանելու համար հավատարմագրված զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Իտալիայում մինչեւ աշխարհի առաջնության մեկնարկը մասնակցության ռեկորդներ են արձանագրվել: Մասնավորապես, ոսկե մեդալի համար բոլոր քաշային կարգերում պայքարի մեջ ներգրավվել են աշխարհի 113 երկրների ավելի քան 700 բռնցքամարտիկներ: Համեմատության համար ասենք, որ Պեկինի օլիմպիական խաղերից առաջ Չիկագոյում անցկացված նմանատիպ մրցաշարին մասնակցել է հարյուր երկրի մոտ վեց հարյուր բռնցքամարտիկ:

Աշխարհի առաջնության պաշտոնական կայքում արդեն կան վիճակահանությամբ նախնական մենամարտերում մեր հանրապետության ներկայացուցիչների մրցակիցների անունները եւ նրանց մասնակցությամբ մարտերի օրերը: Ըստ այդ կայքի, երեկ աշխարհի առաջնության ռինգ պետք է մտնեին 51 կգ քաշային Դերենիկ Գիժլարյանը, որի մրցակիցը լինելու էր Ազատ Ուսենալիեւը (Ղրղըզստան) եւ 64 կգ քաշային Էդուարդ Համբարձումյանը, որը մենամարտելու էր Արայա Քիրոս Ֆրեյզերի հետ:

Մեր հանրապետությունից առաջինը ռինգ մտած Դերենիկ Գիժլարյանը միավորների 11:9 տարբերությամբ նախնական մենամարտում առավելության հասավ ղրղըզստանցու նկատմամբ եւ մտավ 1/16 եզրափակիչ, որտեղ սեպտեմբերի 4-ին ուժերը չափելու է Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայի ազգանվամբ եզդի Միշա Ալոյանի հետ: Վերջինս ծնվել է Հայաստանում, սակայն ժամանակին ծնողների հետ տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն:

Կրկին միավորների, բայց ավելի համոզիչ, տարբերությամբ հաղթանակ տոնեց մեր երկրորդ բռնցքամարտիկը՝ Էդուարդ Համբարձումյանը, որին անձնատուր եղավ կոստառիկացի Կիրուս Արայա Ֆրեյզերը:

Այսօր Միլանի ռինգ են մտնելու Հայաստանի ժամանակակից բռնցքամարտի հարվածային երկու ուժերը՝ Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 60 կգ քաշային Հրաչիկ Ջավախյանը եւ աշխարհի գավաթակիր, 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը: Նրանք, համապատասխանաբար, պայքարելու են բուլղարացի Սիմեոն Բունարաժիչի եւ իրաքցի Աբդուլռիդա Վահիդի հետ: Ռինգ կմտնի նաեւ Գառնիկ Հարությունյանը (54 կգ քաշային կարգ), որը մեր ունեցած տեղեկություններով՝ աշխարհի առաջնություն մեկնել է անձնական միջոցներով՝ համալրելով այդ քաշային կարգում հավաքականի թափուր տեղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել